«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2009-08-20 | #148, 2009-08-21 | #149, 2009-08-22


«ԽՈՒԼ-ՀԱՄՐԵՐ» ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ԺՈՐԱ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՎԱՐԱԳՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

Երեկ Երեւանի Կենտրոն-Մարաշ դատարանում քննվում էր քաղաքացիական գործ` Ժորա Վարագյանի հայցն ընդդեմ «Խուլերի միավորում» ՀԿ-ի ներկայիս ղեկավարության: Ժորա Վարագյանը 26 տարի աշխատել է «Խուլ-համրեր» ՀԿ-ում որպես նախագահ: Սրանից երկու տարի առաջ, ըստ Ժ. Վարագյանի, կազմակերպված ձեւով տեղի է ունեցել համագումար, որտեղ վերջինիս պարտադրել են հրաժարական տալ:

«Երկու տարի է անցել, չեն բավարարվել դրանով եւ հիշել են, որ ինձ եւ եղբորս պետք է միավորման շարքերից հեռացնեն: Ես էլ դրա դեմ պայքարում եմ. իբր թե մենք մարդ ենք բերում, կռիվներ ենք սարքում, խանգարում ենք աշխատանքներին: Ուղղակի աբսուրդ է: 26 տարի խուլերի միավորումում ամեն ինչ ստեղծել եմ, բնակարաններով շատերին ապահովել, ու այդ երկու եղբայրները (խոսքը «Խուլ-համրեր» ՀԿ-ի ներկայիս ղեկավարներ Անդրանիկ եւ Գրիշա Գրիգորյանների մասին է ), որոնք Հայաստանում չեն ապրել, ուզում են մշակույթի եւ սպորտի պալատը սեփականացնել: Տեսնում են, որ մենք հասկանում ենք իրենց ձեռնարկելիք քայլերը, մեզ ուզում են մեկուսացնել», «Ազգ»-ին պատմեց Ժորա Վարագյանը:

«Պայքարում եմ, որպեսզի վերականգնեմ իմ պատիվը, արժանապատվությունը: Ես խորհրդային ժամանակներում 12 տարի եղել եմ ատենակալ, իմ դասատուները եղել են դատավորներ, եղել եմ կոմսոմոլի քարտուղար: Երեխաների համար ամեն տարի ստեղծել եմ պիոներական ճամբարներ: Եղել եմ Սովետական Միության խուլերի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի առաջին չեմպիոններին եմ պատրաստել: 42 բնակարան եմ բաժանել խուլ- համրերին», ասում է Ժորա Վարագյանը:

Պատասխանող կողմը դատարան էր ուղարկել Փաստաբանների պալատի անդամ Լ. Գրիգորյանին:

Վերջինս Վարագյանի հայցին առարկեց հետեւյալ հիմնավորումներով. «Ժորա Վարագյանի հեռացման հարցը բազմաթիվ անգամ բարձրացրել են ՀԿ անդամները, որի պատճառը եղել է հայցվորի կողմից կազմակերպության գույքն օտարելը, կազմակերպությանը ծանր վիճակի հասցնելը եւ այլ գործողություններ , որոնք հանգեցրել են ՀԿ ընդհանուր ժողովի կողմից նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն եւ զբաղեցրած պաշտոնից հեռացնելուն», դատարանում ասաց պատասխանող կողմի փաստաբանը եւ ավելացրեց, որ Ժորա Վարագյանի կողմից «Խուլերի եւ համրերի» կազմակերպության նպատակների եւ խնդիրների դեմ ուղղված արարքներ թույլ տալու, անվայել պահվածքի, կազմակերպության գրասենյակում կռիվ սարքելու, աշխատանքները խաթարելու հետ կապված հարցերը քննարկվել են եւ 2009-ին հրավիրված նախագահության նիստին կայացվել է հայցվորին կազմակերպությունից վտարելու որոշումը:

Հայցվորի այն հարցին, թե ո՞րն է իր անվայել պահվածքը, եւ կարո՞ղ է կոնկրետ փաստեր բերել փաստաբանը, վերջինս նշեց, որ դա ապացուցվում է արձանագրությամբ:

Վարագյանը դատարանին ներկայացրեց եւս մի փաստաթուղթ-շնորհակալագիր, որով շնորհակալական խոսք է հայտնվել Վարագյանին ժողովի անձնակազմից` նրա գործունեության համար:

Փաստաբանը նկատեց. «Փաստաթղթի սկզբնական մասից երեւում է, որ ֆինանսական շատ վատ վիճակում է գտնվել կազմակերպությունը եւ այդ ֆինանսական վատ վիճակը եղել է հայցվորի պաշտոնավարության ժամանակ, նրա ուղղակի գործողությունների հետեւանք են եղել, եւ խուլերը պահանջել են որոշակի չափով այդ իրավիճակը շտկել, եւ Վարագյանը`ինքն իր կամքով կատարել է բարեգործություն եւ այս շնորհակալությունը վերաբերում է նրա կատարած այդ բարեգործությանը, ոչ թե նրա կատարած ամբողջ աշխատանքին: Այս շնորհակալական նամակից հետո էլ Վարագյանը շարունակել է իր գործողությունները կազմակերպության դեմ, եւ դրա համար խուլերը ստորագրահավաք են կազմակերպել` Ժորա Վարագյանի հետ կապված այդ գործողությունների դեմ »:

Ի դեպ, «Խուլ-համրեր» միավորումից հեռացրել են նաեւ Ժորա Վարագյանի եղբորը` Տիգրան Վարագյանին: Վերջինս հայտարարեց, որ բոլոր ստորագրահավաքները խուլ-համրերից ճնշման ներքո են վերցրել, օգտվելով վերջիններիս անիրազեկությունից:

Ինչեւէ, դատարանն անցավ գործի քննությանը, նյութերի հետազոտմանը, վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 3-ին:

Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4