«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2009-08-20 | #148, 2009-08-21 | #149, 2009-08-22


ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՁԵՌՆԱՐԿԱԾ ԳՐՈՀԸ ԹԻՄԻՆ ՓՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Կայացան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի առաջին հանդիպումները: Պատասխան խաղերից հետո հայտնի կդառնան այն երջանիկ թիմերը, որոնց բախտ կվիճակվի հանդես գալու խմբային մրցաշարում:

Հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում առաջին հերթին Դոնեցկի «Մետալուրգի» ելույթն էր, որի կազմում հաջող է խաղում Հենրիխ Մխիթարյանը: Նա Եվրոպայի լիգայի նախորդ 4 հանդիպումներում «Մետալուրգի» կազմում արդեն 3 գոլ է խփել: 4-րդ փուլում «Մետալուրգը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր ավստրիական «Աուստրիային»: Այս անգամ Մխիթարյանին չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ, իսկ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (2-2):

Առաջին խաղակեսում մրցակիցները մեկական գնդակ փոխանակեցին: Ընդմիջումից հետո ավստրիացիները 2-րդ գոլը խփեցին եւ շատ մոտ էին հաղթանակին: Սակայն դաշտի տերերին հաջողվեց ավելացված ժամանակի 2-րդ րոպեին փրկել խաղը: Մխիթարյանը սկսեց թիմի այն գրոհը, որը դիպուկ հարվածով եզրափակեց Վելիզար Դիմիտրովը: Հաջորդ փուլ մտնելու համար այժմ «Մետալուրգին» հարկ կլինի պատասխան խաղում հաղթել մրցակցին, ինչն այնքան էլ հեշտ խնդիր չէ, մանավանդ, որ ծանր վնասվածք է ստացել ուկրաինական ակումբի առաջատար խաղացողներից մեկըՙ Մգունին: Այժմ «Մետալուրգը» շտապ կերպով նոր հարձակվող է փնտրում: Նշենք, որ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Արարատ Առաքելյանը թեեւ հայտավորված էր, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս ջախջախեց թուրքական «Սիվասպորին» եւ գործնականում ապահովեց խմբային մրցաշարի ուղեգիրը: Ուկրաինական մյուս ակումբըՙ Խարկովի «Մետալիստը» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1-1) խաղաց ավստրիական «Շտուրմի» հետ: Իսկ ահա «Վորսկլան» Լիսաբոնում 0-4 հաշվով զիջեց «Բենֆիկային»:

Հաջող չէր ռուսական թիմերի ելույթը: Միայն Մոսկվայի «Դինամոյին» հաջողվեց խուսափել պարտությունիցՙ Սոֆիայում ոչ-ոքի (0-0) ավարտելով հանդիպումը տեղի ԲԿՄԱ-ի հետ: «Զենիթը» Պորտուգալիայում 3-4 հաշվով զիջեց «Նասյոնալին», իսկ «Ամկարը» Անգլիայում պարտվեց «Ֆուլհեմին» (1-3): Ղազախական «Ակտոբեն» հյուրընկալվելիս 3 գնդակ խփեց գերմանական «Վերդերի» դարպասը, սակայն սեփականն ընդունեց 6-ը:

Անհաջող էր նաեւ ԲԱՏԷ-ի ելույթը, որը սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց բուլղարական «Լիտեքսին»: Խաղավերջում ԲԱՏԷ-ի կազմում խաղադաշտ մտավ Հովհաննես Գոհարյանը: Էստոնական «Լեւադիան» «Գալաթասարայի» հետ արտագնա խաղում 5 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: Անհաջողության մատնվեցին նաեւ Ադրբեջանի երկու ներկայացուցիչներըՙ «Բաքուն» ու «Ղարաբաղը», որոնք միեւնույնՙ 1-3 հաշվով, պարտվեցին համապատասխանաբար «Բազելին» ու «Տվենտեին»: Ընդ որում, «Բաքուն» խաղում էր սեփական հարկի տակ: «Փյունիկի» նախկին մրցակիցըՙ Զագրեբի «Դինամոն» սեփական հարկի տակ պարտության մատնեց շոտլանդական «Հարթսին» (4-0):

Բուխարեստում տեղի «Դինամոյի» եւ չեխական «Սլովանի» հանդիպումը մնաց անավարտ: Հյուրերը խաղը շահում էին 2-0 հաշվով, երբ խաղավարտից 2 րոպե առաջ իրենց թիմի գործողություններից դժգոհ ռումինացի ֆուտբոլասերները ներխուժեցին խաղադաշտ: Ավստրիացի մրցավար Այնվալերը ստիպված էր դադարեցնել հանդիպումը: Այժմ ռումինական ակումբին ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցներ են սպասում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4