Ֆուտզալի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի 2-րդ խաղում ՀՀ չեմպիոն «Էրեբունին» ոչ-ոքի (3-3) ավարտեց հանդիպումը իսրայելական ԱՍԱ թիմի հետ: Խաղը շատ անհաջող սկսվեց մեր թիմի համար: Արդեն 4-րդ րոպեին իսրայելցիները խաղը շահում էին 2-0 հաշվով Գոլդբերգի խփած երկու գոլերի շնորհիվ: Բայց մինչեւ ընդմիջում Արամ Քոսայանը եւ Հակոբ Ուզունյանը վերականգնեցին հավասարակշռությունը: Ընդմիջումից հետո Զիսմանը կրկին առաջ մղեց իսրայելցիներին, սակայն պատասխան գրոհի ժամանակ Արմեն Գյուլամբարյանը հավասարեցրեց հաշիվը:
Խմբի մյուս խաղում ավստրիական «Օլ Սթարզը» 5-4 հաշվով պարտության մատնեց իսլանդական «Հվյոտին»: Ավարտական տուրից առաջ «Էրեբունին» եւ ԱՍԱ-ն վաստակել են 4-ական միավոր, 3 միավոր ունի «Օլ Սթարզը»: Վերջին խաղում «Էրեբունին» մրցելու է հետնապահ «Հվյոտի» հետ: Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար հարկավոր է խմբում զբաղեցնել 1-ին տեղը: Առայժմ աղյուսակը գլխավորում է ԱՍԱ-ն, որի խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունը 2-ով գերազանցում է «Էրեբունուն»: Այնպես որ ուղեգրի նվաճման համար հարկ կլինի «Հվյոտին» հաղթել հնարավորինս խոշոր հաշվով, եթե իհարկե ԱՍԱ-ն պարտության մատնի «Օլ Սթարզին»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ