Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը ամփոփեց անցած 6 ամիսների հանցավորության վիճակը եւ դրա դեմ ոստիկանության ստորաբաժանումների տարած պայքարի աշխատանքները: Ոստիկանապետը նշեց, որ համակարգի բոլոր ուղղություններով աշխատող ստորաբաժանումներում վեց ամսվա կտրվածքով արձանագրվել են շոշափելի արդյունքներ` 10 տոկոսով աճ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու պարագայում: Հանրապետությունում գրանցվել է 6849 դեպք (2008-ին եղել է 3998), որը 71,3 տոկոսով կամ 2851 դեպքով աճել է: , Ոստիկանապետը նշեց, որ հանցագործությունների թվաքանակի շեշտակի աճը պայմանավորված է նաեւ տուժողի բողոքի բացակայությամբ, ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 183 հոդվածով կարճված գործերի կամ մերժված նյութերի հաշվառման հանգամանքով (1324 դեպք) եւ նաեւ 2091 դեպք, որ կատարվել է նախկինում, սակայն հայտնաբերվել ու հաշվառվել է 1-ին կիսամյակում: Հանցավորության մակարդակը բարձր է Երեւանում` 316 դեպք, Լոռիում` 299, Արարատում` 137, Գեղարքունիքում` 136, Արագածոտնում` 134, Շիրակում` 133: Անդրադառնալով թմրամիջոցների հետ կապված հանցագործություններինՙ պրն Սարգսյանը նշեց, որ հայտնաբերվել է 539 դեպք նախորդ տարվա 383-ի դիմաց, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իրացման դեպքերի բացահայտումը աճել է 2,4 տոկոսով:
«Ազգի» այն հարցին, թե թրաֆիկինգի դեմ ուժեղացվո՞ւմ է պայքարը, պրն Սարգսյանը նշեց. «Ոստիկանության աչալուրջ ու խիստ տարվող աշխատանքի արդյունքում Հայաստանը ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի ցուցակում տեղափոխվել է 2-րդ խումբ: Իսկ ՀՀ ոստիկանությանը ԱՄՆ-ի կառավարությունը նվիրաբերել է համակագիչներ, տեխնիկա»:
Տնտեսական հանցագործությունների բացահայտման թիվը գրեթե կրկնակի է եղել նախորդ տարվա համեմատ:
ՀՀ ոստիկանության աշխատանքը ՀՀ նախագահը գնահատել է բավարար, նշեց ոստիկանապետը ու պնդեց. «Քանի որ հանրապետությունում կա գոնե մեկ չբացահայտված հանցագործության դեպք, ոստիկանության աշխատանքը լավ կամ գերազանց համարել չի կարելի»:
Լրագրողներին հուզող աղմկահարույց սպանություններին պատասխանելով, պրն Սարգսյանը խոստացավՙ 1-2 օրից երեք սպանության դեպքերի ավարտի մասին կտեղեկացվի: Այս պահին դեռ կա 12 սպանության գործ, որոնք բացահայտման վերջին փուլում են գտնվում:
Փոխոստիկանապետ Մհերյանի սպանության հետ կապված կրկին նշեց, որ մոտ օրերս նախաքննությունը կավարտվի եւ կան ձերբակալվածներ: «Օրենքով գողերին» անդրադառնալովՙ ոստիկանապետը նշեց, որ մեկ տարվա ընթացքում պատասխանատվության են ենթարկվել 8-ը, իսկ 34-ըՙ «դրանք մեր կլիենտներն են ու եղանակ չեն ստեղծում, մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում եւ վաղ թե ուշ «մեռած» վիճակում անգամ մեր դուռն են գալու...»:
Ոստիկանապետը, պատասխանելով «Ազգի» հարցին, ասաց, որ մոտ 60 ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է տարվել, 4-5-ի վերաբերյալ գործերը ուղարկվել են հատուկ քննչական ծառայության քր. գործ հարուցելու համար: Հայտնաբերվել է կաշառակերության 31 դեպք, որից մեկըՙ ոստիկան է եղել ու ձերբակալվել է 100.000 դրամ կաշառք վերցնելու համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ