«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


ԱՐՁԱԳԱՆՔ «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹԻՑ»

«Ագգ» օրաթերթում ս.թ. օգոստոսի 27-ին հրապարակված «Կաթը ջրից էժան է» հոդվածում (հեղինակՙ Ոսկան Սարգսյան) հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն «Աշտարակ-կաթի» կողմից Բերդի տարածաշրջանում կաթի մթերման գների մասին: Ըստ հրապարակման, ընկերությունն իբր 1 լիտր 3.8 % յուղայնության կաթը ֆերմերներից ընդունում է 80-85 դրամով, իսկ նորմայից բարձր յուղայնություն ունեցող կաթը` 90-95 դրամով: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել «Աշտարակ-կաթի» կողմից կաթի մթերման իրական սակագները, որոնք էապես տարբերվում են հոդվածում նշված սակագներից:

«Աշտարակ-կաթը», Ագարակի եւ Երեւանի Քաղաքային կաթի գործարանի համար մթերվող բազիսային 3,6% յուղայնության կաթի 1 լիտրի դիմաց վճարում է 105 դրամ, իսկ Ճամբարակի պանրագործարանի համար մթերվող 1 լիտր կաթի դիմացՙ 95 դրամ:

Ինչ վերաբերում է Բերդի տարածաշրջանում մթերվող կաթի գներին, ապա «Աշտարակ կաթը» 1 լիտր բազիսային` 3,6 % յուղայնության կաթի դիմաց պատրաստակամություն է ցուցաբերել վճարելու ֆերմերներին 100 դրամ, եթե ֆերմերները իրենք հոգան կաթի տեղափոխման ծախսը եւ 95 դրամ, եթե ընկերությունն ինքը զբաղվի կաթի տեղափոխման գործընթացով:

Սակայն այս տարի այդ տարածաշրջանից ընդամենը մեկ անգամ կաթ են հանձնել միայն Վարագավանի ֆերմերները: Կաթի մթերումից նրանց հրաժարվելու պատճառները հասկանալու համար ֆերմերների հետ հանդիպել են «Աշտարակ-կաթի» ներկայացուցիչները: Ֆերմերները պատճառաբանել են, թե կաթի հանձման գինը ցածր է եւ նրանք գերադասում են 1 լիտրը`ըստ իրենց 150-200 դրամով (գները ճշտված չեն) վաճառել Իջեւանում եւ Բերդում:

Վերջերս, հուլիս ամսին, Բերդի տարածաշրջանի ֆերմերների հետ հանդիպել է «Կանաչ արահետ» ՀԿ տնտեսագետ-խորհրդատու Ռաֆայել Սարուխանյանը` պարզելու համար, թե ինչո՞ւ մինչ օրս ֆերմերները Նորաշենի մթերման կետին կաթ չեն հանձնում: Ֆերմերների մի մասը նրան պատասխանել է, որ կաթը պատրաստ է հանձնել ոչ պակաս, քան 150 դրամով, մյուս մասըՙ 110-120 դրամով, եւ ընդամենը ֆերմերների մի փոքր մասը համաձայնել է հանձնել կաթը 90-100 դրամով: Վերջիններիցս «Աշտարակ-կաթ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մթերելու կաթը:

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԲԱԶՅԱՆ, «Աշտարակ-կաթ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4