ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ որոշ մանրամասներ հաղորդեց ԱՄՆ դաշնանային դատարանի վճռի մասին, որով հակասահմանադրական է ճանաչվել 2000 թվականին Կալիֆոռնիայում ընդունված օրենքը: Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին հնարավորություն էր տրվում ապահովագրական ընկերություններից դատական հայցերով պահանջելու իրենց հարազատների ապահովագրական գումարը:
Այդ օրենքը մինչեւ 2010 թվականն իրավունք էր տալիս դատական գործեր հարուցելու Կալիֆոռնիայի դատարաններում: Այս օրենքի հիման վրա էր, որ «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերությունից հնարավոր եղավ ստանալ մոտ 20 մլն դոլար, իսկ ֆրանսիական AXA ապահովագրական ընկերությունից էլ դատարանի վճռով 17 մլն դոլար պետք է հասնի զոհերի ժառանգներին: Գերմանական 3 ընկերության դեմ այսպիսի հայցեր կային, հենց նրանցից մեկն էր դիմել` բողոքարկելու այդ օրենքի սահմանադրականությունը: Առաջին բողոքը եղել էր ի նպաստ հայկական կողմի, դատավորն ասել էր` առարկությունները հիմք չունեն (նախ կասկածի տակ էին առնում, որ դիմողներն իսկապես զոհերի ժառանգներն են, իսկ ապահովագրկան ընկերությունը ժառանգորդ պե՞տք է համարվի, թե՞ ոչ, եւ երրորդ` սահմանադրականության հարցը): Ահա այդ վճռի բողոքարկումն էր վերաքննիչ դատարանում 2008 թվականի դեկտեմբերին, իսկ վճիռն արձակվեց անցած հինգշաբթիՙ օգոստոսի 20-ին: Կ. Մանոյանը պատմեց, որ սովորաբար վերաքննիչ դատարանի 29 դատավորներից գոնե 10-12 հոգով են վճիռ արձակում, բայց այս վճիռը կայացրել է 3 դատավոր, ընդ որում վճռի կողմն են եղել միայն 2-ը, 1-ը դեմ է եղել նրանց տեսակետին: Այդ վճիռը հիմնվում է այն բանի վրա, որ արտաքին քաղաքականություն վարող վերջին երկու նախագահները համաձայն չեն եղել «ցեղասպանության ճանաչում» տերմինին, դա նշանակում է, որ ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում եւ Կալիֆոռնիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հակառակ է երկրի արտաքին քաղաքականությանը, ուրեմն պետք է հռչակվի հակասահմանադրական: Հայցվոր կողմի առարկությունն այն էր, որ Կալիֆոռնիայի նահանգային դատարանը գերազանցել է իր իրավունքները, սկսել է արտաքին քաղաքականության մասին խոսել, որ խնդրո առարկա օրենքում այդ երկու բառերը կան (հայցում էլ միայն այդ մի պարբերությունը կա` «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հայց»): Վերաքննիչը ճիշտ է համարել նահանգային դատարանի առարկությունը, որ երկու նախագահները ոչ միայն խուսափել են այդ բառերն օգտագործելուց, այլ նաեւ դեմ են եղել, որ Կոնգրեսը բանաձեւ ընդունի, մեկնաբանել են, որ այդ քաղաքականությունը ենթադրում է, թե նահանգներին արգելվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչել: 2008-ի դեկտեմբերին, երբ հայցը ներկայացվել է վերաքննիչին, 39 նահանգներ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, ըստ Մանոյանի, վերաքննիչի դատավորները նույնիսկ հարցականի տակ էին դրել` արդյո՞ք նրանք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ գտել են, թե Կալիֆոռնիայի նահանգը գերազանցել է իր իրավասությունները, հակասահմանադրական է այս օրենքը եւ այն պետք է բեկանվի. «Այս վճիռը թուրքական շրջանակների կողմից վստահաբար օգտագործվելու է, որպեսզի մնացած բոլոր նահանգների կողմից ճանաչումները փորձեն դատական վճիռներով չեղյալ կամ հակասահմանադրական համարել եւ նույնիսկ այս վճիռի հիման վրա կարելի է արգելել Կոնգրեսին որեւէ բանաձեւ որդեգրել, որտեղ ցեղասպանությունը ճանաչվի», նկատեց Կ. Մանոյանը: Այս կարծիքին դեմ դատավորը համարել էր, սակայն, որ Կալիֆոռնիայի դատարանն իր իրավասությունների մեջ է եղել, իսկ «Հայոց ցեղասպանություն» բառերը ԱՄՆ նախագահների քաղաքականության մեջ ոչ մի տեղ չեն արգելվում, այլ հարց, որ նրանք խուսափել են այդ բառերն օգտագործել:
Այսպիսով, մասնավոր հայցի արդյունքում ստեղծվել է մի նախադեպ, որի հետեւանքների դեմ արդեն հավաքական պետք է պայքարի ԱՄՆ հայ համայնքը: Հայկական կողմը ներկայացնող փաստաբանները այս մի դեպքում մասնավոր պրակտիկայով զբաղվող մարդիկ են, եւ որեւէ համայնքային կառույց նման որոշումների մասնակից չէ: Ըստ Կ. Մանոյանի` ինչ-որ տեղ նաեւ նրանց պատասխանատվությունը կա նրանում, որ, ասենք, անհրաժեշտ ձեւով չի ներկայացված այն փաստը, թե Քլինթոնը եւ Բուշը թեեւ ցեղասպանություն բառը չեն օգտագործել, բայց, օրինակ, Ռեյգանն օգտագործել է, կամ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ցեղասպանությունը ճանաչող մի քանի որոշումներ ունի: «Ազգի» դիտարկմանը պատասխանելով, թե ԱՄՆ Հայ դատի գրասենյակը կարող էր ժամանակին հետեւել ու համակարգել այդ խնդիրը, Կ. Մանոյանն արձագանքեց, թե Հայ դատի գրասենյակի թերացումն այստեղ չկա, վերջինս հիմա խորհրդակցում է փաստաբանների հետ, թե իրավական ի՞նչ քայլերի կարող են դիմել: Հիմնական հնարավորություններն իրավական եւ քաղաքական են. առաջինով կարելի է դիմել բողոքարկելու, որ հարցը քննեն ոչ թե 3, այլ ավելի մեծ թվով դատավորներով, իսկ որպես գործընթացի հետեւանք սա նախադեպ չդարձնելու վճիռ ապահովել, մանավանդ որ ամերիկյան դատարանը նախադեպերի հիման վրա վճիռ կայացնող կառույց է: Եթե այս երկուսը ձախողվեն` տեսականորեն հնարավորություն կա դիմելու ՍԴ, որ շատ դժվար գործ է:
Քաղաքական ճանապարհը, որ իրավականին չի խոչընդոտում եւ Հայ դատի հանձնախումբն արդեն սկսել է, այն է, որ Սպիտակ տունը, նախագահ Օբաման հստակեցնեն` ապրիլի 24-ին ցեղասպանություն բառն օգտագործելուց խուսափելը չի նշանակում արգելել որեւէ նահանգի` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. համայնքն այս ուղղությամբ է աշխատելու: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն արդեն նամակ է ուղարկել Օբամային, որտեղ ասվում է, որ ցեղասպանություն բառի չօգտագործումն առիթ է տվել դատարանին` իր լիազորություններից դուրս նման եզրակացության գալ, ինչը փաստորեն մեծ հարված կարող է լինել ընդհանրապես ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչմանը:
Արդյո՞ք սա թուրքական լոբբիինգի հետեւանք է: Թուրքիայի դեսպանատունն անցած տարվա դեկտեմբերին նամակով դիմել է դատարանին` պահանջով այս օրենքը հակասահմանադրական ճանաչելու: Դատավորներն իրենց վճռի մեջ ասել են, որ անտեսել են այդ նամակը, թե իրականում անտեսե՞լ են` մեկնաբանության հարց է: Բայց ուղղակի ճնշման ապացույց չկա, այս կարծիքին էր ՀՅԴ-ականը:
Հայ-թուրքական հարաբերությունների վրա ճնշման փորձ սա կարելի՞ է համարել. «Չեմ ուզում հավատալ, որ դատարանը, հատկապես ԱՄՆ-ում, գործադիր իշխանության կողմից այդքան դյուրին նաեւ քաղաքական նպատակներով օգտագործվի, բայց որ ԱՄՆ -ի կողմից Հայաստանի վրա ճնշում կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների գծով, անկախ այս դատարանի վճռից` այո՛, Հ. Քլինթոնի հեռախոսազանգն այդ մասին պետք է եղած լինի»: Մանոյանը կարծում է, որ Հայաստանը հենց հիմա պետք է արձանագրի, որ Թուրքիան կասեցրել է հարաբերություննները Հայաստանի հետ, եւ Թուրքիայի պատճառով հայ-թուրքական բանակցությունները ձախողվել են: Երբ այդ մասին հայկական կողմը չի հայտարարում` Թուրքիային հաջողվում է տպավորություն ստեղծել, թե իբր բանակցությունները շարունակվում են... ԵԱՀԿ համանախագահող երկրների կողմից էլ Հայաստանի վրա ճնշում կա, որպեսզի Ղարաբաղի հարցով ներկայացվելիք վերամշակված հիմնական սկզբունքներ կոչվածներին համաձայնություն հայտնվի. «Պետք չէ սպասել մինչեւ հոկտեմբերի 14-ըՙ այդ ասելու համար, վտանգներ կան, Ղարաբաղի հարցով ճնշումն այդ վտանգներից մեկն է, դա չէր լինի, եթե այս բանակցությունները չլինեին, որովհետեւ միջնորդները փորձում են մինչեւ հոկտեմբերի 14-ը ինչ-որ կեցվածք պոկել...»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ