«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՆԱՑԻ ՀՄԱՅՔԸ ԿՓՐԿԵ՞Ն ...

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Ադրբեջանում ավանդույթ կա` հարկավոր բաներն անել կանանց միջոցով: Երբ, օրինակ, «հարկավոր էր» փակել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ բեռների մուտքը, «կանանց գունդը» նստացույց էր անում երկաթգծերի վրա: Հետո պաշտոնյաները արդարանում էին. «Բա հո չէինք կոտորելու մեր կանանց»: Այդպես է սկսվել շրջափակումը: Դժգոհ էին Մոսկվայից` Գորբաչովին անիծում էին կանանց լեզվով, իսկ տղամարդ ղեկավարներով` արդարանում, որ ոչինչ անել չեն կարող: Պատերազմի ամենաթեժ պահերին Զեյնաբ Խանլարովան մտադիր էր առաջին գիծ մեկնել` զենքը ձեռքին, բայց Հեյդար Ալիեւը, չգիտես ինչու, նախընտրեց Լեյլա Յունուսովային եւ նշանակեց ՊՆ վերլուծական կենտրոնի ղեկավար, իսկ Լալա Հաջիեւային` պետական քարտուղար եւ ուղարկեց Ֆիզուլի, որ ամոթանք տա ճակատից նապաստակի նման փախչող «տղամարդկանց»: Եվ Լալան խոսեց ու խոստովանեց, որ «90 օր անընդմեջ Շուշիից Ստեփանակերտը հրետակոծվել է, բայց ոչ ոք քաղաքը չի լքել»:

Վերջերս էլ Իլհամ Ալիեւը «կանանց գունդը» գործուղել էր Թուրքիա: Խորհրդարանի կին պատգամավորները ծնկաչոք այցի էին գնացել Աթաթուրքի շիրմին եւ բարբառել. «Ով բոլոր թուրքերի հայր, զարթնիր քո նվիրական քնից եւ տես, թե ինչ են անում քո հետնորդները: Նրանք որոշել են բացել Հայաստանի հետ սահմանը եւ Ադրբեջանին մենակ թողնել»: Տեսարանն այնքան նողկալի էր, որ նույնիսկ Թուրքիայի վարչապետի նյարդերն էին տեղի տվել, եւ նա տղամարդավարի ամոթանք էր հղել Բաքու. «Չե՞ք ամաչում, որ ձեր կանանց ստորացնում եք»: Իսկ Իլհամ Ալիեւը, գոհ, որ նպատակին հասել է, դարձյալ չքմեղացել էր. «Ադրբեջանը դեմոկրատական երկիր է»:

Այսինքն, ամեն ինչ կարելի է, նույնիսկ` կին պատգամավորի ստորացումը, եթե դա ծառայում է «հայրենիքի ապահովության եւ անվտանգության գործին»:

Տերն իրենց հետ` կարող են ազատորեն օգտագործել կանանց: Թե՛ ներսում, թե՛, մանավանդ, դրսերում: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ Ադրբեջանի եւ ոչ մի առաջնորդ համարձակություն չի ցուցաբերում ասելու այն, ինչ իրականում մտածում է: Ազգային բարդո՞ւյթ է:

Երեւի: Հակառակ դեպքում ի՞նչն է Իլհամ Ալիեւին ստիպում դարձյալ «զորաշարժել կանանց գունդը» եւ «առաջին գիծ ուղարկել» խորհրդարանի պատգամավոր Գյուլթեքին Հաջիեւային, որը վերջին ժամանակներս իրեն կնքել է Հաջիբեյլի` հավանաբար ենթադրելով, թե այդքան «հնչեղ եւ ներշնչող» ազգանունը նույնպես կարող է «դիվանագիտական զինանոցի տարր» դառնալ:

Իսկ ի՞նչ է ասում Հաջիեւա-Հաջիբեյլին:

Շատ պարզ մի բան. մադրիդյան հին ու նոր առաջարկություններն անընդունելի են, քանի որ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում: Շատ հասկանալի է ասված. Ադրբեջանը պատրաստ չէ մադրիդյան սկզբունքների հիման վրա համաձայնության գալ:

Բայց ինչո՞ւ այդ մասին Գյուլթեքինն է ասում, այլ ոչ թեՙ Նովրուզը: Որովհետեւ Նովրուզին հանձնարարվել է «կանանց» գնդի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի` Հաջիեւա-Հաջիբեյլիի միջոցով ակնարկել, որ «կողմերն սպասում են, թե ով առաջինը «ոչ» կասի»:

Ահա եւ` դիվանագիտություն:

Ստացվում է, որ Նովրուզ Մամեդովի կազմակերպած թատրոնը, որի բոլոր դերակատարները վերջին շրջանում նույնն էին կրկնում, թե «Հայաստանը որեւէ ելք չունի, բացի իր արտաքին քաղաքականության պարտությունն ընդունելուց», մի նպատակ է հետապնդել: Այն է` հնարավորինս անկայունություն հրահրել հայ իրականության մեջ, անվստահություն սերմանել իշխանությունների հանդեպ, որպեսզի նրանք ստիպված լինեն առաջինը «ոչ» ասել մադրիդյան սկզբունքներին:

Այդ «գերխնդիրը», սակայն, չի լուծվել, քանի որ հայ հանրությունը եւ քաղաքական շրջանակները կարողացան դիմանալ փորձությանը: Եվ հիմա Ադրբեջանն է երկմտանքի մեջ` ասե՞լ «ոչ», թե՞ մի փոքր էլ սպասել: Բայց, կարծես, ելք չի գտնվում: Հենց այդ է պատճառը, որ Գյուլթեքին Հաջիեւան ստիպված է հերթական անգամ փրկել «տղամարդ իշխանության» դեմքը:

Տպավորություն կա, որ Ադրբեջանի առաջին տիկնոջ մասին տեղեկատվական աննախադեպ առատությունն էլ մի ակնարկ է միջազգային հանրությանը. «Ավելի լավ է գործ ունենալ Մեհրիբան Ալիեւայի հետ»: Միեւնույն է` Ադրբեջանում վճռական խոսքը պատկանում է կանանց: Իսկ գուցե հեռու չէ՞ այն օրը, երբ բանակցությունների սեղանի շուրջը կհայտնվի առաջին տիկին Մեհրիբանը: Այդ դեպքում, հավանաբար, Էլմար Մամեդյարովին էլ կփոխարինի Գյուլի՞ն: Մեկը` «հմայք», այդպես է ադրբեջաներենից թարգմանվում առաջին տիկնոջ անունը, մյուսը` «վարդ»:

Իրոք, ի՞նչ կանի հայ դիվանագիտությունը, եթե մի օր Բաքվում որոշեն, որ «միայն գեղեցկությունն ու կանացի հմայքը կփրկեն Ադրբեջանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4