Աբու Դաբիում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը, որի 141 մասնակիցների թվում էին Հայաստանի 5 ներկայացուցիչներ: Նրանք բավական հաջող հանդես եկան: Աշոտ Անաստասյանը, Զավեն Անդրեասյանն ու Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր: Ավարտական տուրից առաջ մրցաշարի հաղթող դառնալու լավ հնարավորություններ էր պահպանում Աշոտ Անաստասյանը, սակայն 9-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Յուրի Դրոզդովսկու հետ: Իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրովը, որը, պարտության մատնելով մրցաշարի միանձնյա առաջատար Ալեքսանդր Ռահմանովին, շրջանցեց նրան` վաստակելով 7,5 միավոր:
Վերջին տուրերում վստահ խաղով աչքի ընկավ Հրանտ Մելքումյանը: Նա Դմիտրի Բոչարովի նկատմամբ տոնած հաղթանակով ավարտեց մրցաշարը: Զավեն Անդրեասյանը եւս հաղթեց` պարտության մատնելով Հրայր Սիմոնյանին: Վերջինս 6 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը: Լրացուցիչ գործակիցները հաշվի առնելովՙ Աշոտ Անաստասյանը գրավեց 3-րդ տեղը, որին հաջորդեց Զավեն Անդրեասյանը, իսկ Հրանտ Մելքումյանը հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: Լիլիթ Գալոյանը, ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Զուրաբ Ստուրուայի հետ, 6 միավորով զբաղեցրեց 23-րդ տեղը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ