Associated Press գործակալությունը օգոստոսի 24-ին լրատվություն է տարածել, թե Կալիֆոռնիայում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս Նորայր Ղալումյանը Սանտա Անայի դատարանում նույն օրը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում իր դեմ առաջադրված խարդախության մեղադրանքի համար:
Հուլիսի 30-ին «Ազգը» հրապարակել էր նյութ «ԱՄՆ-ում ձերբակալվել են նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանն ու ընկերները» վերտառությամբ, որտեղ ներկայացրել էր նախկին հյուպատոսի եւ նրա չորս գործակիցների դեմ դատարանի մեղադրանքը, ըստ որի` նա եւ գործընկերները մեղադրվում էին կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ, որոնք պետք է օգնեին ապօրինի միգրանտներին ԱՄՆ-ից չարտաքսվելու գործում, յուրաքանչյուրի համար գանձելով 34 հազար դոլար, եւ որի արդյունքում ձերբակալվել էին, սակայն այնուհետեւ գրավի դիմաց պայմանական ազատ արձակվել:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, օգոստոսի 24-ին Կալիֆոռնիա նահանգի Սանտա Անա դաշնային դատարանում կայացել են դատական գործի նախնական լսումները, որոնց ընթացքում ՀՀ նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը եւ նրա գործակից-ընկերները` հյուպատոսության նախկին աշխատակիցներ Հակոբ Հովսեփյանը, Օգանես Նարդոսը, Մարգարիտա Մկրտչյանը եւ Էլվիս Մադաթյանը իրենց առաջադրված մեղքը չեն ընդունել:
Հետաքննության տվյալներով, Ղալումյանը եւ վերոհիշյալ գործընկերները ենթադրաբար հայերին տրամադրել են կեղծ նամակներ, որոնցում ասվում է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում կարգավորել նրանց ելքային փաստաթղթերը:
Հաջորդ դատական լսումը նշանակված է սեպտեմբերի վերջին, իսկ նիստը` հոկտեմբերի 6-ին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ