Աստղիկ Գեւորգյանը` մարզային խմբագիրներ-վարչապետ հանդիպման մասին
Մարզային խմբագիրները, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի միջոցով, խնդրանքով դիմել էին վարչապետ Տիգրան Սարգսյանին` որ ընդունի մարզային քաղաքային թերթերի խմբագիրներին: Ըստ վերջիններիս` նրանք դուրս են մնում բոլոր գործընթացներից, եւ ստացվում է, որ Հայաստան ասելով` լրատվական դաշտի առումով նկատի է առնվում միայն Երեւանը, մինչդեռ մարզային խմբագիրները լուրջ անելիքներ ունեն ամեն մեկն իր տարածաշրջանում տեղեկատվության տարածման, մարզի բնակչությանը մտահոգող հարցերը բարձրացնելու առումով: Վարչապետը օպերատիվ արձագանքել էր, նրա հանձնարարականով շատ արագ կազմակերպվել էր հանդիպումը` օգոստոսի 12-ին վարչապետն ընդունեց 24 խմբագիրների: Վարչապետը տեղյակ էր եւ ներկայացրել է խմբագիրներին ոլորտում եղած իր իմացած պրոբլեմները` նկատելով, որ փորձում են մի շարք խնդիրներ լուծել. ֆինանսական խնդիրները մեղմելու համար` ջանում են սուբսիդիաները կանոնակարգել եւ մարզային թերթերին ամեն տարի սուբսիդիաներ հատկացնել, չնայած Հայաստանում առկա տնտեսական լարվածությանը: Այս բոլորը «Ազգին» պատմեց Աստղիկ Գեւորգյանը, որը նույնպես այդ հանդիպմանը պատմել է, թե ինչն է բերել մարզայիններին վարչապետի մոտ. նա նշել է մարզային խմբագիրների հեղինակության բարձրացման որեւէ քաղաքականության բացակայության մասին երկրում, որ որոշ խմբագրություններ թեեւ իրավահաջորդն են խորհրդային շրջանի թերթերի, բայց վարձավճար են տալիս, որ տեղերում տպարաններ չկան: Ա. Գեւորգյանը հարց է բարձրացրել, որ երբ Հայաստանի ղեկավարությունը գնում է մարզեր, մարզային եւ քաղաքային թերթերի խմբագիրները պաշտոնապես հրավիրվեն այդ հանդիպումներին: Դրանով նախ կլուծվի խմբագիրների հեղինակության բարձրացման հարցն այդ տարածքում, եւ երկրորդ` առաջին ձեռքից տեղեկատվություն կտրվի: Նույն կերպ Հայաստանի ղեկավարների` արտերկիր աշխատանքային այցերի ժամանակ լինում են միայն երեւանյան լրագրողներ: Մարզային խմբագիրները եւս վարչապետին մանրամասն ներկայացրել են բոլոր խնդիրները:
Այս ամբողջի արձագանքը չի ուշացել. հաջորդել է հանձնարարականը համապատասխան կառույցներին` մարզային մամուլի հրապարակումների բարձրացրած թեմաներով, որի մասին 2 օր առաջ տեղեկացվել է նաեւ Աստղիկ Գեւորգյանը: Նրանից էլ իմացանք հանձնարարականի մանրամասների մասին:
Վարչապետը հանձնարարել է տրանսպորտի ու կապի նախարարին` ուսումնասիրել Ալագյազ-Արթիկ 27 կիլոմետրանոց ավտոճանապարհի ներկայիս իրավիճակը, ապա ներկայացնել առաջարկ` թերությունները շտկելու համար: Այս հարցը բարձրացրել է «Արագած աշխարհ» թերթի խմբագիր Վարդեւան Գրիգորյանը, որը երեկ զանգահարել է Ա. Գեւորգյանին, ասել, որ նորոգման աշխատանքներն արդեն սկսվել են: Երկրորդ հանձնարարականն ուղղվել է առողջապահության նախարար Ա. Քուշկյանին, որին առաջարկվել է վարչապետին համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Հայաստանում, հատկապես Սյունիքի մարզում 18 տարեկան իգական սեռի անձանց մոտ վահանաձեւ գեղձի հորմոնալ խախտումների ուսումնասիրման ու բացահայտման գործընթացը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու վերաբերյալ: Հարցը բարձրացրել է «Կամք+» թերթի խմբագիր Լենա Հովսեփյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին հանձնարարվել է վարչապետի մարզային այցերի ընթացքում ուղեկցող լրագրողների խմբերում ընդգրկել մարզային թերթերի խմբագիրներին, քանի որ հաճախ մարզային թերթերի խմբագիրները տեղյակ չեն լինում, թե իրենց մարզի ղեկավարն ինչ է ասում: Առաջարկվել է Գեղարքունիքի մարզի լրագրողներին եւ թերթերի խմբագիրներին` Սեւանա լճի տարածքում ապօրինի շինարարության առկայության պարագայում` Հայաստանի ժուռնալիստների միության միջոցով իրազեկել նաեւ համապատասխան պետական պատասխանատու մարմիններին, քանի որ այդ մարզի լրագրողներն էին ահազանգել, որ ապօրինի շինարարությունը Սեւանի ավազանում շարունակվում է:
Ժուռնալիստների միությանն էլ հանձնարարվել է համապատասխան մարմինների հետ քննարկել մարզային տպարաններ հիմնելու վերաբերյալ բիզնես առաջարկի հնարավորության հարցը: Ժամանակին տպարաններ կային մարզերում` շենքերը վաճառեցին, հիմա փորձ կարվի վերականգնելու դրանց գոնե մի մասը: Մարզային խմբագիրների այս եւ այլ հարցերի վերաբերյալ ժամանակացույց է ստեղծվել: Իսկ բուն հանդիպումը վարչապետի հետ Ա. Գեւորգյանը համարում է շատ օգտակար (մանավանդ հանդիպումները շարունակական են լինելու), եթե այս վերաբերմունքը որդեգրեն նաեւ մեր մյուս ղեկավարները, կշահի միայն հասարակությունը:
Այս ֆոնին Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման նոր կարգով մարզային լրագրողների փաստորեն զրկումը ԱԺ աշխատանքը լուսաբանելու հավատարմագրերից առնվազն զարմանալի է. «Այդ լրագրողները զրկված էին նաեւ նախկինում, ինձ համար տարօրինակ եւ սխալ է աշխարհագրական մոտեցումն այս հարցում, լրագրողը լրագրող է` մարզային, թե մայրաքաղաքային: Եթե լրագրողն ի վիճակի է գալու-հասնելու ԱԺ, որ տեղեկատվություն տանի իր թերթի համար, ո՞րն է պրոբլեմը: Չի կարելի խոչընդոտել: Լավ կյանքից չէ, որ 1500 կամ 1000 օրինակով են թերթ հրատարակում, եւ չի կարելի խոչընդոտել: Եթե խմբագիրը գիտի կարգը եւ ցանկություն է հայտնում հավատարմագրվելու, միայն պետք է ողջունել: Հարկավոր է գնալ բոլորովին այլ ճանապարհով` գտնել ուղիներ, որոնք կբացեն լրատվական դաշտը նաեւ մարզային լրագրողների համար, եւ չի լինի տարանջատում` մարզային կամ Երեւանի լրագրողներ, ասել է, թե տարբեր ռեժիմներով աշխատանքը չի կարող խրախուսվել», այսպես արձագանքեց այս խնդրին Ա. Գեւորգյանը:
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ