«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2009-08-21 | #149, 2009-08-22 | #150, 2009-08-25


ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԽԱՄՐԵՑՆԵԼ ՉԵՔԻՋՅԱՆԱԿԱՆ ՄՈԳԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԻ ՈՒԺՆ ՈՒ ՓԱՅԼԸ

Ոչ կարդացել էի, ոչ էլ գիտեի «Ազատամտություն» օրաթերթի գոյության մասին, երեւի լավը դա էր:

Մարդու համար ամենաթանկը իր անունն ու հեղինակությունն են, որոնք ձեռք են բերվում տարիների բազմաչարչար աշխատանքի շնորհիվ: Ցավալի է, որ անառարկելի հեղինակություն, իր կենդանության օրոք իրոք լեգենդ դարձած մաեստրոյի, երգչախմբային արվեստի երախտավորի մասին գրվում են այնպիսի տողեր, որ կարդալիս նողկանք ես զգում:

Մի՞թե հայ մարդը, կարող է այդչափ երախտամոռ լինել:

Ամենեւին էլ միտք չունեինք պատասխանելու ձեր, այսպես կոչված, «ազատամտությանը», եթե չլիներ չեքիջյանական արվեստի բազմահազար երկրպագուների վրդովմունքը:

Դուք գրում եք դատական գործի մասին, որին ընթերցողը ծանոթ է «Ազգ» թերթի հրապարակումներից, եւ գիտենք, որ հօգուտ Չեքիջյանի արդարացիորեն կայացրած դատավճռի շնորհիվ վերջ տրվեց բոլոր տեսակի խարդավանքներին ու բամբասանքներին: Ինչ վերաբերում է փորձասենյակին, ապա այն կառուցված է, կահավորված ու լիարժեք ծառայում է իր նպատակին (թող չար ու նենգամիտ մարդիկ փոքր էքսկուրսիա կատարեն ու կհամոզվեն խոսքերիս ճշմարտության մեջ):

Գրում եք, իբր, ակադեմիական երգչախմբում շարք կանգնած հարյուր հոգուց երեքից հազիվ մեկն է երգում, ու թե «չերգողների» ֆոնոգրաման կապելլայի պարագայում կենդանի մարդիկ են: Դա անհեթեթ ու ծիծաղելի փաստարկ (բամբասանք) համարեցին կապելլայի երգիչները: Ասում եք, Չեքիջյանի համար միեւնույն է, թե 30 տարվա պրոֆեսիոնալ ես ու անգիր գիտես ամբողջ ռեպերտուարը, թե 3 ամսվա աշխատող, կա «բոլորի հավասարության» չեքիջյանական մոտեցումը, որն արտահայտվում է նաեւ աշխատավարձի ձեւով: Բայց չեք էլ մտածել, որ ժխտելով ինքներդ ձեզ (չէ՞ որ գրում եք` Չեքիջյանի մոտ տեղ ունեն ծանոթություն, փող, բարեկամություն ունեցողները, եւ հետո գրում եք 3 ամսվա աշխատողի մասին եւ միաժամանակ նշում եք, որ Չեքիջյանի ամենակործանարար քայլերից մեկը սերնդափոխություն չապահովելն էր), մեկ անգամ եւս բարձրացնում եք հարգարժան մաեստրոյին: Այո՛, իմացած եղեք, մաեստրոյի համար հավասար են երգչախմբի բոլոր անդամները: Մաեստրո Չեքիջյանի համար կարեւոր են կարգապահությունն ու պարտաճանաչությունը, յուրաքանչյուր երգչի լուրջ վերաբերմունքը իր աշխատանքի, երգարվեստի նկատմամբ:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա դրույքաչափերը սահմանվում են համապատասխան նախարարության կողմից, իսկ երգիչները, ըստ կնքված պայմանագրի, երկկողմ փոխադարձ համաձայնությամբ են աշխատում կապելլայում:

Այն մասին, թե մաեստրոն անվճար աշխատանքի է վերցնում մարդկանց, խոստումներով, թե տեղ բացվելուն պես կվարձատրի, շահագործում է ու հետո ցույց տալով դուռը, աշխատանքի է ընդունում նոր, առավել ձեռնտու մեկին, զավեշտալի է: Գրում եք` Չեքիջյանը շահագործում է մարդուն: Այդ որտե՞ղ, սեփական հողակտորո՞ւմ, առանձնատա՞նը, թե՞ իր անձնական նկատառումներով է անվճար աշխատեցնում ինչ-որ մեկին: Անհարմար է:

Տեղյակ չե՞ք, որ ըստ սահմանված կարգի, ինչ բնագավառում էլ լինի, գոյություն ունի փորձաշրջան, որը աշխատողը պետք է անցնի: Ու եթե աշխատողը չի բավարարում այդ ընթացքում գործատուի սահմանած պահանջները, ուրեմն պետք է հրաժեշտ տա:

Այնպիսի մաղձով եք նշում, որ մեր կապելլան աշխարհում ամենագեղեցիկն է: Այո՛, ամենագեղեցիկն է, ու մենք հպարտանում ենք մեր ակադեմիական երգչախմբով: Իսկ թե ինչպես կկանգնեն երգիչները ու կբաշխվեն ձայները, դա ոչ մեկի իմանալիքը չէ, որոշողը մաեստրոն է (թեպետ, անհեթեթ է ձեր այն գրաֆը, որ տենորն, ալտն ու սոպրանոն չեն հաջորդում միմյանց):

Գրում եք` տարիների հետ մաեստրոյի համբավը շարունակեց աճել: Իհարկե, պիտի աճեր: 48 տարի շարունակ մաեստրոն ջանասիրությամբ, մեծ եռանդով ու սիրով է ղեկավարում կապելլան, արժանանալով երաժշտական հասարակայնության, կառավարության բարձր գնահատանքին: Ինչո՞ւ եք վատ զգում դրանից:

Կապելլան ու մաեստրոն ժողովրդի, հասարակության մեջ մեծ հեղինակություն են վայելում: Ժողովուրդը սիրում ու հպարտանում է մաեստրո Չեքիջյանի աշխատունակությամբ, երկարակեցությամբ:

Չեքիջյանը չի ծերանում եւ չի էլ ծերանա: Գաղտնիքն այն է, որ մաեստրոյի հոգում կուտակված չարություն, նենգություն չկա: Նա ծառայում է բարուն, գեղեցիկին: Չեքիջյանը կերտել ու կերտում է մարդկային ներաշխարհը հարստացնող բարձր մշակույթ:

1999 թ. Շվեյցարիայի հյուրախաղերն եք հիշատակում` գրելով, որ երկու հոգի երգչախմբից չվերադարձան, ու Չեքիջյանը հանգիստ էր, քանզի անկախությունից հետո մաեստրոն պատասխանատվություն չէր կրում չվերադարձողների համար:

Ի գիտություն ձեզ նշենք, որ մաեստրոն ցավով է արձագանքում այդ փաստին, քանի որ իրենց բազմաթիվ շրջագայությունների ընթացքում դա միակ դեպքն էր, երբ արտակարգ ձայնային տվյալներով երգիչն այլեւս չի վերադարձել: Ինչ վերաբերում է երկրորդ երգչին, ապա նա հյուրախաղերից 3 ամիս անց վերադարձել եւ այժմ էլ աշխատում է կապելլայում, կարող եք ճշտել:

Գրում եք` ամերիկյան հյուրախաղերից առաջ մաեստրոն ստուգատես է անցկացնում: Է, լա՛վ է անում: Ո՞ւմ է խանգարում: Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք խառնվել իրար:

Հայրենիքում որեւիցե պատասխանատու միջոցառում կազմակերպելիս, անշուշտ, ընտրվում են լավագույններից լավագույն համույթներն ու անհատ կատարողները, իսկ կապելլայի պարագայում արգելվա՞ծ է, ի՞նչ է (եւ այն էլ ձեր իսկ նշած տնտեսական ճգնաժամի ներկայիս պայմաններում):

Առանց խղճի խայթի ու պատկառանքի զգացումի գրում եք, իբր, Չեքիջյանը հիշողությունն ու լսողությունը կորցրած ղեկավարում է կապելլան: Անգամ ամենասուր երաժշտաքննադատը իրեն թույլ չէր տա (եթե անգամ դա իրականությանը համապատասխաներ) նման տողեր գրել: Իսկ մենք հակված ենք կարծելու, որ վերջին շրջանում դուք երբեւիցե չեք եղել մեծարգո դիրիժորի ղեկավարած համերգներին, գոնե կտեսնեիք, որ մաեստրո Չեքիջյանը առանց պարտիտուրայի է ղեկավարում ողջ համերգային ծրագիրը: Ձեր նողկալի զրպարտություններով ինչի՞ եք ուզում հասնել: Իր գործունեության 48 տարիների ընթացքում 4000 համերգ ղեկավարած (այդ թվումՙ 813 համերգ միայն արտերկրի բեմերում) մաեստրո Հովհաննես Չեքիջյանին համակրել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք ենՙ Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Կոգանը, Բրավինսկին, Ռոժդեստվենսկին, Տակտակիշվիլին, Արխիպովան, Ֆեդոսեեւը, Բաշմետը եւ էլի շատ ու շատ ուրիշներ:

Որ չեք համակրում Չեքիջյանին, դա ձեր խնդիրն է, բայց որ ձեզ թույլ եք տալիս գրել, թե Չեքիջյանը հանճարեղ դիրիժոր չէ ու երբեք էլ չի եղել, դա արդեն...

Մեր ազգը իր մեծերին գնահատել ու սիրել գիտի: Յուրահատուկ ակնածանք ու հարգանք ենք տածում հայի անունը բարձր պահողների հանդեպ:

Ոչ ոք ու ոչինչ չի կարող բռնանալ մարդկային հոգուն: Մեր սերը, նվիրումը չեքիջյանական արվեստին անբռնազբոսիկ է: Ու ոչինչ չի կարող խամրեցնել չեքիջյանական մոգական փայտիկի ուժն ու փայլը:

Չեքիջյանը մշտնջենապես մտավ հայ, նաեւ համաշխարհային երգարվեստի պատմության մեջ: Հպարտ ենք, որ նա մերն է ու ողջ հողագնդի երաժշտասեր հասարակությանը:

ՀԱՍՄԻԿ ՇՈՒՇՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4