Հարգելի՛ պարոնայք
Մոտենում է սեպտեմբերի 10-ը` 20-րդ դարի համաշխարհային գրականության հայտնի դեմքերից մեկի` հայ ժողովրդի վաղեմի բարեկամ, գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելի ծննդյան տարելիցը: Մի մարդու, որն իր «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպով առաջինն արձագանքեց օսմանյան կայսրության բարբարոսությանը եւ գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով հայոց կոտորածի ճշմարիտ պատմությունը ներկայացրեց համայն մարդկությանը: Հետագայում վեպը բազմիցս վերահրատարակվեց, բեմականացվեց տարբեր երկրներում, իսկ Վիեննայում լույս տեսավ որպես գրպանի գիրք: Իսկ չեխ կոմպոզիտոր Յոզեֆ Մատեյը նույն թեմայով ստեղծեց սիմֆոնիա եւ օպերա ու երազում էր, որ իր ստեղծագործությունները կբեմականացվեն Հայաստանում: Գուցե ժամանակն է, որ մտահոգվենք եւ գոնե ցեղասպանության 100-ամյա տարելիցին իրականացնենք կոմպոզիտորի երազանքները: Հեղինակը գրքում բացահայտեց ոչ միայն կայսրության բարբարոսությունը, որի պատճառով մեր հայրենակիցների զգալի մասը նահատակվեց, նույնիսկ գերեզման էլ չունեցավ հայրենի հողում, այլեւ ի հայտ բերեց հայ ժողովրդի ոգու անկոտրում կամքը:
Այսօր եթե ոչ բոլոր հայերը, ապա մուսալեռցիները այդ գիրքը ունեն իրենց տներում եւ հպարտությամբ են հիշում իրենց հերոս հարազատներին:
Ճիշտ է, Վերֆելը օտարերկրացի է, սակայն միջազգային գրական ասպարեզում մրցանակի արժանացած այդ վեպով նրա անունը հավերժ կապվեց մեր պատմության հետ ու այսօր էլ հաստատապես ապրում է հայ ոգու հիշողության գանձարանում: Ուստի մենք ազգովին պարտավոր ենք ոչ թե սոսկ խոսքերով հարգել մեծ հումանիստի մարդկային եւ գրողական արժանիքները, այլեւ գործնականորեն գնահատել նրա մարդասիրությունը, եթե իրոք բարեկիրթ ազգ ենք համարվում: Քաղաքականության մեջ, ըստ իս, ոչինչ այնպես բարձր չի գնահատվում եւ պարզությամբ աչքի ընկնում, ինչպես մարդասիրությունը:
Ճիշտ է, մենք մեկ անգամ հարգանքի տուրք արդեն ցուցաբերել ենք, երբ Ֆ. Վերֆելի մահից հետո սփյուռքահայերը նրա աճյունը հարազատների խնդրանքով Կալիֆոռնիայից տեղափոխեցին Վիեննա, կազմակերպեցին վերահուղարկավորումը, տեղադրեցին կիսանդրին, սակայն մարդասիրական մեծ քայլ կլինի, եթե մեր կառավարությունը մտահոգված լինի եւ ֆինանսապես աջակցի քաղաքապետարանին, որպեսզի մեծ գրողի 120-ամյակի կապակցությամբ, 2010 թ. սեպտեմբերի 10-ին Երեւանում տեղադրվի նրա արձանը` ապացուցելով ողջ աշխարհին, որ մենք` հայերս, ոչինչ չենք ուրանում, գիտենք ե՛ւ գնահատել, ե՛ւ հատուցել:
Այսօր քաղաքապետարանը արձանի տեղադրման հարցում դրական է արտահայտվել, նույնիսկ, ինչպես պարզվեց, նաեւ տեղն է որոշվել, սակայն, ելնելով այսօրվա ֆինանսական ճգնաժամից, մտավախություն ունեմ, որ արձանի տեղադրումը տարիներ կտեւի, գուցեեւ անտարբերության մատնվի: Ուստի, նկատի ունենալով այս հանգամանքը, խնդրում ենք կառավարությանը, որ առանց սուբյեկտիվ պատճառաբանումների պետբյուջեից համապատասխան գումար հատկացնի քաղաքապետարանին եւ հետեւողական լինի, որ եկող տարի, գրողի հոբելյանի օրը, նրա արձանը տեղադրված լինի մայրաքաղաքում: Չեմ կարծում, որ այսօր թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում իր ազգային սուրբ ավանդույթները սիրող եւ հարգող գրեթե մեկ հայորդի գտնվի, որ դեմ լինի Վերֆելի արձանի տեղադրմանը մեր մայրաքաղաքում:
Հարգելի՛ պետական այրեր, եկեք հուսանք, որ ե՛ւ ձեր, ե՛ւ հատկապես ԱԺ պատգամավորների օգնությամբ հայ ժողովրդի կողմից սիրված եւ հարգված ավստրիացի հանրաճանաչ գրող Ֆրանց Վերֆելի արձանը ժամանակին տեղադրված կլինի Երեւանում:
Հուսանք:
Հարգանքներով`
ԷՖՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, իրավաբան