Օգոստոսի 22-ին Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության երեւանյան գրասենյակում էին հավաքվել Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի մի խումբ բնակիչներ, ովքեր եկել էին ծանոթանալու կուսակցության ստեղծման գործընթացին եւ նրա ծավալած գործունեությանը: Ներկաների առաջ ելույթ ունեցան Արմենական-ՌԱԿ-ի ատենապետ Արմեն Մանվելյանը , վարչության անդամ Սիրո Գեւորգյանը , «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը : Հանդիպմանը ներկա Նոր Նորքի բնակիչները բարձրացրին իրենց հուզող սոցիալական, տնտեսական խնդիրները, երկրում տիրող անարդարությունները եւ պետական չինովնիկների անտարբերությունը քաղաքացիներին հուզող խնդիրների նկատմամբ: Կուսակցության ներկայացուցիչները խոստացան, որ հետեւողական կլինեն բնակիչների իրավունքների պաշտպանության գործում: Հավաքի ավարտին որոշում ընդունվեց ստեղծել «Հայկ Նահապետ» կոչվող ակումբը, ընտրվեց վարչություն, որն իր հերթին ատենապետ ընտրեց ՌԱԿ հնագույն անդամներից Հովհաննես Հովեյանին :