Երբ մոտենում է ուսումնական տարին, դպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողների հոգսերը կրկնակի ծանրանում են: Խանութից շուկա շրջելովՙ փորձում են իրենց գրպանի պարունակությանը համարժեք առեւտուր անել, որպեսզի սեպտեմբերի 1-ին իրենց երեխաներին, ինչպես ասում են, կազմ պատրաստ դպրոց ուղարկեն: Սակայն շատ քչերին է հաջողվում իրենց ուզած ապրանքներն ու գրենական պիտույքը գնել: Պատճառը գների աննախադեպ բարձրացումն է: Որակյալ աշակերտական համազգեստի գինն սկսվում է 12 000-ից մինչեւ 18 000-20 000 դրամՙ ըստ տարիքային խմբի: Դրան էլ գումարած նաեւ մեկ զույգ կոշիկը, ստացվում է, որ մեկ ձեռք համազգեստըՙ ե՛ւ տղայի, ե՛ւ աղջկա համար արդեն կազմում է 20 000-30 000 դրամ:
«Ազգը» շրջեց քաղաքի մի քանի մանկական հագուստի ու գրենական պարագաների խանութներում, տոնավաճառներում, զրուցեց մտահոգ ծնողների հետ, որոնք վրդովված ու զայրացած դժգոհում էին բարձր գներից: Մելանյա տատիկը երազել էր իր թոռնուհուն առաջին դասարան ուղեկցել ու գնել անհրաժեշտ բոլոր պարագաները: Տոնավաճառում նա խնդրում էր վաճառողին դպրոցական պայուսակը գոնե
2800 դրամով վաճառել, որ վերջին 200 դրամով տուն հասներ: Իսկ երբ հարցրի, թե որքա՞ն գումար է ծախսել, ասաց. «Արդեն 30000 դրամ կոպեկի պես գնաց ու պայուսակին 700 դրամ չի բավականացնում...»:
Մեր միջամտությունից հետո վաճառող երիտասարդ տղան քթի տակ փնթփնթալով, տվեց պայուսակն ու ավելացրեց. «Առ, բայց էս կողմերում էլ չերեւաս...»:
Ծովինարն իր 6-րդ եւ 4-րդ դասարանի երեխաների հետ միայն տետրեր, գրիչ եւ այլ անհրաժեշտ պիտույքի վրա ծախսել էր 15 000 դրամ, առանց պայուսակի: Եվ մեզ ասաց, որ համազգեստը եւ պայուսակները ստիպված է նախորդ տարվանն օգտագործել: Տիկին Լիանան միայն 10 000 դրամ ծախսել էր գրենական պիտույքի վրա, առանց պայուսակի: Անցած տարվա համեմատ գները շատ թանկացել են ու ստիպված էժան շուկայից են գնումներ արել: Հենց այդ էժան շուկայում պայուսակների գներն էին 3500-14 000 դրամ, կոշիկներըՙ 5000-12000 դրամ, վերնաշապիկներըՙ 3000-
7000, տաբատն ու կիսաշրջազգեստըՙ 7000-12000 դրամ: Այդ բոլորը թուրքական ու արաբական արտադրության էին: Նույն արտադրության էին նաեւ տետրերըՙ 200-500 դրամ, օրագրերըՙ 200-ից հազար դրամ, նկարչական ալբոմներըՙ 200-600 դրամ, մատիտներըՙ 400-1200 եւ այսպես շարունակ: Իսկ լավորակ նույնատիպ իրերն ու պարագաները գրեթե կրկնակի թանկ էին:
Ստացվում է, որ 1-2-րդ դասարանի մեկ երեխայի համար անհրաժեշտ է 30 000-35 000 դրամ, 3-4-րդ ՙ մոտ 40 000 դրամ, 5-7-րդՙ 50 000-60 000 դրամ եւ այսպես շարունակ: Դե պատկերացրեք, թե ինչ վիճակում են հայտնվել այն ընտանիքները, որոնց տանը մեկից ավելի դպրոցական կա: Զրուցակիցներս զայրացած մեր կառավարության հասցեինՙ շատ վատ էին արտահայտվում, որ հենց այս օրերին չեն վերահսկում գներն ու հնարավորություն են տալիս վերավաճառողներին մի քանի օրում հարստանալու: Մեր խոսակցությանը միացավ դերձակ Սահակը եւ ասաց. «Եկեք, տեսեք, թե ինչպիսի քրքրված պայուսակներ են բերել, որ վերանորոգեմ: Կոշիկները քիչ էին, հիմա էլ երեխաների պայուսակների փոկերը պիտի փոխեմ, որ գոնե մի կերպ թեթեւացնեմ ծնողների հոգսը»:
Ում հետ զրուցում էի, բոլորը մտահոգ էին, կարծես նրանց ամենացավոտ հարցին էի դիպել: Ոմանք պարտք վերցնելով, ոմանք խնայողությամբ, ոմանք հինը կարկատելով... եւ այսպեսՙ դեպի դպրոց, որտեղ էլ դեռ չգիտես, թե որքան գումար կստիպեն հավաքել դասարանի կարիքների համար:
Իսկ մեր հարազատ կառավարությունն աչքաթող է արել այս ամենը: Չի վերահսկում գները, վաճառվող անորակ ապրանքներն ու էլի շատ ու շատ բաներ: Իսկ հասարակությունը կաշվից դուրս գալով, տքնում է, որ ծայրը ծայրին հասցնի:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ