«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2009-08-22 | #150, 2009-08-25 | #151, 2009-08-26


ՁԳԱՊԱՐԱՆԻ ՎՐԱՅՈՎ ՔԱՅԼԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք Բեքինգեմշիրից (Միացյալ Թագավորություն) Օդեթ Բազիլի հոդվածը հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Երբ Հայաստանը ձեռնամուխ եղավ ֆուտբոլային դիվանագիտությանը եւ հրավիրեց Թուրքիայի նախագահ Գյուլին Երեւան, մի գեղեցիկ, կարմիր եւ ջրալի խնձոր բաժին ընկավ Թուրքիային` ցույց տալու համար ամբողջ աշխարհին, որ պատրաստ է հարեւաններին բարյացակամորեն վերաբերվել եւ արժանի է դառնալու Եվրոմիության անդամ:

Գյուլի այցելությունը Երեւան դարձավ նրա համար աստվածաշնորհ մի հիանալի առիթ` ընդունելու նախագահ Օբամային սարդոստայններից ու կեղտոտ շորերից զերծ, հազարավոր կմախքներով ու ոսկորներով լի պահարանները ամուր փակած ու փայլեցրած պատուհաններով «մաքրամաքուր մի տան» մեջ, ճիշտ այնպես, ինչպես տանտիրուհիներն են սովորաբար ընդունում կարեւոր հյուրերին:

Օբաման, ժպիտը դեմքին, ողջունեց Գյուլին ֆուտբոլի խաղին ներկա գտնվելու համար, հանձնարարեց զբաղվել, իր որակումով, «Մեծ եղեռնի» հարցով եւ կոչ արեց Թուրքիային եւ Հայաստանին` առաջ տանել բարեկամական համագործակցության գործընթացը:

Գյուլին «պետք էր ողջունել», քանի որ իրոք մեծ խիզախություն էր նրանից պահանջվում այցելելու հենց այն երկիրը, որի սահմանները նա փակել էր մի երրորդ երկրի պահանջով, որի ժողովրդի ցեղասպանությունը, կատարված իր նախնիների ձեռքով, նա շարունակում էր ժխտել եւ որի բռնազավթված տարածքները նա ներկայումս զբաղեցնում է: Իրոք, մեծ խիզախություն, անպատժելիություն եւ անզգայունակություն պահանջող մի քայլ էր նրա կատարածը:

Հայաստանի իշխանությունները, սեփական ժողովրդի դրությունը բարելավելու մտահոգությունից դրդված, տարվեցին ֆուտբոլային դիվանագիտությամբՙ հավատալով, որ, ինչպես խոստացված էր, սահմանները կբացվեին «առանց նախապայմանների»: Սա մի ենթադրություն էր, որն առաջին հերթին պետք է փոխարինվեր համաշխարհային հանրության կողմից Թուրքիային պատժելով այն բանի համար, որ հարեւան երկրի հետ սահմանները փակ էր պահում` դրանով իսկ խախտելով մարդու իրավունքների ընդունված նորմերը:

Հետաքրքրական է նկատել, որ մինչեւ Օբամայի այցելությունը Թուրքիա, Գյուլի ընկերը` Ալիեւը, լուռ էր մնացել եւ հնազանդվել «նավը չճոճելու» օրակարգային կարգադրությանը: Թուրքիան դարձավ Եվրոպայի սիրելին եւ թեեւ որպես լիիրավ անդամ չընդունվեց Եվրոմիության կազմում, նա ինքնակամ ստանձնեց նրա ներկայացուցիչը լինել Արեւմուտքի եւ Իրանի միջեւ ծավալվող բանակցություններում:

Ես ներկա գտնվեցի բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում ապրիլի 28-ին բրիտանա-իրանական խորհրդարանային խմբակցության կազմակերպած հատուկ նիստին, որի ընթացքում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Յիգիթ Ալպողանը զեկուցեց թուրք-իրանական հարաբերությունների եւ այն մասին, թե արդյոք Անկարան կարո՞ղ էր դերակատարություն ունենալ Արեւմուտք-Իրան մերձեցման մեջ: Նիստին ներկա էին բրիտանական խորհրդարանի 17 անդամներ եւ, անշուշտ, թուրք դեսպանին ընկերակցողներ` բավական մեծ թվով: Սակայն թեեւ նիստը քննարկում էր Իրանին վերաբերող կարեւոր մի հարց, այնտեղ ես չտեսա ոչ մի իրանցու: Պարզ էր, որ նիստը «խիստ ընտանեկան» բնույթ էր կրում:

Միջազգային լրատվամիջոցները շտապեցին հաղորդել, որ Թուրքիան որպես գլխավոր «գերտերություն» է հանդես գալիս Կովկասում: Միլիոնավոր դոլարներ սկսեցին հոսել Թուրքիա որպես օժանդակություն սկսված «ժողովրդավարությունը» խթանելու, եւ հայերն ամենուրեք հույսեր փայփայեցին, որ ուր որ է, կվերանան սահմանային փշալարերը, կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:

Ֆուտբոլային դիվանագիտությունը գործում էր ամբողջովին հօգուտ Գյուլի: Արդյունքներն ակնկալածից շատ ավելին էին:

Օբամայի տուն վերադարձին արտգործնախարար տիկին Քլինթոնը նոր համաձայնագիր թելադրեց, եւ աշխարհի գերտերությունները շտապ մի նոր քարտեզ գծեցին, որը կպահպաներ իրենց «նավթի եւ գազի ուղիները»: Ալիեւն էլ ստացավ թույլտվություն` «ճոճելու նավակը» եւ պահանջելու, որ սահմանների բացման նախապայման դառնա ղարաբաղյան հարցը:

Պարանը ձգված է այժմ: Այն շատ ձիգ է: Կարո՞ղ է եւ կհանդգնի՞ արդյոք մեկն ու մեկը քայլել դրա վրայով... եւ ցած չընկնել:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4