Ինտերնետային կայքից վերցված նյութը իրազեկում է, որ «Դեյ.Ազ» (Day.AZ) ադրբեջանական տեղեկատվական կայքին տված հարցազրույցում Արաբական Միացյալ Էմիրություններում ադրբեջանական համայնքի առաջնորդ Սամիր Իմանը, բավական տարօրինակ նկատառումներով, իր համայնքի փոխարեն խոսել է տեղի հայկական համայնքի մասին, տալով մանրամասնություններ թվաքանակի, հանդիպման վայրերի, աշխատանքային ունակությունների, արաբերեն լեզվի իմացության եւ այլ հարցերի վերաբերյալ: Նա եզրափակել է իր ծավալուն «ուսումնասիրությունը»` ասելով, որ «չնայած հայկական համայնքը մեծ թիվ է կազմում, բայց ԱՄԷ-ում որեւէ էական գործունեություն չի ծավալում, չի կարող ծավալել, քանի որ նրա գոյությունն այնքան էլ զգալի չէ այդ երկրում»: Նա նշել է, որ անցյալ տարի, «օգտվելով» Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Երեւան այցելությունից, հայերը թեեւ հաջողացրել էին Դուբայի առաջնակարգ օրաթերթերից «Գալֆ նյուզում» տպագրել մի հոդված «Ղարաբաղը շրջափակելու եւ օկուպացնելու ադրբեջանական նկրտումների մասին», այնուամենայնիվ, իր անդուլ ջանքերի շնորհիվ այդ նույն թերթը հետագայում տպագրել էր նաեւ մի այլ հոդված, որտեղ այդ հարցի ադրբեջանական տեսակետն էր ներկայացված: Նա հոխորտացել է, որ վերջին երկու տարիներին զբաղված է եղել ԱՄԷ-ում եւ Ծոցի մյուս երկրներում տարածելու հակահայկական մի գիրք եւ մեկ ուրիշ գիրք, որը գովաբանում է ազերի նախկին առաջնորդ Հեյդար Ալիեւին:
Մերձավոր Արեւելքի հայկական «Ազատ հայ» կայքը փորձել է վերոնշյալ թերթի օնլայն արխիվներում գտնել այդ երկու` հայամետ եւ ադրբեջանամետ հոդվածները, բայց իզուր: Նման հոդվածներ չեն տպագրվել այդ թերթում: Այնուհետեւ «Ազատ հայը» ներկայացրել է հայ համայնքի վերաբերյալ իր տվյալները: Համաձայն դրանց, հայերի ներկայությունը ԱՄԷ-ում սկսել է աշխուժանալ անցյալ դարի կեսերից, երբ Աբու Դաբիի տասը մեծագույն ընկերություններից 6-ը պատկանում էին հայերին: Բացի այդ, բազմաթիվ հայեր աշխատում էին առեւտրական այլ ոլորտներում որպես մենեջերներ, գլխավոր հաշվապահներ, գլխավոր ինժեներներ եւ ֆինանսական խորհրդատուներ: Հայերի վիճակն առավել բարելավվել է անցյալ տասնամյակների ընթացքում: Կան մշտական գործող մեկ հայկական եկեղեցի եւ մեկ համայնքային կենտրոն Շարժայում: Ընթացքի մեջ է Աբու Դաբիում եկեղեցու եւ համայնքային կենտրոնի շինարարությունը: Գործում են հայերեն լեզվի եւ հայ ժողովրդի պատմության շաբաթական դասընթացներ երեխաների համար: Ակտիվ են կազմակերպությունները: 2008-ին տեղի է ունեցել 92 միջոցառում, չհաշված եկեղեցական արարողությունները: Համայնքի կազմավորման 25-ամյակի առիթով անցյալ տարի հյուսիսային Էմիրությունների (Դուբայ, Շարժա եւ այլն) հայկական համայնքի խորհուրդը վավերագրական հարուստ տվյալներով մի գիրք է հրատարակել երկրում հայերի ներկայության եւ գործունեության մասին: Տարեկան առնվազն երկու անգամ Աբու Դաբիի մշակութային ասոցիացիան կազմակերպում է խոշոր հանդիսություններ, այդ թվում` համերգներ, ցուցահանդեսներ, հրավիրելով կատարողների Հայաստանից, Եվրոպայից եւ արաբական երկրներից: 2000 թվականից Աբու Դաբիում գործող հայկական դեսպանատունը ծավալում է մշակութային բազմապիսի միջոցառումներ: «Ազատ հայ» կայքը հիմնվել է 2003-ին եւ ցարդ լուսաբանել է հազարից ավելի թեմաներ, որոնց այցելուների թիվն ամսական 60 հազարից ավելի է: Այնպես որ, Սամիր Իմանի հեղհեղուկ փորձերը կարող են լավագույն դեպքում ապակողմնորոշել ազերիներին միայն, քանի որ նրա «տեղեկատվական ավազանը չափազանց ծանծաղուտ է», իսկ վերլուծական փորձերը` չափազանց «մակերեսային եւ պարզամիտ»:
Թարգմ. Հ. Ծ.