Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են նախապատրաստվել սեպտեմբերի 1-ին Միլանում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: Այս օրերին մեր հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Արարատի «Այգ» մարզահամալիրում: Մինչ այդ նմանատիպ հավաք էր անցկացվել Ծաղկաձորում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն արդեն կողմնորոշվել է կազմի հարցում: Միլանում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն ութ բռնցքամարտիկներ` 2008-ի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Պեկինի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը (60 կգ), 2008-ի Եվրոպայի չեմպիոն Էդուարդ Համբարձումյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), 2008-ի աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) եւ 2008-ի Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանը (91 կգ):
Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (ԱԻԲԱ) առաջին անգամ հրապարակել է բռնցքամարտիկների դասակարգման ցուցակը, ըստ որի էլ կկատարվի վիճակահանությունն աշխարհի առաջնության ժամանակ: Դասակարգման ցուցակում բռնցքամարտիկների միավորների հաշվարկը կատարելիս հաշվի են առնվել նրանց ցուցանիշները օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում, աշխարհի երիտասարդական առաջնություններում եւ օլիմպիական ընտրական մրցաշարերում:
Հայաստանցի 10 բռնցքամարտիկներ են ընդգրկված դասակարգման ցուցակի քաշային 9 կարգերում: Մեր բռնցքամարտիկներից լավագույն արդյունքն ունի Պեկինի օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր, 60 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը: Նա 1250 միավորով 6-րդ տեղում է: 60 կգ քաշայինների ցուցակը գլխավորում է կուբացի Յորդենիս Հեռնանդեսը: 2008-ի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը 8-րդն է մինչեւ 48 կգ քաշային կարգում 1150 միավորով: Այստեղ լավագույնը չինացի Ժոու Շիմինգն է (2500 միավոր): Քաշային այս կարգում Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Հայրապետյանը 800 միավորով հանգրվանել է 20-րդ հորիզոնականում:
Եվրոպայի մեկ այլ չեմպիոն` մինչեւ 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը 1200 միավորով 9-րդ տեղում է: Քաշային այս կարգի ցուցակը եւս գլխավորում է կուբացի բռնցքամարտիկը` Ռոնիել Սոտոլոնգոն (2350): 14-րդ տեղում է Ցոլակ Անանիկյանը (91 կգ, 850 միավոր): Անդրանիկ Հակոբյանը մինչեւ 75 կգ քաշային կարգում 750 միավորով 17-րդն է: Մեր մյուս բռնցքամարտիկները դասակարգման ցուցակում ցածր տեղեր են զբաղեցնում: Սամվել Մաթեւոսյանը (69 կգ) եւ Դերենիկ Գիժլարյանը (51 կգ) 400 միավորով իրենց քաշային կարգերում 51-րդն են: Արթուր Համբարձումյանը (54 կգ) եւ Եվրոպայի երիտասարդների նորընծա չեմպիոն Կարեն Ալյազյանը (51 կգ) 250 միավորով 64-րդ տեղում են: Ամենացածր տեղը զբաղեցնում է 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը, որը 100 միավորով 97-րդ տեղում է:
Դասակարգման ցուցակում առաջատար դիրքեր են զբաղեցնում կուբացի բռնցքամարտիկները: Քաշային 11 կարգերից 7-ի ցուցակը գլխավորում են կուբացիները: Իսկ վաստակած միավորներով յուրօրինակ ռեկորդակիրն ուկրաինացի Վասիլի Լոմաչենկոն է (57 կգ), որի օգտին գրանցված է 2900 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ