«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2009-08-22 | #150, 2009-08-25 | #151, 2009-08-26


ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ԲԵՅՐՈՒԹ, 25 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայկազյան համալսարանի եւ Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ սեպտեմբերի 3-4-ը համալսարանում կանցկացվի «Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքը» թեմայով միջազգային ակադեմիական խորհրդաժողով: Ինչպես տեղեկացնում է Հայկազյան համալսարանի եւ Միջին Արեւելքի Հայ դատի գրասենյակի համատեղ մամլո հաղորդագրությունը, խորհրդաժողովում գիտական տեսանկյունից կքննարկվեն Հայոց ցեղասպանության ուրացման եւ ճանաչման հարցերը, միջազգային օրենքի շրջանակում կդիտարկվեն ցեղասպանության հետեւանքների վերացման եւ հայ ժողովրդի իրավունքների խնդիրները եւ կաջակցվի Հայոց ցեղասպանության հարցի անցումը նոր փուլ:

Երկօրյա խորհրդաժողովին կմասնակցեն պատմաբաններ, ցեղասպանագետներ եւ միջազգային օրենքի մասնագետներ` Եգիպտոսից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Իռլանդիայից, Լիբանանից, Հայաստանից, Անգլիայից, Միացյալ Նահանգներից եւ Կանադայից: Խորհրդաժողովի նյութերը կտպագրվեն առանձին գրքով, որտեղ տեղ կգտնեն «Փոքրամասնությունների եւ մեծամասնությունների խնդիրը. Օսմանյան կայսրության պարագան», «Հայոց ցեղասպանությունը արաբական աղբյուրների համաձայն», «60-ամյա ցեղասպանության միջազգային ուխտագիրը. խնդիրներ, հեռանկարներ», «Մասնագիտական բարոյականություն եւ հայկական ցեղասպանության ուրացումը» եւ այլ ուսումնասիրություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4