«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2009-08-21 | #149, 2009-08-22 | #150, 2009-08-25


ՅԱՊՈՆՉԻԿԸ ՈՐՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻ

Կարելի է կասկածել, թե Ռուսաստանում դաշնային մակարդակով որեւէ բարձրաստիճան չինովնիկի դեմ մահափորձը տեղի լրատվամիջոցներում կառաջացներ այնպիսի աժիոտաժ, ինչպիսին նկատվեց քրեական աշխարհի «լեգենդար» ներկայացուցիչ, «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի` Յապոնչիկի դեմ կատարված սպանության փորձի կապակցությամբ: Լայնորեն ազդարարվեցին միջադեպի տեխնիկական մանրամասնությունները, տուժածի առողջական վիճակի վայրիվերումները, վերհիշվեց նրա «պանծալի» անցյալը, շռայլ կանխագուշակումներ արվեցին կատարվածի հետեւանքով գողական աշխարհում ակնկալվող «լայնաճակատ» բախումների շուրջը եւ այլն, եւ այլն:

15-20 տարի առաջ Յապոնչիկը Ռուսաստանի ամենահայտնի եւ ամենաազդեցիկ քրեական լիդերներից էր, ի տարբերություն իր նման շատ այլ «հեղինակությունների»` նրան հաջողվեց ողջ մնալ հին ու նոր սերնդի բանդիտների միջեւ ազդեցության ոլորտների համար մղվող արյունահեղ պատերազմների ընթացքում: Որոշ իմաստով նա նույնիսկ դարձել էր քաղաքական դեմք: Համենայն դեպս, երբ Յապոնչիկը 1992 թվականին վաղաժամկետ դուրս եկավ բանտից, որտեղ նա հայտնվել էր թալանի, զենք կրելու եւ թմրամիջոցների մատակարարումների համար, նրա ազատման օգտին միջնորդել էին նշանավոր ակնաբույժ Սվյատոսլավ Ֆյոդորովը, երգիչ ու բիզնեսմեն Իոսիֆ Կոբզոնը եւ, որ նույնիսկ զավեշտական է հնչում, աչքի ընկնող իրավապաշտպան Սերգեյ Կովալյովը: Բանն այն է, որ այն ժամանակների որոշ մտավորական խավեր Իվանկովին դարձրել էին խորհրդային վարչակարգի դեմ պայքարի... առաջամարտիկ: Իրականում այդ «մտավորականները» պարզապես տարբեր առիթներով օգտվում էին նրա հիրավի հզոր քրեական ու ֆինանսական աջակցությունից: Ռուսական մամուլում նույնիսկ հրապարակումներ երեւացին, որ իշխանությունները, իբր, նրան ժամանակին օգտագործել են որոշ լկտիացած հրեա օլիգարխների սանձահարելու համար:

Ըստ երեւույթին, Յապոնչիկի դեմ ներկա մահափորձը իրոք վկայում է խորհրդային շրջանի քրեական աշխարհի «ընտրախավը» կազմող «օրենքով գողերի» ազդեցության շարունակվող թուլացումը. խորհրդային բանտային համակարգում ձեւավորված կազմակերպված հանցավորությունը խոր էվոլյուցիա է ապրում: «Օրենքով գողերն» ունեին գողական պատվի «օրենսդրություն», որով այլեւայլ «կանոնակարգումների» հետ մեկտեղ բացառվում էր, օրինակ, որեւէ կոնտակտ իշխանության, իրավապահ մարմինների հետ: Հանցագործների նոր սերունդը չունի ոչ մի «սրբություն» ու ավանդույթ, եւ Յապոնչիկի դեմ ոտնձգությունը զգուշացնում է, որ «անձեռնմխելիներ» արդեն չկան: Կազմակերպված հանցախմբերի ներկայիս լիդերներին խորթ չէ նույնիսկ որպես պատկառելի բիզնեսմեններ, հասարակական գործիչներ, բարեգործներ ներկայանալը: Ի տարբերություն «պրիմիտիվ» «օրենքով գողերի», սրանք գերադասում են կնճռոտ հարցերը լուծել ոչ այնքան ավտոմատի, որքան փաստաբանների, դատարանների (եթե պետք է, նույնիկ միջազգային) միջոցով:

Նշված միջադեպի հետ կապված արժեր ուշադրություն դարձնել մի պարագայի` այն կարող է առաջացնել հակակովկասյան տրամադրությունների նոր ալիք: Ռուսաստանում ծայրահեղ սրվել է երկու խոշորագույն քրեական կլանների հակամարտությունը, որոնք գլխավորում են ծագումով քուրդ Ասլան Ուսոյանը («Դեդ Հասան») եւ վրացի Տարիել Օնիանին («Տարո») (ի դեպ, վերջերս Մոսկվայում գնդակահարված «օրենքով գող» Ալիկ Սոչինսկին (Մինայան) հարում էր Դեդ Հասանի կլանին): Ահա եւ, որոշ քրեափորձագետների կարծիքով, Ռուսաստանում պայքար է ծավալվել քրեական աշխարհի «սլավոնացման» համար: Ռուսական թերթերը հատուկ առանձնացնում են, որ «օրենքով գողերի» գերակշիռ մեծամասնությունը վրացիներ են, քիչ չեն նաեւ հայերը, եւ այդ խաժամուժը ապրում ու հանցավոր գործունեությամբ է զբաղվում հենց Ռուսաստանում, այլ ոչ թե իրենց «պատմական» հայրենիքում: Եվ այս հանգամանքը չարացնում է տեղական հանցախմբերի պարագլուխներին: Հավաստվում է, որ Յապոնչիկը մշտապես իր «բարկությունն» է հայտնել ստեղծված իրավիճակից: Այս կապակցությամբ չի բացառվում նաեւ այն վարկածը, ըստ որի «սլավոններին» հատկապես նյարդայնացնում էր խոշոր սկանդալներից հետո նորերս փակված մոսկովյան «Չերքիզովսկի» շուկան, որտեղ տերուտնօրինություն էին անում կովկասցիները: Եվ միլիարդների հասնող ապօրինի եկամուտները չէին կարող չգրգռել բնիկ «յապոնչիկների» ախորժակն ու ագահությունը: Իսկ եթե չես կարող դրանց տիրանալ, ապա գոնե փորձիր թշնամուդ զրկել սնուցիչ երակներից:

Բնականաբար, կազմակերպված հանցավորության թեմայով նման խոսակցությունից հետո օրինական հարց է առաջանում` ինչո՞ւ Ռուսաստանի իրավապահ մարմինները պատշաճ պայքար չեն ծավալում էթնիկական եւ առհասարակ բոլոր հանցագործ խմբավորումների դեմ: Ահա թե ինչ է ասում այս առնչությամբ ամերիկացի մի քրեագետ պրոֆեսոր. «Պատճառը կոռուպցիան է իշխանության իրավապահ եւ մյուս մարմիններում, ընդ որում` ամենաբարձր մակարդակով: Եթե իրավապահ մարմինները ամբողջությամբ կոռումպացված են, եթե չկան կազմակերպված հանցավորությանը հակահարված տալու ընդունակ քաղաքացիական ու քաղաքական կառույցներ, եթե դատական համակարգը անընդունակ է ընդունելու անկախ վճիռներ, ապա դրանց ամբողջությունն էլ բարենպաստ հող է ստեղծում կազմակերպված հանցախմբերի գործունեության համար: Հնարավոր չէ լրիվ ձերբազատվել կոռուպցիայից, սակայն այդ երեւույթը կարելի է վերահսկել»:

Ասում են` ինչպիսին իշխանությունն է, այնպիսին էլ քրեական աշխարհը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4