Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մեկնարկել է ձյուդոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որի պարգեւներն են վիճարկում 100 երկրների ձյուդոյիստներ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը թիմում ընդգրկել է միայն երեք ձյուդոյիստների, որոնք բավական փորձառու են ու ունակ են պայքարելու մեդալների համար: Նրանք են Եվրոպայի 2005-ի չեմպիոն Արմեն Նազարյանը (66 կգ), Հովհաննես Դավթյանը (60 կգ) եւ Ռոբերտ Վարդանյանը (73 կգ): Աղջիկների մրցաշարում Հայաստանը ներկայացուցիչ չունի: Հայաստանի ուժեղագույն մարզուհի Անուշ Հակոբյանը հանդես է գալու Երեւանում սեպտեմբերին կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, ուստի նպատակահարմար չեն գտել նրա մասնակցությունն աշխարհի առաջնությունում:
Վերջին շրջանում 27-ամյա Արմեն Նազարյանն այնքան էլ հաջող հանդես չի գալիս: Նա անհաջողության մատնվեց աշխարհի առաջնությունում անցկացրած առաջին իսկ գոտեմարտում` պարտվելով ուկրաինացի Սերգեյ Դրեբոտին: Իսկ ահա Հովհաննես Դավթյանը հաղթանակով ավարտեց իր գոտեմարտերը: Առաջին մրցակիցն արգենտինացի Դիեգո Ռոդրիգեսն էր, որին հայ ձյուդոյիստը հաղթեց: Հետո Հովհաննեսը հաղթահարեց նաեւ տաջիկ ձյուդոյիստ Ջամշեդ Հալիլովի դիմադրությունը: 1/8 եզրափակիչում Դավթյանը պարտության մատնեց կուբացի Յասման Պիկերին: Այժմ քառորդ եզրափակիչում հայ ձյուդոյիստին դժվարին գոտեմարտ է սպասվում աշխարհի չեմպիոն Հիրոակի Հիրոակայի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ