«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ ԿՈՍՏԱՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԶԱՐՅԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երեւանի Կաթողիկե եկեղեցուց քիչ վերեւ, Աբովյան թիվ 17 շենքի դիմաց հավաքված մարդկանց խմբի գոյությունը քաղաքի ներկա իրականության, ընթացքի համար շատ էր անսովոր. այստեղ կարելի էր հանդիպել այն սակավ հայերին, որոնց հրաշալի ներկայությունը հիշեցնում է ոչ վաղ անցյալի մտավորական միջավայրի մասինՙ կիրթ, գրագետ, զուսպ:

Կոստան Զարյանը խորհրդային հայաստանյան իրականության մեջ եզակի երեւույթ էրՙ անսովոր եւ օտար տիրող մթնոլորտին, համաշխարհային մշակույթին ոչ միայն քաջատեղյակ, այլեւ դրա անմիջական կրողը, կրթված, ձեւավորված եվրոպական մշակութային միջավայրերում, բարձր ինտելեկտուալ մարդ. ներքին մեծ կուլտուրայի տեր մտավորական, որի գրականությունը, անհատականությունն ու մտածողությունը խորհրդահայ իրականությանը անհամատեղելի էին, եւ պատահական չէր նրա ստեղծագործության եւ անձի հանդեպ անբարյացկամությունը եւ, թերեւս, նաեւ դրանիցՙ գրողի մենակությունը: Նա չհասկացված էր, այս երեւույթը հիմա էլ շարունակվում է. ժամանակները շատ չեն փոխվել: Սակայն ի բարեբախտություն հայ մշակույթի, հետխորհրդային անկախության շրջանը հնարավորություն տվեց Կոստան Զարյանի գրականության գնահատման, եւ վերջին տարիներին միայն «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը տպագրել է նրա մի քանի գրքեր: Հենց օրերս լույս տեսավ նրա բանաստեղծությունների նոր ժողովածունՙ «Բառերի ոսկին», որի, ինչպես նախորդ 3 հատորների կազմողն ու խմբագիրը Երվանդ Տեր-Խաչատրյանն էՙ Յուրի Խաչատրյանը:

Կյանքի վերջին տարիներին Կոստան Զարյանը եւ որդինՙ ճարտարապետ Արմեն Զարյանը, ապրել են Աբովյան թիվ 17 շենքում: Երեկ շենքի պատին տեղադրվեց այս մասին վկայող հուշատախտակըՙ գրքի նմանվող քարե բացվածքի մի «էջին» Կոստան Զարյանի, մյուսինՙ Արմեն Զարյանի ապրած տարեթվերի արձանագրությամբ: Հեղինակներն են Կոստան Զարյանի թոռըՙ Արա Զարյանը եւ Աշոտ Գրիգորյանը:

Հուշաքարի պատրաստման եւ տեղադրման աշխատանքները կատարվել են բարեգործական հիմունքներով, ճարտարապետության թանգարանի, մի քանի ճարտարապետների. մասնավորապես Մուրադ Գրիգորյանի օգնությամբ, աջակցությամբ Զարյան ընտանիքի: Միջոցառման նախաձեռնողը մշակույթի նախարարությունն է, քաղաքապետարանի համաձայնությամբ:

«1910-ականներին Կոստան Զարյանը դառնությամբ գրեց, թե շատ սարսափելի բան է փոքր ազգի գրող լինելը եւ այն էլ հայ ազգի: Այդ դառնության մեջ տեղ ունի Կ. Զարյանի ոչ համարժեք գնահատության խնդիրը, նրա վիթխարի ստեղծագործական ժառանգությունը մինչեւ օրս ոչ լիարժեք է գնահատվել: Զարմանալի կենսագրություն ունեցած, անդաստական կյանքով ապրած մտավորական, որ կարողացավ համաշխարհային մշակույթների հեւքը, շունչը բերել մեր գրականություն: Վիթխարի ինտելեկտի, հզոր տաղանդի տեր մարդ, որ գրական գրեթե բոլոր ժանրերով ստեղծագործել է: Բարեբախտաբարՙ այսօր մենք վերադառնում ենք Կոստան Զարյանին եւ նրա գրականությանը» (Լեւոն Անանյան):

Գրողի որդինՙ Արմեն Զարյանը, տաղանդավոր ճարտարապետ էր, մշակութաբան: Եվրոպայում մասնագիտական բարձր կրթություն ստանալուց հետո վերադարձել է Հայաստան: «Երեւաննախագիծ» ինստիտուտում աշխատելու առաջին օրերից մասնակցել երկրի քաղաքաշինության խնդիրներին. «Իր թողած ժառանգությունըՙ Գլխավոր պողոտան էր, որի իրականացման ականատեսը, ափսո՜ս, չեղավ»:

Հուշատախտակի բացմանը ներկա էր գրողի թոռըՙ Երեւանում ուսանած, այժմ Իտալիայում բնակվող ճարտարապետ Արա Զարյանը: Նա իր շնորհակալական խոսքն ուղղեց իշխանություններին, գրողների, ճարտարապետների միություններին, Կոստան Զարյանի գրական ժառանգության ուսումնասիրողներին, բոլոր ներկաներին. «Հենց նոր ինձ նվիրեցին Կոստան Զարյանի «Միացյալ Նահանգներ» գրքի ռուսերեն թարգմանությունը, տեղյակ եմ նաեւ բանաստեղծությունների նոր ժողովածուի մասին... », խոսքը չավարտած կողքից Արծվի Բախչինյանը նրան մեկնեց «Բառերի ոսկին» նորընծա հատորը: «Շնորհակալ եմ այս գրքերի, մթնոլորտի համար», ասաց նա:

Այսօր ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում կբացվի Արմեն Զարյանի աշխատանքների ցուցադրությունը եւ տեղի կունենա նրա գրքի շնորհանդեսը:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4