Երեկ նախագահ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարությունում` ՊՆ ղեկավար կազմի մասնակցությամբ: Զորամիավորումներից մեկում պլանային տեսչական ստուգման արդյունքների մասին ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի զեկույցը լսելուց հետո նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին: Նա նաեւ ցանկություն է հայտնել լսել խորհրդակցության մասնակից սպաներին եւ գեներալներին: Երկրի նախագահը, կարեւորելով բանակի մարտական պատրաստության բարձրացման, զինված ուժերի մշտական զարգացման ուղղությամբ ձեռնարկվող հետեւողական աշխատանքը` նկատել է, թե պաշտպանական համակարգը պետք է անընդհատ կատարելագործվի եւ համահունչ լինի ժամանակի պահանջներին. «Երկրի քաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացում հանդես է գալիս վստահ եւ արժանապատիվ դիրքերից, քանի որ նման հնարավորություն տալիս եք դուք, տալիս է բանակը` մեր երկրի ամենակայացած կառույցը», ասել է նախագահ Սարգսյանը: