Քաղսեցիները ջրի կարոտ են մնացել
Առաջին հայացքից Քաղսիի առօրյան ոչնչով չի տարբերվում այլ փոքրիկ գյուղերի առօրյայից: Այստեղ էլ առավոտյան նախիրը բարձրացնում են սար, վար ու ցանք անում, ծառ ու ծաղիկ մշակում ու ապրում օրվա աշխատածով: Գյուղում աշխատանք չկա: Երիտասարդները կա՛մ բանվորություն են անում, կա՛մ էլ մեկնում արտասահման: Այս տարի Ռուսաստանում գործ ճարողների թիվը զգալիորեն կրճատվեց, գյուղի տղամարդիկ մնացին գործազուրկ: Ի թիվս բազմաթիվ չլուծված խնդիրների, գյուղացիներին ամենից շատ մտահոգում է խմելու եւ ոռոգման ջրի բացակայությունը: Խմելու ջրի աղբյուրը գտնվում է գյուղի կենտրոնում: Ծայրամասերում ապրող բնակիչները ստիպված են օրական մի քանի անգամ գյուղում վեր ու վար անել` տան անդամներին գոնե խմելու ջրով ապահովելու համար:
Քաղսեցու միակ ապրուստը հող մշակելն է: «Գարնանը խոտ ենք ցանել, կարտոֆիլ, կաղամբ տնկել, բայց ջուր չկա, որ ջրենք, կարողանանք վաճառել, գոնե ձմռանը յոլա գնանք: Լոբի ենք ցանել, բայց շոգից պառկել են, դեղնել: Մնացել ենք շվարած», դժգոհում են գյուղացիները:
«Անցյալ տարի խոտ էի ցանել, բայց ջուր չկար, չորացավ, խեղճ անասունը ձմռանը սոված մնաց: Էս տարի նույն պատմությունն է: Ամեն տարի խոստանում են, որ էս գարնանը ջուրը կլինի, բայց բոլորն էլ թքած ունեն մեզ վրա, չեն ասում` էստեղ մարդիկ են ապրում, մի բանով էլ նրանց օգնենք», խմբված իրենց խնդիրներն են պատմում քաղսեցիները:
«Բոլորս էլ մեծ ընտանիքի տեր ենք, սեպտեմբերը եկավ, ո՛չ պայուսակ ենք գնել, ո՛չ հագուստ ու տետր: Չգիտենք, թե էս տարի ոնց ենք գազի վարձը մուծելու: Աշխատանք չկա, գումար չկա, բայց ամեն օր դուռը թակում են ու գազի, լույսի, հողի վարձ ուզում: Մի հարցնող լինի, որ էդ հողն ինձ օգուտ չի տալիս, ինչո՞ւ պետք է վարձ մուծեմ: Բայց ասում են, դե, պետության հանդեպ պարտքն է, իսկ պետությունը ե՞րբ է իր պարտքը կատարելու», զայրանում են գյուղացիները:
Նրանք հավաստիացնում են, որ գյուղապետը տեղյակ է, բայց «մատը մատին չի խփում, մի բան չի ձեռնարկում»: «Ասել ենք, խնդրել, բայց օգուտ չկա: Նա կարծես էս գյուղից չլինի: Եկավ խոստումներ տվեց ու մոռացավ, որ դրանք կատարելու վախտն էլ պետք է գա», պատմում են քաղսեցիներն ու ճարահատյալ սպասում, թե որ բարերարը կլսի ու կարձագանքի իրենց խնդրին:
«Լրբի, մարադասապանի երկիր է դարձել: Կառավարությունը, խորհրդարանը չեն հետաքրքրվում գյուղացու խնդրով: Մեր ուզածը ո՛չ փող է, ո՛չ պաշտոն, ո՛չ էլ ասում ենք` եկեք, մեզ պահեք, մենք չաշխատենք: Ընդամենը խնդրում-աղաչում ենք, որ մի երկու խողովակ բերեն, նորմալ սարքեն, ջուր լինի, հող վարենք, արտ մշակենք: Դրանից պետությանն էլ օգուտ կլինի», ասում են գյուղացիները, բայց վստահ են, որ էլի մնալու են կոտրած տաշտակի առաջ: Հարցը բարձրաձայնվում է արդեն մի քանի տարի, սակայն վերեւներում խնդրով հետաքրքրվող չկա:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Քաղսի-Երեւան