Երեկ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Հայկական գրադարանների միջազգային համագումարը»: Անդրանիկ համագումարին մասնակցում էին հայաստանյան գրադարանների ներկայացուցիչները, նաեւՙ Պոլսո պատրիարքարանից, Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան միաբանություններից, Հարվարդի, Միչիգանի եւ ամերիկյան այլ հեղինակավոր համալսարաններից ու գրադարաններից: Մասնակցում էին նաեւ մասնագետներ Ֆրանսիայից ու Ռուսաստանից:
Համագումարը բացեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՙ նշելով. «Այս համագումարը առանձնահատուկ է, քանզի նվիրվում է հայ տպագրության 500-ամյակին, որը պատրաստվում ենք տոնել 2012-ին հայրենիքում եւ սփյուռքումՙ արժեւորելով մեր ժողովրդի կյանքում հայ գրքի պատմության մեջ հաջորդ նշանակալի իրադարձությունը, որը սկիզբ առավ տպագրության գյուտի արշալույսի հետ»:
Եռօրյա համագումարի մասնակիցներին ողջունեցին նաեւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ուրիշ բարձրաստիճան հյուրեր: Մասնակիցները գրադարանային գործի բարեփոխումների, առավել արդիականացման իրական ակնկալիքներ ունեն համագումարից:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ