«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունից հետո հայ-թուրքական հարաբերություններում արձանագրել է, այսպես կոչված, պայմանական դադար: Ինչո՞ւ պայմանական, որովհետեւ, ըստ Բեքարյանի դառնալու ենք ինչ-ինչ գործողությունների ականատես, որոնց ընթացքն ամենայն հավանականությամբ կհստակեցվի սեպտեմբերին:
Բեքարյանը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 14-ին Թուրքիա գնալ-չգնալու խնդիրը քննարկվելիք գլխավոր թեման է ոչ միայն հայկական, այլեւ թուրքական, երբեմն նաեւ ամերիկյան մամուլում:
Փորձագետը ֆուտբոլային խաղին ՀՀ նախագահի ներկայությունը համարում է անհրաժեշտություն, սակայն մեկ պայմանով. «Գնալ Թուրքիա եւ աշխարհին ապահովել լիարժեք տեղեկատվությամբ եւ միջազգային ԶԼՄ-ներով ներկայացնել իրական իրավիճակը»:
Փորձագետի խոսքերովՙ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք գուցե առաջին հայացքից որեւէ կապ չունեն հայ-թուրքական գործընթացի հետ, սակայն իրականում այդ հարցերն էլ լուրջ դերակատարում ունեն: «Քրդական խնդրի փոփոխությունները, կիպրական գործընթացը, Թուրքիայի ներսում ներքաղաքական խնդիրները` իշխանություն-ընդդիմություն համատեքստում, ունեն կամ կարող են ունենալ իրենց ազդեցությունը»:
Արտաքին քաղաքականությունում որոշակի հաղթանակներ գրանցելու համար բանախոսն առաջարկում է հրաժարվել աշխարհից, գերտերություններից արդարության ակնկալման եւ երկակի ստանդարտների բացառման, ինչպես նաեւ «նեղացկոտ» քաղաքականությունից: «Յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով»:
Նա վստահ է, որ թուրքական իշխանություններն իրենց առջեւ գերխնդիր են դրել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը արգելակելը ու այդ պայմաններում աշխարհին ցույց տալը, թե մեղավորը Հայաստանն էր: «Այդպես եղավ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիա կգնա միայն այն ժամանակ, երբ սահմանները բաց լինեն կամ դրա նախօրյակին: Այն դիտարկվեց Հայաստանի ոչ կառուցողական պահվածք եւ նախապայմանների առաջադրում»: Սակայն այդ արգելակումը ձեռնտու չէ Թուրքիային: Կառաջանան խնդիրներ, քանի որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում լուրջ դերակատարում ունենալ, մինչդեռ հարեւան պետության հետ հարաբերություն չունի:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների լավացման համատեքստում ղարաբաղյան խնդրին եւ զիջումներին, Բեքարյանը հավաստիացրեց, որ Հայաստանում յուրաքանչյուր իշխանություն, անկախ կուսակցական եւ քաղաքական դիրքորոշումից, սահման բացեու համար Ղարաբաղը չի զիջի: Բանախոսը հավաստիացրեց, որ Թուրքիայում այդ պարզ ճշմարտությունը շատ լավ են հասկանում: «Թուրքիան դարձել է պատանդ «մեկ ազգՙ երկու պետություն» խոսքն արտաբերելու համար: Նրանք գիտեն, որ եթե անդրադառնան Ղարաբաղին` Հայաստանը վերջ կտա բանակցություններին», եզրափակեց Կարեն Բեքարյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ