«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐՎԵՑԻՆ 4 ՍԱՐՔԱՇԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Կառավարության որոշմամբ երեկ չորս սարքաշինական ընկերություններիՙ «ԱՄԱ կոմպրեսորին», «Ավտոգեն-Մ»-ին, «Սարատովսկայա գեներատորնայա կոմպանիայի» Հայաստանում գտնվող թիվ 1 մասնաճյուղին եւ «Երֆրեզին» թույլատրվել է երկարաձգել նրանց ներմուծած ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծումՙ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետները: Ինչպես նշեց հարցը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, այս արտոնությունը հնարավորություն կտա ընկերություններին պահպանելու եւ ավելացնելու արտադրության տեմպերը: Դրա շնորհիվ այդ ընկերությունները կկարողանան իրականացնել իրենց արտադրանքի արտահանման ծրագրերըՙ համաձայն գործընկերների հետ արդեն կնքված պայմանագրերի: Միաժամանակ նախարարը նշեց, որ ընկերությունները մինչեւ տարվերջ կկարողանան կատարել իրենց հարկային պարտավորություննները, եւ այս արտոնությունները նրանց հնարավորություն կտան խուսափելու տույժ ու տուգանքներից: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ավելացրեց, որ այս որոշումները բխում են կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ծրագրի տրամաբանությունից:

Մեկ այլՙ «Այ Ջի Վի Այ» ընկերության համանման դիմումը, անբարեխիղճ աշխատանքի պատճառով, մերժվել է, քանի որ, ինչպես նշեց վարչապետը, ընկերությունը չգրանցված գործունեություն էր իրականացնում եւ չէր կատարում իր հարկային պարտավորությունները պետության նկատմամբ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4