«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2009-08-21 | #149, 2009-08-22 | #150, 2009-08-25


«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՄԵՆ ԿԱՊՐԻԶ ՀՈ ՉԻ՞ ԲԱՎԱՐԱՐՎԵԼՈՒ»

Այսպես խոսեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը

Երեկվանից Ազգային ժողովում սկսեց գործել լրագրողների հավատարմագրման նոր կարգ, որը մի շարք մտահոգություններ է առաջացրել խորհրդարանական լրագրողների եւ լրատվամիջոցների ղեկավարների շրջանում:

Այդ կարգի մեջ լրագրողներին թեական են թվում, որ ԱԺ լիագումար նիստերի եւ անհրաժեշտ միջոցառումների լուսաբանումն իրականացվելու է հավատարմագրման, իսկ սեփական նախաձեռնությամբ հարցազրույցներ, պարզաբանումներ ստանալու խնդիրը լուծվելու է այլ` անցագրային ռեժիմով, եւ այստեղ կարող է խտրական վերաբերմունքի հարց առաջանալ. օրինակ` անցանկալի լրագրողներին այդ անցագիրը կարող է եւ մերժվել, կամ սովորաբար 200-ին հասնող լրագրողներ են հավատարմագրվում ԱԺ նիստերը լուսաբանելու համար, մեր 130 ազգընտիրներն էլ բան ու գործ չունեն` օրը տասնյակներով անցագիր պիտի երեւի գրեն, նրանց գործն էլ խանգարվի: Մտահոգող կետերի մեջ է, որ լրագրողին հավատարամագիրը կարող է մերժվել, եթե նա տարածել է ԱԺ-ի եւ աշխատակազմի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով: Այսինքն` եթե պատգամավորներն օրենք գրելու փոխարեն, ասենք սենյակներից մեկում բլոտ են խաղում, այդ մասին լրագրողը գրում է, իսկ դատարանը, անսալով բլոտիստների վկայությունը, կարող է դա հորինվածք համարել, ուրեմն լրագրողը կարող է զրկվել հավատարմագրից: Կամ, ասենք, խտրական վերաբերմունք է ցուցաբերվում այն ռադիո եւ հեռուստաընկերությունների հանդեպ, որոնք թղթակցական կետեր չունեն Երեւանում, կամ մարզային լրատվամիջոցների հանդեպ` անձրեւը ծեծած տեղն է ծեծում, էս խեղճերը հազիվ մի կերպ աշխատում են` մայրաքաղաքից, բուն կյանքից կտրված, դեռ պետք է ժամանակին իմանան իրենց մասին ե՞րբ է օրենք քննարկվելու եւ ժամանակին անցագրի հայտ ներկայացնեն: Մասնավոր օրինակ` երեկվա ասուլիսի մասին տեղեկացանք մի կես ժամ առաջ, ի՞նչ է, մարզային լրատվամիջոցը լրատվամիջոց չէ, ինչո՞վ է նա մեղավոր, որ չպիտի կարողանա կարճ ժամանակում հասնել Երեւան, անցագիր հանելու վրա ժամանակ չվատնել ու հանգիստ, սեփական հավատարմագրով ԱԺ մուտք գործել:

Մինչ երեկ այս եւ այլ մտահոգությունների վերբերյալ փորձում էինք մեր պատգամավորների կարծիքներն իմանալ, իսկ նրանց բոլորի հեռախոսները համերաշխորեն անջատված էին, երեկոյան այս թեմայով ասուլիս հրավիրեցին ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը եւ ԱԽ նախագահի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը :

Ըստ Նաիրի Պետրոսյանի, ում առաջին ասուլիսն էր իր նոր պաշտոնում, հավատարմագրման կարգի փոփոխություններն էական չեն եւ նախորդ, մինչեւ այժմ գործող կարգի հետ որեւէ լուրջ տարբերություն չկա: Իսկ նոր կարգը սահմանվել է, որպեսզի լրագրողների հավատարմագրման կարգը համապատասխանեցվի ԶԼՄ-ների մասին 2004-ի փետրվարի 4-ին ընդունված եւ մինչեւ այժմ գործող օրենքին: Թե ինչու են օրենքի պահանջներին հավատարմագրման կարգը համապատասխանեցնելու մասին հենց հիմա հիշել` այնքան էլ պարզ չեղավ:

Լրագրողների հարցերը շատ էին` նախ, որ սա լրագրողների իրավունքների սահմանափակում է. Ն. Պետրոսյանը համաձայն չէր` կա նոր աշխատանքային կարգ եւ պետք է գործի, ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի հստակ հանձնարարությունն ուներ` աշխատակազմի հետ պետք է հետեւի, որ լրագրողների աշխատանքի համար որեւէ խոչընդոտ չստեղծվի:

Նոր կարգի` հակասահմանադրական պահեր պարունակելու եւ այն մասին, թե ԱԺ նախագահի ո՞ր իրավասությամբ է իրավունք տրված ընդունելու որոշում, որը նորմատիվ նշանակություն պետք է ունենա եւ լրագրողների իրավունքներ սահմանի, այս հարցին Ն. Պետրոսյանի արձագանքն այսպիսին էր, թե այս կարգն ի հակակշիռ սահմանադրության չի արվում, այլՙ հակառակը, սահմանադրության եւ ՀՀ օրենսդրության շրջանակի մեջ է: Իրավաբան Ա. Հովհաննիսյան էլ նկատեց, թե ԱԺ կանոնակարգ-օրենքի 18-րդ հոդվածով ԱԺ նախագահն իրավասու է լրագրողների հավատարմագրման կարգ սահմանել, ինչը լրագրողի աշխատանքի եւ պարտականությունների կազմակերպում է պարզապես:

«Այս կարգը ոչ միայն լրագրողներին է վերաբերում, այլեւ լրագրող-պատգամավոր հարաբերությունները կարգավորող կետերում` նաեւ պատգամավորներին` խմբակցությունների հետ քննարկվե՞լ է այն, առանց նրանց ` նրանց գործունեության լուսաբանման վերաբերյալ կա՞րգ է ընդունվել, եւ երկրորդ, սա ներկայացուցչական մարմին է, եւ ոչ թե արտգործնախարարություն, որտեղից դիվանագիտական գաղտնիքներ դուրս չթողնելու խնդիր կա. ի՞նչ կա պահելու, որ լրացուցիչ անգամ անջրպետվում եք հասարակության խնդիրները ներկայացնող լրագրողներից»:

«Ազգի» այս հարցերին պատասխանելով` Ն. Պետրոսյանը նշեց, որ խմբակցությունների հետ կարգը քննարկվել է, բայց մանրամասների մեջ չմտավ, նրանց առաջարկների մեծամասնությունը ներառվել է կարգում: Իսկ աշխատակազմը բացարձակակապես նպատակադրված չէ խառնվելու պատգամավորների եւ լրագրողների ազատ շփումներին, ըստ նրա, կարգում ոչինչ չի խանգարում` նման պնդումները նա համարեց անհարկի եւ անտեղի: Հիշեցրինք, որ մի քանի օր առաջ առանց խոչընդոտի ԱԺ փոխնախագահի մոտ գնալու թույլտվություն ստանալուց հետո պարզվեց, որ ձայնագրիչի համար էլ առանձին թույլտվություն է պետք: Ն. Պետրոսյանն ասաց, որ դա բացարձակապես կապ չունի կարգի հետ, անվտանգության ռեժիմին է վերաբերում, իսկ Ա. Հովհաննիսյանն էլ նկատեց, որ այս խնդիրը թեեւ կարգի հետ կապ չունի, բայց դրա դյուրացման հարցն այժմ քննարկվում է: Այդպես էլ պարզ չեղավ, թե հավատարմագրված լրագրողը, որ այս կարգով մյուս օրերին անցագիր տրամադրելու ռեժիմով է ներս մտնելու, ձայնագրիչի համար առանձին թույլտվության խնդիր ունենալո՞ւ է, թե՞ ոչ:

Լրագրողները դժգոհեցին` նախկինում ոչ մի խոչընդոտ չի ստեղծվել, իսկ ԱԺ նոր նախագահի օրոք երկրորդ դեպքն է` նախ օպերատորներին կես ժամ նկարահանել թողնող որոշումը, հետո` այս կարգը. «Եկեք զուտ ցանկությունը տարբերենք աշխատանքային ցանկությունից: Ցանկությունները կարող են շատ մեծ լինել, կարող են կապրիզներ լինել, դա չի նշանակում, որ յուրաքանչյուր կապրիզ պիտի բավարարվի: Եթե դիմում եք պատգամավորին, եւ պատգամավորը հրավիրում է, որեւէ խոչընդոտ ձեզ համար չի ստեղծվելու...Խոսքն այն մասին է, որ լրագրողներն ամբողջ ժամանակ չպետք է անցնեն Ազգային ժողովի միջանցքներով, եւ ես կարծում եմ` դա նորմալ է, եվրոպական երկրների խորհրդարաններում եւս սահմանափակում է մտցվում լրագրողների համար` ընդհուպ մեկ մամուլի կենտրոնի սենյակ...», երազեց Ն. Պետրոսյանը` ավելացնելով, որ այստեղ նման սահմանափակում չկա: Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4