Մեր ապաշնորհությունը փորձում ենք արդարացնելՙ Հայաստան երկիրը թերարժեք հռչակելով
Հայաստանաբնակներիս մի հատվածի մեջ մեր երկրի հանդեպ թերարժեքության զգացումը հիմնավորապես է արմատավորվել, մի այլ մասի մեջ այն ուրվագծվում է վերջին տարիներին. իմա` չկարողացաք «Ջերմուկ»-ով երկիրը պահել: Տարիներ շարունակ այս վիճակը աղճատում է մեր ազգային նկարագիրը, պատճառում բազմաբնույթ անցանկալի դրսեւորումներ: Ինչո՞ւ ենք այսչափ անտարբեր ու անփույթ մեր ինքնության հանդեպ. տողերիս հեղինակը ցանկություն ունի խնդրի շուրջ կիսվել «Ազգ»-ի ընթերցողների հետ:
Թերարժեքության բարդույթը սկսվում է մեր երկրի տարածքի հանդեպ, իմ խոսքերով ասեմ, տարօրինակ պատկերացումից: Բացե՛ք ՀՀ-ին նվիրված որեւէ ձեռնարկ եւ կհանդիպեքՙ Հայաստանը սակավահող երկիր է: Այնուհետեւ գալիս է հայի քարից հաց քամելու ունակության գովերգը: Ծանոթացե՛ք, թե ինչ է փաստում ամիսներ առաջ ՀՀ գյուղնախարարության գիտատեխնիկական խորհրդի երաշխավորությամբ հրատարակված «Հայաստանի գյուղատնտեսությունը» վերլուծականը. էջ 20. «Հայաստանը սակավահող եւ քարերի երկիր է»: Թե ինչ հիմք ունի սակավահողության պնդումը, գրեթե չի նշվում. փոխարենը փաստվում է, որ գյուղատնտեսական օգտագործելի հողատարածությունները կազմում են հանրապետության տարածքի 70 տոկոսից ավելին, (2,1 մլն հա), իսկ վարելահողերը ընդամենը 15 տոկոսը. վարելահողերն այն տարածքներն են, որտեղ հնարավոր է առավելագույն արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն ծավալել: Օրինակՙ Նորվեգիայում դրանք կազմում են երկրի 324 հազար քկմ-ի ընդամենը 3 տոկոսը: Նույնքան տոկոս են կազմում 757 հազար քկմ եւ 1 մլն քկմ տարածքներ ունեցող Չիլիի ու Եգիպտոսի վարելահողային հատվածները: Վերջինում 1 բնակչի հաշվով վարելահողը ընդամենը 370 քմ է: Վերադառնանք ՀՀ-ին. մեր մնացած 15 տոկոսի մասին մասնագիտական միտքը գրեթե չի նշումՙ հայերիս կողմնորոշելով դեպի խոպան ու աղակալած հողերը: Այնինչ այդ 15 տոկոսի մոտ 90 տոկոսը մեր անտառային հարստությունն է, մնացածը` ջրային տարածքները: Իսկ ուր մնացին խոպան ու աղակալած հողերը. մասնագետների ամենայն բծախնդրությամբ արած ուսումնասիրություններով պարզվել է, որ դրանք կազմում են ՀՀ տարածքի 0,03 տոկոսը: Շա՞տ է, թե՞ քիչ 1 բնակչի հաշվով 6500 քմ գյուղատնտեսական օգտագործելի եւ 1500 քմ վարելահողային ռեսուրսը մեր բնականոն կենսագործունեության համար: Մասնագիտական միտքը Հայաստանը սակավահող երկիր է տարբերակով կանխավ բացասական դիրքորոշում է ամրագրում, հիմք դնելով մեր երկրի թերարժեքության գնահատականի հաստատմանը, որի եզրահանգումը մեկն է` տարածքն ի զորու չէ ապահովելու բնակչության պարենային պահանջարկը: Ինչքանո՞վ է այս ամենը բարոյական, համահունչ մեր ազգային խնդիրներին: Կարծես ՀՀ տարածքում չէ 660.000 հա զբաղեցնող Արարատյան դաշտը, 60.000 հա տարածքով Շիրակի դաշտը, որը հնուց փառաբանվել է որպես հացահատիկի շտեմարան: Խնդիրը փորձենք դիտարկել ճիշտ մեր տարածքն ունեցող, սակայն երբեւէ փոքր երկրների շարքը չդասվող Բելգիայի եւ երկիր մոլորակի ամենաշատ բնակչությունն ունեցող Չինաստանի օրինակներով, ուր բնակիչներին մտահոգող պարենային ապահովության ու անվտանգության հարցերը լուծված են առավելագույն արդյունավետությամբ:
Բելգիայի 30 հազար քկմ ընդհանուր տարածքից վարելահողային է 27 տոկոսը, 1 բնակչին բաժին է ընկնում 750 քմ վարելահող, մեր ցուցանիշի ուղիղ կեսը: Նկատենք, որ 50-րդ հորիզոնականից վերեւ գտնվող այս երկրում գյուղատնտեսական տարվա ընթացքում հազիվ 1 բերք է ստացվում, մեր մի շարք շրջանների 2-3-ի դիմաց: Հողը 2-3 բերք է տալիս նաեւ Չինաստանի որոշ շրջաններում, ուր 1 բնակչի հաշվով վարելահողը կազմում է 1000 քմ: Բայց ուր Բելգիայի ու Չինաստանի պարենայն ապահովությունն ու անվտանգությունը. ուր` ՀՀ-ինը, երբ անգամ 1-2 օրով Սեւ ծովի նավահանգիստների հետ մեզ կապող երկաթուղում երթեւեկի դադարեցումը համապետական խուճապի է հանգեցնում, հերթական պատճառ հռչակվում մեր տարածքի թերարժեքության հաստատման համար:
Հայ հանրության որոշակի հատված խնդրի իր տարբերակն ունի. հայոց հողը լիարժեք է, մեր վերաբերմունքն է թերարժեք: Երբ հողին պահանջվող բարեհոգությամբ չես վերաբերվում, նրան միայն քո պահանջներն ես պարտադրում, նա սրտնեղում է, դա ցուցադրում ի տես բոլորի: Մեկ խաղող մշակողին է ձեռնունայն թողնում, մի այլ անգամՙ ծիրանի այգիներ ունեցողին, տեսարՙ լոլիկ ու կարտոֆիլ մշակողին չի օգնում եւ այսպես շարունակ: Աշխարհին ալկոհոլային խմիչքով ու ծխախոտով ներկայանալու մեր նպատակասլացությունը մինչ այժմ լավ հանգրվանի չի հասցրել: Իսկ ի՞նչ են անում արդեն հիշատակված Բելգիայում ու Չինաստանում, երկիր մոլորակի առնվազն մի 100 երկրում. իրենց պարենային ապահովության գյուղքաղաքականությունն են վարում, որի հիմքը կաթնամսամթերքների արտադրության ծավալումն է: Այն իրականացվում է պարզ մի գործընթացի շնորհիվ. բուսաբուծությունը հարմարեցվում է անասնապահությանը: Կայացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում հարաբերակցությունը 1:2-ի է, ՀՀ-ում հակառակը` 2:1-ի. 400 մլրդ դրամի բուսաբուծության արտադրանք ենք թողարկում, 200 մլրդ դրամիՙ անասնապահական: Կոնկրետ Բելգիայում գյուղհողատարածքների 2/3-ը հատկացվում է կերային կուլտուրաներին: Կարծես նույն կերպ են վարվում Չինաստանում. բրնձի իրենց պահանջը բավարարելուն զուգահեռ 160-ական մլն տոննա ցորեն ու եգիպտացորեն են մշակում: Հացահատիկային այս մշակաբույսերը լիարժեք անասնակեր օգտագործելու շնորհիվ է, որ հիշատակված երկրները լուծել են իրենց հիմնական պարենպահանջարկների` կաթնամսամթերքների բավարար արտադրությունը, որով էլ հարազատ երկրները պաշտելի տարածքներ են դարձել: Եվ սա այն պարագայում, երբ Բելգիայի որոշ տարածքներ գտնվում են օվկիանոսից ցածր նիշում, իսկ Չինաստանի մի հսկայական մաս Գոբի անապատն է զբաղեցնում:
Ցավոք, լրագրային էջը այն տարածքը չէ, ուր կարելի է հիմնախնդիրը մանրամասնել. հանրությունը ակնկալում է մասնագիտական մտքի գնահատականը:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ