«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ» ՓՈԽԱՐԵՆՙ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ»

ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի գնահատմամբ «մադրիդյան սկզբունքների» մի քանի կետերի հրապարակումից հետո իրավիճակն օր օրի ավելի է սրվում: Ըստ նրա, կանխատեսումները դառնում են մտահոգիչ իրականություն: Այդ պատճառով նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` արտահայտելով արցախյան հիմնահարցի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերություների բարելավման գործընթացի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Արամ Սարգսյանը վստահ է, որ թեպետ հայկական կողմը հաստատակամ է բանակցություններ վարելու առանց նախապայմանների, այդուհանդերձ, թուրքական սցենարն այնպես է դասավորվում, որ երկու խնդիրների կարգավորմանը, որպես զուգընթաց ուղղություններ, հաղորդվի միանման արագություն:

Ըստ Սարգսյանի, այդ պատճառներից մեկը Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի մեկտեղումն է, ինչից պարզ է դառնում, որ Հայաստանին եւ ԼՂՀ-ին կպարտադրվեն ռազմավարական բնույթի զիջումներ, որին մեծապես կնպաստի նաեւ «մադրիդյան սկզբունքների» կիրառումը: Ըստ նրա, փաստաթուղթը չպետք է անհարկի սրացումների առիթ հանդիսանա, մինչդեռ փաստարկներն այլ բան են ապացուցում: «Եթե տարածքների խնդիրը լուծվի Ադրբեջանինՙ յոթ շրջանների թեկուզ մի մասի վերադարձնելու ենթադրյալ տարբերակով, ապա անտեսվում է բուն հայկական այլ տարածքների պատկանելության փաստը, հաշվի չի առնվում նշված տարածքների ԼՂՀ վերահսկողության ներքո գտնվելու փաստը, որն ամրագրված է ԼՂՀ սահմանադրությամբ եւ ի չիք է դառնում ԼՂՀ պաշտպանվածության հուսալի մակարդակը», նկատում է դենոկրատ գործիչը:

Նրա խոսքերով, տարածաշրջանում խաղաղարար ուժերի նախատեսվող ներկայությունը հղի է նոր վտանգավոր մարտահրավերներով: Հայաստանը, Ադրբեջանը, ԼՂՀ-ն, Իրանն ու էլի մի շարք պետություններ չեն համաձայնի տարածաշրջանում այն երկրների ուժերի հայտնվելուն, որոնց անկողմնակալության վերաբերյալ խիստ կասկածեր ունեն: «Արցախյան հիմնահարցի կարգավորմանը կոչված «մադիդյան սկզբունքների» փոխարեն պետք է մշակվեն եւ ներկայացվեն հայեցակարգային նոր մոտեցումներ: Ոչ իրատեսական «մադրիդյան սկզբունքները» պետք է փոխարինել «երեւանյան սկզբունքներով», բանկացությունները նոր հունով վարելու համար», Դեմոկրատական կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Արամ Սարգսյանը:

Դեմկուսի նոր հայեցակարգն առաջարկում է մինչեւ բանակցային գործընթացի ավարտը համաձայնագիր կնքել, համաձայն որի հակամարտության երկրները կհրաժարվեն թշնամական քարոզչությունից եւ փոխադարձ վստահության մթնոլորտ կստեղծեն: «Առաջարկում ենք տնտեսական համագործակցությունը խթանող ծրագրեր իրականացնել, որոնք քաղաքական երկխոսության բազա կստեղծեն», նկատեց Արամ Սարգսյանը: Նա հավելեց, որ Ադրբեջանն ամենայն հավանականությամբ միանգամից չի ընդունի վերոնշյալ առաջարկները, բայց «դա միակ ճիշտ ուղին է, եւ Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց կտա այդ երկրի անպատրաստ լինելը հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Անդրադառնալով ադրբեջանական կողմի սպառնալիքներին ու պատերազմը վերսկսելու մտորումներին, Սարգսյանը նախ փաստեց, որ պատերազմող երկիրը այդքան հաճախ չի խոսում պատերազմի մասին, այնուհետեւ հիշեցրեց Վրաստանի նախագահ Սաակաշվիլու օրինակը` կանխատեսելով, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմ սկսելու ժամանակ կկրկնի Վրաստանի ճակատագիրը: «Ադրբեջանը, ինչպես Վրաստանը, դրսից օգնություն ստանալու հույս ունի: Ադրբեջանը կպարտվի պատերազմում, ինչպես եւ առաջին անգամ: Բացի այդ, միջազգային հանրությունը թույլ չի տա, որ այդ պատերազմը մեկ օրից ավելի տեւի», նկատեց Սարգսյանը` հավելելով, որ հնարավոր պատերազմը կհեղինակազրկի Ադրբեջանին:

«Չպետք է թույլ տալ, որ վրացիներն այդպես լկտիանան»

«Վրացիներն, իրենց սովորության համաձայն, մեկ-մեկ այնպիսի անհասկանալի քալեր են կատարում, որ մնում ես զարմացած», այսպես արձագանքեց վրացի սահմանապահների գործողություններին Արամ Սարգսյանը: «Գուցե ընդհանուր համատեքստում իրենց քաղաքականությամբ փորձում են հայերին ճնշել: Կարծում եմ, որ վրացիների կարողություններն ու հնարավորություններն այնքան սահմանափակ են, չնայած ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի ահռելի օգնություններին, որ խոսել նրանց հետ` պատերազմ վարելու կարողությունների մասին, անհեթեթություն է», շարունակեց ՀԴԿ ղեկավարը հավելելով. «Չպետք է թույլ տա, որ վրացիներն այդպես լկտիանան»:

«Գնալ Թուրքիա, որպես ֆուտբոլի երկրպագու»

Անդրադառնալով hոկտեմբերի 14-ին կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը, Արամ Սարգսյանը գնալ-չգնալու երկու տարբերակներն էլ իրատեսական է համարում: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը պետք է Թուրքիա գնա որպես երկրպագու, դիտի խաղն առանց բանակցությունների ակնկալման ու վերադառնա Հայաստան: «Սակայն հանգիստ կարող է ասել, որ չի կարող գնալ Թուրքիա եւ մեր հավաքականին կերկրպագի Երեւանից», հավելեց նա:

Թե որ տարբերակն է ավելի նախընտրելի` դեմոկրատն առաջարկեց սպասել մինչեւ սեպտեմբեր ամսվա վերջն ու իրադարձություններից առաջ չընկնել: Ըստ նրա, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չի կարող հարաբերությունների զարգացում լինել, որովհետեւ «սառել է Թուրքիայի հետաքրքրությունը այդ գործի նկատմամբ: Ոչ թե Ադրբեջանի պատճառով, այլ երբ Անգելա Մերկելն ու Նիկոլա Սարկոզին հայտարարեցին, որ դեմ են Թուրքիայի եվրոինտեգրմանը», նկատեց նա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4