«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Գեղեցիկ արվեստների ակադեմիան դիզայն մասնագիտացումով (ինտերիեր- էքստերիերի, հագուստի, գրաֆիկայի, արդուզարդի դիզայն) հիմնադրվել է 1996 թվականին, երբ փլուզում-վերափոխումները երկրում տեղի էին ունենում հանրային կյանքի բոլոր ոլորտներում, նաեւ, իհարկե` կրթության: Դրանից առաջ արդեն մասնավոր բուհերի փորձը ինչ-որ չափով կար: Գեղեցիկ արվեստների ակադեմիան առաջին պետական հավատարմագրում ստացած մշակույթի մասնավոր բուհն է, որի հիմնադիր ռեկտոր նկարիչ-դիզայներ Էդուարդ Սեդրակյանը մանկավարժական երկարամյա փորձով (1972-ից աշխատել է մանկավարժական ինստիտուտի նկարչության ֆակուլտետում, գծանկարի ամբիոնին կից ստեղծել է դիզայնի բաժանմունք) կարողացել է ապահովել ստեղծագործական աշխատանքի ամենակարեւոր գործոններից մեկը` մթնոլորտը, ինչպես ինքն է ասում` արվեստանոցային: «Փորձում ենք բուհը նմանեցնել մի լավ, բարի, տրադիցիոն ընտանիքի, պահպանել արվեստի մթնոլորտը: Փորձը ցույց է տալիս, որ երբ ստեղծվում է համապատասխան միջավայր, մարդիկ սկսում են փոխվել: Սա հիմնականում կախված է ղեկավարի տրամադրվածությունից, նրա սկզբունքներից», մեր զրույցի ժամանակ ասաց նա, հանգամանորեն պատմեց անցած տարիների ձեռքբերումների մասին:

Այսօր բուհն ունի շուրջ 180 ուսանող` 4 մասնագիտացմամբ: Ակադեմիային կից գործում է քոլեջ` նույն մասնագիտություններով, տարին բոլոր` հոկտեմբերից մինչեւ սեպտեմբեր գործում են նախապատրաստական դասընթացները: Առաջին կուրսում ընդհանուր դիզայնի տեսական հիմունքների դասընթացներն ու ներբուհական ցուցահանդեսները ուսանողին օգնում են` կողմնորոշվելու նեղ մասնագիտություն ընտրելու մեջ` անշուշտ, ունենալով դասախոս-խորհրդատուների աջակցությունը:

Մեր քաղաքային միջավայրն այսօր, ցավոք, թե՛ շինարարական-ճարտարապետական, թե՛ գեղագիտական հարդարանքների տեսանկյունից շատ հեռացած է ընդունված չափանիշներից, նույնիսկ պարզ ճաշակը չի բավարարում: Երեւանը վաղուց կորցրել է քաղաքային իր նախկին համաչափ նկարագիրը, ավելի շուկայական տեսք է առել, քարե, մետաղե խայտաբղետ կառույցների աններդաշնակ կույտի վերածվել: Որոշ հատվածներ, իհարկե, գեղեցիկ են, համաչափ, երբ պահպանված է միջավայրային տարածությունը: Գովազդային ցուցանակներն ու խանութների ցուցափեղկերի (հատկապես փոքր), կրպակների ձեւավորումը քաղաքը խզբզած գույներով կտավի է վերածում: Հետաքրքրական է` մեր ակադեմիայի շրջանավարտները որքանո՞վ են կարողանում իրենց ստացած գիտելիքներն ի սպաս դնել դիզայնի այս ասպարեզում: Քանի որ հայտնի է` գործում, ավելի շուտ տիրում են կառույցների սեփականատերերի կամայական, քմահաճ մոտեցումներն ու քաղաքային իշխանությունների թույլ վերահսկողությունը:

Ինչեւէ, վերադառնանք ակադեմիային եւ նրա ընթացիկ տարիների հաջողություններին, որոնք հանրագումարի են բերվել բազմաթիվ մրցույթ-փառատոների արդյունքում: Այս առումով բուհը հարուստ փորձ ունի` շուրջ 170 մրցույթ-փառատոն, որոնցից 70-ը` հանրապետական եւ միջազգային մակարդակի: Անդրադառնանք դրանցից կարեւորներին, որոնք պատվաբեր են ոչ միայն առանձին ուսանող-դասախոսի եւ բուհի, այլեւ մեր երկրի համար:

Հիմնադրման առաջին տարին Երեւանի Կենտրոնական նորաձեւության տանը ակադեմիան կազմակերպեց հագուստի դիզայնի 1-ին մեծ ցուցահանդեսը. այն ապագայի խոստումնալից ծրագրի սկիզբն էր:

2001-ի «Ռուսսկի սիլուետ» միջազգային մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլին (Ծաղկաձոր) 29 մասնակիցներից 8-ը ակադեմիայի սաներն էին. նրանցից Ինգա Դուդուկչյանը շահեց Գրան պրին, երեքը գրավեցին 1-ին, 3-րդ եւ 4-րդ տեղերը, երկուսը ստացան խրախուսական մրցանակ: Դիզայներների միջազգային միությանՙ 2004-ին Օրյոլում կազմակերպված փառատոնի («Ինտեր-դիզայն») շուրջ 380 մասնակիցներ ներկայացնում էին պետություններ արտերկրից եւ ԱՊՀ-ից: Հանձնաժողովը ղեկավարում էր Ֆլորենցիայի դիզայնի եւ մոդայի ակադեմիայի նախագահ Ֆինչենցո Չուպպան: Հայաստանը ներկայացնող ակադեմիայի բոլոր 4 ուսանողները շահեցին մրցանակներ. մեկը լավագույն տասնյակի մեջ մտավ, մեկը` հագուստի դիզայնում արժանացավ 3-րդ կարգի, մյուսը` գրաֆիկական դիզայնում 1-ին կարգի դիպլոմների: Գրան պրին (հագուստի դիզայն) շահեց Մարինե Մանուկյանը: «Հայկական սիլուետ» երեւանյան 2-րդ մրցույթին, որի նախագահը հռչակավոր Վյաչեսլավ Զայցեւն էր, Մարինե Մանուկյանի` կոնստրուկցիայի սկզբունքով կառուցված «Օրիգամի» նախագիծը շահեց Գրան պրին: Դրանից բացի, նա Վ. Զայցեւից ստացավ իր լաբորատորիայում անվճար ուսանելու աննախադեպ հրավեր (այստեղ սովորում են բուհն ավարտելուց հետո միայն): Երկու տարի անց Օրյոլում կայացած միջազգային մրցույթին նա դարձյալ արժանացավ Գրան պրիին, իսկ ակադեմիան` «Լավագույն դպրոց» մրցանակին:

Մալթայի 2005-ի Բիենալեին, որ տեղի էր ունենում միջնադարյան մի ամրոցի հետաքրքրական, էկզոտիկ միջավայրում, ընդգրկում էր շուրջ 105 երկրների (Գերմանիա, Անգլիա, Իսպանիա, Իտալիա, Բոսնիա, Ռուսաստան եւ այլն) մասնագետներ` քանդակագործներ, դիզայներներ, ճարտարապետներ: Մեր մասնակիցներից Մարինե Մանուկյանը ներկայացնում էր «Երկրաչափական պրոգրեսիա-2», Արամ Նիկոլյանը «Հին ձեռագրեր» հավաքածուները` երկուսն էլ ինքնատիպ աշխատանքներ: Վերջինի` կաշվի եւ շիֆոնի համադրությամբ ուշագրավ մոդելները` բաղկացած են կիլիկյան մանրանկարչության վերարտադրության ձեւավորումով երկարաճիտ կոշիկներից եւ կաշվե բաճկոններից, վրան` հին ձեռագրային տեքստերից հատվածներ. աքսեսուրային հավելվածները (գոտիներ, ականջօղեր)ՙ Վարդան Բադոյանի: Գրաֆիկական դիզայնի մրցույթին մասնակցում էր Սերգեյ Մկրտչյանը: Բոլոր երեք մասնակիցները եւ ակադեմիան ստացան հատուկ դիպլոմներ:

Այս տարի ակադեմիայի մրցանակային հունձքն առավել առատ էր: Մոսկվայի ստրոգոնովյան փառատոնին, որ կազմակերպվում է մասնագիտական բուհերի դիպլոմային եւ կուրսային աշխատանքների միջեւ, քսանից ավելի հեղինակավոր բուհերի մրցակցության մեջ Գրան պրին ստացավ հայ ուսանողը, իսկ ակադեմիան` Ֆյոդոր Պարմանի անվ. արծաթե մեդալը: Մոսկովյան միջազգային «Ազգային տարազ» («էթնոէրատո») հոբելյանական 10-րդ մրցույթի «Էթնոէրատո» բրոնզե արձանիկը ստացան մեր ուսանողները եւ ակադեմիան, նաեւ Մոնղոլիայի եւ Ռոտերդամի փառատոների մասնակցության հրավեր ստացան: Ուլան-Բատորի հուլիսյան փառատոնը իր բնույթով ուսանողական չէր. Չինաստանի, Մոնղոլիայի, Կորեայի դիզայներական կենտրոնների փորձառու մասնագետների հետ մրցակցող մեր ակադեմիայի սաները միակն էին որպես ուսանողներ: Նրանց ներկայացրած «Պլյուս ֆոլկ» եւ «Սլավյանսկի սուվենիր»` հայկական եւ ռուսական ազգային տարազների թեմաներով նախագծերը արժանացան դիպլոմների, ակադեմիան եւ ռեկտորը` ներկայանալի սերտիֆիկատի:

Ռոտերդամի աշնանային փառատոնին Հայաստանը կներկայացնեն ակադեմիայի շրջանավարտներ Ինգա Դուդուկչյանըՙ «Գիծ եւ ծավալ» եւ Նինա Չանգլյանը «Ակունքներ» հավաքածուներով:

Այս հաջողությունները արձանագրելուց հետո, բնականաբար, հարց է ծագում, թե որտե՞ղ են դրսեւորում իրենց ուժերը բուհի շրջանավարտները, ապահովվա՞ծ են արդյոք նրանք աշխատանքով: Էդուարդ Սեդրակյանը վկայում է, որ շրջանավարտների մի մասը դիզայներական ֆիրմաներում է աշխատում: Մի շարք մրցույթների դափնեկիր Ռիմա Կազումյանը 3-րդ կուրսում դիզայներների միջազգային միության հրավերով մասնակցեց Ֆլորենցիայի դիզայնի եւ մոդայի ակադեմիայի ամառային դասընթացներին, իսկ բուհն ավարտելուց հետո մեկ տարի ուսանեց Միլանում: Այժմ նա հռչակավոր «Emporio Armani»-ի առաջատար մասնագետներից է: Բոգդանովկայի նորաբաց ջինսի արտադրության ֆիրմայի գլխավոր նկարիչ-կոնստրուկտորը Մարինե Մանուկյանն է, Վահան Այդինյանը աշխատում է «Փրինթինֆո» հրատարակչությունում:

Էդուարդ Սեդրակյանն այն կարծիքին է, որ մշակութային բուհերի ուսուցումը իր բնույթով ոչ միայն տարբեր է մյուսներից, նաեւ բարդ է. իհարկե, նկատի են առնված ուսուցման ստեղծագործական, անհատական մոտեցումները. ուսանող-դասախոս հարաբերություններն այս բուհում գործող ստերեոտիպերից դուրս են: Դասավանդման ընթացքը գիտելիքի փոխանցման ուսումնական պահանջներից զատ, ներառում է նաեւ մանկավարժ-հոգեբանի աշխատանք. «Ուսանողի աշխատանքը, կոմպոզիցիան, մտահղացումը ավելի լավ պատկերացնելու համար դասախոսը զգայուն մոտեցում պիտի ցուցաբերի` հասկանալու նրանց հոգեբանությունը, հոգեվիճակը, տրամադրությունը, կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը»: Բուհը վճարովի կրթություն է տալիս, սակայն «եթե ուսանողի մակարդակը չի բավարարում, նա մնում է նույն կուրսում, կամ հեռացվում է. դիպլոմ չի ստանում»:

Վերջին տարիներին ակադեմիան փորձեր է արել միջբուհական կապեր հաստատելու ուղղությամբ նաեւ: Ամիսներ առաջ Փարիզում «Մոդարտ» դիզայներական հաստատության հետ կնքվել է փոխհամաձայնագիր` 8-ական ուսանողների երկկողմանի փոխանակումով. ծրագիրն ամենայն հավանականությամբ կիրագործվի ձմեռային արձակուրդներին:

Այս ուսումնական տարի ավելի քան 40 ուսանող համալրել է ավանդույթներ ձեւավորած եւ փորձ կուտակած բուհական այս միջավայրը: Ակադեմիան Րաֆֆու դպրոցից տեղափոխվել եւ այժմ գործում է Մերգելյան ինստիտուտի կառույցներից մեկում:

Կարծում եմ, առիթներ դեռ կլինենՙ մասնակցելու ակադեմիայի կազմակերպած ցուցահանդես-փառատոներին: Առայժմ Էդուարդ Սեդրակյանի առաջարկած ալբոմներն եմ թերթում, որոնք խտացնում են բուհի անցած տարիների կենսագրության ցայտուն էջերըՙ մրցանակային հարուստ պատմություն (դիպլոմներ, պատվոգրեր, զանազան ներկայանալի մրցանակներ), հագուստի ճոխ հավաքածուների ցուցադրություններ, որոնք ներկայացնում են ամենատարբեր մոդելներՙ ձեւի, գույնի, ծավալի, անսովոր-ագրեսիվից մինչեւ մեղմ-նրբաճաշակը: Դրանք աչքի են ընկնում երեւակայության ազատությամբ, գեղագիտական հետաքրքրական լուծումներով: Առանձին ուշադրություն է դարձված տարբեր ժողովուրդների (ճապոնական, իտալական, ռուսական, հարավ-ամերիկյան, հայկական) ազգային տարազներին եւ դրանց ժամանակակից ոճավորմանը. իրոք, բազմազան, նորաձեւ, արվեստային:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Նկար 1. Ինգա Դուդուկչյան. «Գիծ եւ ծավալ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4