«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2009-08-21 | #149, 2009-08-22 | #150, 2009-08-25


ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ, ԱՌԵՎՏՈՒՐ, ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆ...

Վերջերս Հայ եկեղեցին նշեց Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը համապատասխան արարողություններով եւ խաղողօրհնությամբ: Մեր ժողովրդի կողմից այնքան սիրված այդ տոնը, սակայն, հետզհետե ավելի է շեղվում իր բուն իմաստից եւ ստանում է բոլորովին այլ բնույթՙ փերեզակների եւ ամեն տեսակ մուրացկանների պատճառով: Այդ մասին է ստորեւ լույս տեսնող գրությունը:

Վերափոխումը Հայոց եկեղեցու տաղավար հինգ տոներից է: Այն շարժական է եւ նշվում է օգոստոսի տասնհինգի մոտակա կիրակի օրը: Վերափոխման տոնին եկեղեցում կատարվում է խաղողի օրհնությունը: Իսկ ինչո՞ւ է նման օրհնության համար ընտրվել հատկապես խաղողը: Քրիստոսն իրեն համեմատում էր խաղողի վազիՙ որթատունկի հետ. «Ես եմ ճշմարիտ որթատունը...» (Հովհ. ԺԵ 1-8): Խաղողից է պատրաստվում նաեւ գինին: Քրիստոսը, Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին տալով աշակերտներին, ասաց. «Այս է իմ արյունը»: Այս է պատճառը, որ Հայոց եկեղեցին բերքի օրհնությունը կատարում է խաղողով, որով եւ օրհնվում է Հայոց աշխարհի ամբողջ բերքը:

Ահա այս է բուն տոնակատարությունը, որ պետք է կատարվի եկեղեցում: Սակայն այսօր եկեղեցիների բակերում տոնի օրը սարսափելի ու զարհուրելի տեսարան է: Վաճառվում են զանազան մանր-մունր առարկաներ, աղավնի, աքլոր եւ անգամ գառներ: Լսվում է գոռում-գոչյուն, շուրջդ իշխում է շուկայական մթնոլորտ, եւ հավատացյալը, փոխանակ օրվա խորհրդի մեջ խորանալու, ստիպված է եկեղեցու բակում եւ հարակից փողոցում այլանդակ տեսարանների ականատես լինել:

Առեւտուր եւ եկեղեցի... Խեղաթյուրված այս վիճակը ո՞վ պետք է շտկի: Չէ՞ որ Աստծո տան առջեւ ես, չէ՞ որ այն միակ վայրն է, որ պետք է գտնես հոգեկան բավարարվածություն եւ հանգստություն: Ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը տաճարում առեւտուր անողներին վտարեց, նաեւ գնորդներին, լումայափոխների սեղանները ցրեց ու աղավնեվաճառների աթոռները շուռ տվեց եւ չէր թողնում, որ որեւէ մեկը տաճարի միջով նույնիսկ որեւէ բան անցկացնի: Ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրված էՙ իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր»: (Մարկ. 11.15-19):

Ո՞վ պիտի պատասխան տա այս իրավիճակի համար: Հարցս ուղղեցի Նորքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Զաքարիային: Նա նույնպես մտահոգված էր եւ խոր ցավով նշեց, որ ի վիճակի չէր միայնակ կանխել առեւտրականների հոսքը:

- Արդեն տոնի նախօրեից արգելում էի մանրավաճառների մուտքը եկեղեցու բակ, սակայն ապարդյուն: Այս տարի վաճառքի զանազան պարագաներին ավելացել էին ցորենի հասկերը: Մարդիկ չհասկանալով տոնի իմաստըՙ խաղողի եւ աղի հետ օրհնել էին տալիս ձիու պայտ, աչքի ուլունք եւ այլ իրեր:

Տեր Զաքարիան ցավով նշեց բակում տիրող մեկ այլ տեսարան: Ծնողների դրդմամբ երեխաները զբաղվում էին մուրացկանությամբ:

Չէ՞ որ այդ երեխաներն են մեր ապագան, մեր վաղվա օրը կերտողը: Էլ ո՞ւր մնաց հոգեւոր, բարոյական դաստիարակությունը:

Իմ հարցերին պատասխանեց նաեւ Ս. Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսային: Նա նշեց, որ մեր ազգը հոգեւոր եւ ազգային մտածողության անկում է ապրում: Մարդիկ պետք է մասնակցեն տոնինՙ հասկանալով նրա բուն իմաստը: Ըստ նրա, առեւտուրը օգնում է առեւտրականներին, ինչո՞ւ ցուցաբերենք անհանդուրժողականություն:

Անհրաժեշտ է բարձրացնել ժողովրդի հոգեւոր եւ ազգային մտածողությունը: Այստեղ մեծ անելիքներ ունեն ե՛ւ դպրոցը, ե՛ւ եկեղեցին, ե՛ւ պետական այրերը:

Սակայն, իմ կարծիքով հրաշալի կլիներ Ս. Մարիամ Աստվածածնի տոնին եկեղեցու բակը տեսնել զարդարված որթատունկի տերեւներով, խաղողի ողկույզներով եւ մարդիկ եկեղեցի մտնեինՙ հոգեւոր երաժշտության հնչյուններին համաձուլված:

ՔՐԻՍՏԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4