ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանն ու տեղումները հանրապետությունում սպասվում են նորմայի սահմաններում:
Ինչպես «Արմենպրես»-ին ասացին «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնում, նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 21-22 աստիճան տաքություն, որը առանձին օրերի «կհատի»+ 32 աստիճանի սահմանը: Երկրորդ տասնօրյակի վերջին ջերմաստիճանը վերոհիշյալ տարածքներում կնվազի` գիշերը տատանվելով +10 +15 աստիճանի, ցերեկըՙ +24 +27-ի սահմաններում: Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում սեպտեմբերին սպասվում է ցերեկը մինչեւ 20-25 աստիճան տաքություն, որը մոտ է բազմամյա տարիների միջին արժեքին: Ամսվա երկրորդ տասնօրյակում (Տավուշ, Վայոց Ձոր եւ Սյունիք) գիշերը օդի միջին ջերմաստիճանը կնվազի 2-7 աստիճանովՙ գիշերը տատանվելով` 10-15, իսկ ցերեկը` 18-22 աստիճան տաքության սահմաններում: Նշված ամսվա տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդիտվեն նորմային մոտ:
Երեւանում սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է + 21 + 24-ին մոտ, որը մոտ է բազմամյա միջինին: Առանձին օրերի օդի ջերմաստիճանը կտատանվի նաեւ +27 +32-ի սահմաններում: Տեղումների նորման չի «խախտի» 9 մմ-ի սահմանը:
Սեպտեմբերին տեղումնային օրերի թիվը Լոռիում 12 օր է, Արարատյան դաշտում` 3 օր. կարկուտ կդիտվի հազվադեպ: Բարձր լեռնային շրջաններում եւ Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ նաեւ ձնածածկ:
Սեպտեմբերին հաճախակի մառախուղներ կդիտվեն Սյունիքի նախալեռներում (6-11 օր) եւ լեռնային շրջաններում (14-19 օր): Վերոհիշյալ ամսին կավելանա նաեւ քամոտ օրերի թիվը: