«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲՈՒՄ ԴԺԳՈՀ ԵՆ ԱԺ-Ի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Երեկ «Հայացք» ակումբի հյուրերն էին մարտիմեկյան իրադարձությունները ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը: Նրանք ներկայացրին այն մտահոգությունները, որ վերջին ժամանակահատվածում ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովի կողմից արագացված զեկույց է կազմվել, հաշվի չառնվելով իրենց խմբի ուղարկած երեք զեկույցներում պարզաբանված փաստերը, ներկայացված տեսաերիզը, լուսանկարները եւ այլն:

Պրն. Քոչարյանը նշեց. «Հաշվի առնելով, որ ժամանակավոր հանձնաժողովը ըստ էության վերջին շրջանում նիստեր չի գումարել (փաստահավաք խմբի աշխատանքները կասեցնելուց հետո), մենք մտավախություն ունեինք, որ բացի այս զեկույցներից, նաեւ ի մի չեն կարողանալու բերել այն նյութերը, որոնք հետագայում վերջնական զեկույցում կարող են ներառվել եւ լույս սփռել տարբեր հանգամանքների վրա»:

Անդրադառնալով պատկան մարմիններից իրենց տրամադրված տեղեկատվությունը, թե մարտի 1-ի առավոտից մինչեւ օրվա վերջ ի՞նչ քանակով, ի՞նչ կառուցվածքով, ոստիկանական զորքերը, ոստիկանության ուժերըՙ ինչպիսի՞ սպառազինությամբ, ո՞ր ժամին ստացան համապատասխան ինքնաձիգները, ինչպե՞ս կիրառվեցին, ի՞նչ քանակի փամփուշտներ են օգտագործվել փաստերին ձեռք բերված փաստերի հիման վրա, պրն. Քոչարյանը նշեց, թե դա հիմք է տալիս մտածելու, որ ըստ էության, համապատասխան կառույցները փորձել են փաստահավաք խմբից կոծկել այնպիսի տեղեկատվություն, որը վերաբերում է օգտագործված սպառազինությանը: Փաստահավաք խմբից կոծկել են նաեւ այն անձի ինքնությունը (Արթուր Մաթեւոսյան), որը զինվում է ինքնաձիգով»:

Խմբին հաջողվել է ճշտել անձի ինքնությունը, նրա հետ հանդիպելուց ստանալ բացատրություններ զենքը վերցնելու, ժամի եւ օրվա մասին: Այնուհետեւ պարզվել է, որ «ցերեկըՙ ժամը 13.00-15.00-ն ոստիկանական ուժերին բաժանվել են 18 ինքնաձիգներ, որի մասին տեղեկությունը խիստ գաղտնի էր պահվում», նշեց պրն. Քոչարյանը: Նա հիշեցրեց ժամանակավոր հանձնաժողովին, որ այս փաստը ուսումնասիրեն ու ներառեն իրենց վերջնական զեկույցում: Անդրադառնալով հնչեցված դիպուկահարի փաստին, նշեց, որ այն «պարունակում է բավականին հետաքրքիր առեղծված: Հենց այդ դիպուկահարը միակ անձն է, որը պետք է տեսած լիներ, թե ո՞վ կրակեց Տիգրան Աբգարյանի վրա: Այդ դիպուկահարին հատուկ քննչական ծառայության կողմից գաղտնավորեցին, որպեսզի մենք չկարողանանք նրա ինքնությունը ճշտել, Տ. Աբգարյանի մահվան հանգամանքները պարզել, ու զրկեցին մեզ այդ հնարավորությունից: Մենք ուսումնասիրություններից հետո եկանք այն եզրահանգման, որ Տ. Աբգարյանի վրա կրակել են շատ մոտ տարածքից, որը պարզ է եւ վերքի չափերից եւ փորձագետի տված եզրակացությունից»: Խումբը նաեւ պարզել է, որ Աբգարյանի համազգեստը, զրահաբաճկոնը, սաղավարտը չկան, եւ փորձագետը չի կարող ճշտել կրակողի հեռավորությունը, չկա դիպուկահարի ֆոտոռոբոտը: Այս եւ այլ փաստեր նշելով, պրն Քոչարյանը ժամանակավոր հանձնաժողովին հորդորեց ու նաեւ խնդրեց բոլոր իրենց զեկույցներում ներկայացված փաստերը մանրամասն ուսումնասիրել:

Ըստ պրն. Քոչարյանի, «ժամանակավոր հանձնաժողովը չունի տեսակետ: Ունի տեսակետ փաստահավաք խումբը, եւ ունեն տեսակետ այն մարմինները, որոնց աշխատանքների թերացումները ներառված են առաջին զեկույցի մեջ»: Անդրադառնալով Մելիք-Ադամյան փողոցի խճանկարինՙ նշեց. «Այդ վայրում եղել են ոչ ոստիկանական ուժեր եւ մեր ունեցած տեսանյութերում, լուսանկարներում հստակ ֆիքսված է ժամըՙ 16.47 եւ ՊՆ-ի տարբերանշաններով զինծառայողներ, մեքենաներն իրենց համարներով եւ ինքնաթափում նստածՙ զինվորականներՙ ինքնաձիգերով»: ՊՆ-ից խմբին ուղարկվել է «հերքող փաստաթուղթ, նույն տիպի փաստաթուղթ են ստացել ոստիկանությունից ու նաեւ ազգային անվտանգությունից:

Պրն. Քոչարյանը հարցնում է. «Իսկ այդ դեպքում ովքե՞ր էին Մելիք-Ադամյան փողոցում զինված բանակային համազգեստով մարդիկ, եթե ուժային կառույցները հերքում են, որ դրանք իրենց ստորաբաժանումներն են: Նրանք հետո հնարեցին ինչ-որ Դաստակովի հրամանատարությամբ այնտեղ գտնված ստորաբաժանման մասին հեքիաթը», որը սակայն հօդս է ցնդել փաստահավաք խմբում Դաստակովի բացատրությունները լսելիս: Ըստ Քոչարյանի, Դաստակովը ոստիկանության զորքերի օպերատիվ վարչության պետն է, որը խմբին ասել է, թե իր ստորաբաժանումն է եղել այդ փողոցում, մոտ 20 մարդ, որոնց ինքը զենք է բաժանել իր մեքենայի բեռնախցիկից: «Այդ ամենը մենք ձայնագրել ենք: Եվ եթե այդ նյութը հանձնաժողովը ուսումնասիրած լիներ, ապա անմիջապես պետք է ուղարկեր դատախազություն քրեական գործ հարուցելու համար», ասում էր Անդրանիկ Քոչարյանը: «Ամբողջ քաղաքը գիտի, որ Մելիք-Ադամյան փողոցի վրա, երեկոյան, թաղային տղերքը (վերնիսաժի մոտ) համազգեստ են ստացել կամազից: Իսկ երբ գնում ենք այդ փաստերը ճշտելու, միանգամից խոչընդոտ է դրվում փաստահավաք խմբի առաջ»: Նա նաեւ նշեց, որ խումբը 2008-ի դեկտեմբերի 15-ին ՀԱԿ-ից ստացել է մի փաստաթուղթ, որում նշված են «հինգ բարձրաստիճան պաշտոնյաների եւ չորս պատգամավորների անուններըՙ Վաչիկ Ղազարյան, Գագիկ Ծառուկյան, Սուրիկ Խաչատրյան, Լեւոն Սարգսյան, Գագիկ Բեգլարյան, Հովիկ Աբրահամյան, Առաքել Մովսեսյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, որոնց մարտի 1-ին ՊՆ-ի թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել է 950 հատ երկու տեսակի զինվորական կոստյումներ եւ 140 գլխարկներ»: Պրն Քոչարյանը այդ փաստը ստուգելու համար կազմել է գործողության պլան, եւ խմբի հետ որոշել են մեկնել ՀՀ ՊՆ-ի թիկունքի վարչության իրային պահեստ: Սակայն նրանց առջեւ բոլոր դռները փակվել են ու թույլ չեն տվել պարզելու, թե ո՞ւմ անվամբ են դուրս գրվել 950 հատ զինվորական կոստյումներն ու 140 գլխարկները: Այնուհետեւ բազմաթիվ խոչընդոտների եւ իրենց ուսումնասիրությունների մասին զեկույցները աչքաթող անելու մասին փաստեր ներկայացնելու հետ տեղեկացրին, որ պատրաստվում են ժամանակավոր հանձնաժողովին ներկայացնել նաեւ 5-րդ զեկույցը, որը վերաբերելու է ուժային կառույցներիՙ մարտի 1-ի գործողությունների իրավաչափությունը, սկսած առավոտյան Ազատության հրապարակի գործողություններից: Իսկ 4-րդ զեկույցը նրանք օգոստոսի 24-ին հանձնել են հանձնաժողովին եւ սպասում են արձագանքին:

  «Ազգը» հեռախոսով փորձեց ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից որոշ պարզաբանումներ ստանալ փաստահավաք խմբի ներկայացրածի մասին: Պրն. Նիկոյանը ասաց. «Օգոստոսի 28-ին հանձնաժողովի նիստ ենք հրավիրել, եկե՛ք, մասնակցե՛ք եւ ձեր բոլոր հարցերի պատասխանը կստանաք»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4