«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#148, 2009-08-21 | #149, 2009-08-22 | #150, 2009-08-25


ՆԵՐՈՒՄ ԵՆ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՉԱՓԱՀԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Շահադիտական նպատակներով սուտ մատնության մեջ մեղադրվող Մարիամ Սուխուդյանի շուրջը բարձրացված աղմուկը չի դադարում: Բողոքի ակցիա կազմակերպելուց հետո երեկ երիտասարդական հասարակական մի շարք կազմակերպություններ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով վերջ տալ լռությանն ու պաշտպանել Մարիամ Սուխուդյանին:

Բացի այդ, երեկ Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը , ներկայացնելով գործի էությունը, հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ չի բխում գործի իրական հանգամանքներից:

Մարիամ Սուխուդյանն ու իր ընկերները Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում նախորդ տարի իրականացնում էին «10 լավագույն դպրոցներ» ծրագիրը, որ ֆինանսավորում էր ՄԱԿ-ը: Ծրագրի ընթացքում խմբի անդամներին, մասնավորապես Մարիամ Սուխուդյանին դպրոցի աշակերտները պատմել են, որ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Լյովա Ավագյանը իրենց նկատմամաբ սեռական ոտնձգություններ է կատարել: Մարիամ Սուխուդյանը բարձրաձայնել է խնդրի կապակցությամբ, իսկ «Հայլուրի» լրագրող Սյուզան Սիմոնյանը տեսանյութ է պատրաստել, որը հեռարձակվել է Հանրային հեռուստատեսությամբ:

  Սյուզան Սիմոնյանը երեկ հայտարարեց, որ տեսանյութերը պատրաստել է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե Սուխուդյանի առաջարկով, ինչպես պնդում են իրավապահ մարմինները: Լրագրողը պատմեց, որ Մարիամը դժվարությամբ է համաձայնել տրամադրել տեսագրությունը: Աղջկա մայրն էլ էր դեմ, որ երեխան զրուցի լրագրողի հետ, սակայն հետագայում Սիմոնյանը կարողացել է այդ խնդիրը հարթել:

«Սկզբում աղջիկը շատ կաշկանդված էր: Երբ հարցրեցի, թե Մարիամին սուտ տեղեկությո՞ւն ես հաղորդել, նա ասացՙ «ոչ», եւ պատմեց, թե իր հետ ինչ է տեղի ունեցել: Այն, ինչ նա պատմեց, կարելի է որակել սեռական ոտնձգություն անչափահասի նկատմամբ: Հետո մայրը ներս մտավ եւ արգելեց զրուցել աղջկա հետ»:

Սիմոնյանի խոսքերովՙ մի քանի օր շարունակ վերոնշյալ դպրոցի ուսուցիչները պատ էին շարել եւ արգելում էին նկարահանող խմբի մուտքը դպրոց: Սյուզան Սիմոնյանը հիշում է, որ առաջին ռեպորտաժի հեռարձակումից մի քանի օր անց իրեն է զանգահարել մի աղջիկ եւ հանդիպում խնդրել: Պարզվել է, որ նա դպրոցի նախկին սան է: Լյովա Ավագյանը նրա նկատմամբ էլ է սեռական բռնություն կիրառել: Նա ոչ միայն հաստատել է առաջին աղջկա պատմությունը, այլեւ հավելել է, որ Լյովա Ավագյանի զոհերը երկուսով չեն սահմանափակվում, պարզապես շատերը վախենում են արտահայտվել, շատերին էլ ծնողներն են ստիպում լռել:

Ի դեպ, երկրորդ ռեպորտաժի աղջիկը անգամ հրաժարվել է դպրոցի ատեստատը վերցնել` ի նշան արհամարհանքի ու զզվանքի: Հարցաքննության ժամանակ առաջին ռեպորտաժի աղջիկը ծնողների ու դպրոցի ուսուցիչների ճնշման տակ հրաժարվել է իր խոսքերեց, մինչդեռ երկրորդ տեսանյութի աղջիկը հաստատել է իր խոսքերը անգամ ուսուցչի հետ առերեսման ժամանակ:

Սակայն, տարօրինակ զուգադիպությամբ, նախաքննության մարմինը որեւէ գնահատական չի տվել երկրորդ աշակերտուհու հայտարարությանը, որը հաստատում է սեռական ոտնձգությունների մասին:

Երիտասարդ ակտիվիստներից Արման Ղարիբյանը , որ նույնպես եղել է Նուբարաշենի դպրոցում, «Ազգ» -ին վստահեցրեց, որ երեխաների հետ զրույցների ժամանակ շատերն են խոսել սեռական ոտնձգությունների մասին: «Պարզապես հարցաքննության ժամանակ լռում են, որովհետեւ կախյալ վիճակում են գտնվում: Հաճախ ուսուցիչներն էին նրանց Էրեբունու քննչական կենտրոն բերում: Պարզ է, որ նրանք վախից կգերադասեին լռել»:

Դեպքի կապակցությամբ երիտասարդ ակտիվիստները շատերին են դիմել: Օրինակՙ ՕԵԿ-ից Ստեփան Ասլանյանին, որը սկզբում խոստացել է օգնել, բայց հետո համալրել է անտարբերների շարքը: Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը երիտասարդներին է ցույց տվել ձայնի ողջ տոնայնությունն ու բղավել, իսկ հատուկ կրթության վարչության պետ Նուրիջան Մանուկյանն էլ ասել է. «Ծեծը շատ նորմալ երեւույթ է, մեր ազգի մեջ միշտ եղել է»:

Արման Ղարիբյանը նաեւ պատմեց, որ գործի առնչությամբ վկաներին քննչական մարմնում շատ վատ են վերաբերվել:

«Ամեն ինչ անում էին գործը Մարիամի դեմ շուռ տալու համար: Ասում էինՙ վաղը դուք եք ըստեղ նստելու: Ձեզ առաքյալների տեղ եք դնում»:

Մարիամ Սուխուդյանի ընկերներն ու իրավապաշտպանը վստահեցրին, որ ամեն ինչ անելու են արդարության հասնելու համար:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4