«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


ՄԱՐԴԻ՛Կ, ԲԱՐԻ ԵՂԵՔ

Ինչ ինձ է վերաբերում, ինձ համար միշտ էլ ծանր է եղել տեսնել, թե ինչպես են հետապնդում ու սպանում անմեղ, անպաշտպան եւ մեզ ոչ մի չարիք չպատճառած կենդանուն: Ես երբեք չեմ կարողացել հանգիստ նայել, թե ինչպես է տանջահար եղնիկը, հազիվ շնչելով եւ ուժասպառ, հետ դարձել ու հանձնվել հալածողներին` արցունքներով նրանից գութ աղերսելով... Դա ինձ միշտ անտանելի տեսարան է թվացել:

Միշել Մոնտեն

«Շատ մեծ դժվարությամբ եմ պատմելու եւ չգիտեմՙ կկարողանա՞մ արդյոք ավարտել պատմությունս:

Ախր նա փոքր էր, տակսա ցեղատեսակի շնիկ էր: Եղնիկի էր նմանվում: Շատ գեղեցիկ շուն էր: Ութ տարի ապրեց մեզ հետ: Իմ եւ ընտանիքիս ուրախությունն էր: Առաջինը նա էր տան անդամներին իմաց տալիս իմ գալու մասին: Բավական էրՙ լսեր մեքենայի ձայնը: Զարմանում էին, որ բակ մտնող մեքենաներին ուշադրություն չէր դարձնում: Կինս եւ տղաներս ասում էին, որ երբ մոտենում էր իմ աշխատանքից վերադառնալու ժամը, նա նստում էր պատուհանի գոգին եւ սպասում... Այդպես ութ տարի շարունակ, մինչեւ եկավ այդ չարաբաստիկ օրը: Դժվար է ինձ համար պատմել, այն, ինչ հիմա կլսեք (ես չէի ընդհատում, հարցեր չէի տալիս - Մ.Շ.):

Կնոջս մոտ հայտնաբերվեց էխինակոկ, այն էլ գլխի եւ թոքերի վրա... Ասացին, որ շունն է պատճառը... Պետք է ստուգվեին նաեւ ընտանիքիս անդամները ու հարազատներս, այսինքնՙ նրանք, ովքեր շփվել, սիրել են շանը... Մինչ կկատարվեր այդ գործընթացը, կլինեին բժշկական բոլոր հետազոտությունների պատասխանները, կնոջս անհապաղ վիրահատեցին... Ես, ինձ շրջապատող հարազատներիս համարյա թե հրամանով, պետք է շանս կորցնեի... Շատ լավ եմ հիշում, ձմեռն էր մոտենում, սարսափելի ցուրտ էր... Քաղաքից շատ հեռու տարա շանս... Համբուրեցի եւ մեքենայից իջեցրի... Շատ արագ էի վարում մեքենան, բայց նա վազում էր ու վազում... Զարմանում էի, թե այդքան ուժ որտեղի՞ց այդ փոքրիկ արարածին, որ հետ չէր մնում... Իսկ ես մեքենայի հայելու միջոցով հետ էի նայում... Աչքերս ամբողջությամբ արցունքներով էին լցված, համարյա թե ոչինչ չէի տեսնում... Բավականին հեռու գնալուց հետո իջա մեքենայից: Նա չկար... Իմ շատ սիրելի շնիկը չկար... Մութ էր արդեն: Հիվանդանոց գնացի: Կինս անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան է պատահել... Չխոսեց, միայն կասեմ, որ գիշերները այդքան բարդ վիրահատությունից հետո չէր քնում, թաքուն լաց էր լինում: Այդ արցունքները ֆիզիկական ցավից չէին, այլ` հոգեկան: Ինձ հետ չէր խոսում... Հետո, անմիջապես պետք է թոքերը վիրահատեին... Ամեն ինչ բարեհաջող անցավ... Հա, ստուգվածներից եւ ոչ մեկի մոտ էխինակոկ չհայտնաբերվեց... Հետո իմացա, որ շատ ու շատ հիվանդներ կենդանի չեն պահում, բայց էխինակոկով են վարակված, այդ իսկ պատճառով էլ վիրահատվել են...

Երանի շուտ իմանայի, որ էխինակոկով կարող են վարակվել խոզի մսից, կանաչեղենից եւ այլ սննդամթերքի միջոցով: Ուրեմն իմ շունը մեղավո՞ր չէր... Այս անգամ հոգեկան սարսափելի հարված ստացա... Բայց ուշ էր, ես արել էի անդառնալին, կուզեքՙ ոճրագործություն կոչեք իմ արարքը... Չեմ փորձում արդարանալ, չեմ էլ ցանկանում... Մեղավոր եմ, մեղք եմ գործել: Անգամ մեկ տարի չանցավ այս ամենից, տառապանքներից, մեծ ֆինանսական ծախսերից հետո, երբ կինս ինձ ստիպեց շուն բերել: Բոլոր տեսակի կենդանիների մեջ միշտ էլ շանն է սիրել եւ միշտ ասում էր ու ասում է, որ շունը ամենահավատարիմ կենդանին է ողջ տիեզերքում: Ասաց, որ թող մեզ հանդիմանեն, մեղադրեն, թող մեր տուն չգան, բայց սխալն ուղղել է պետք...

Իսկ մինչ ես սխալս կուղղեի, նա պատուհանի մոտ էր նստում եւ սպասում էր շանը կամ էլ փողոցներում էր փնտրում, հարց ու փորձ անում եւ այլն... Այսպես չէր կարող շարունակվել... Ես նոր շուն բերեցի ու նվիրեցի կնոջս... Բայց մինչ այսօր նա ինձ չի ներում... Շունը մեզ հետ մեծանում է, տան անդամն է, ինչպես...»:

Նախ ասեմ, որ շատ-շատերին գիտեմ, ովքեր շանը տարել, կորցրել են: Խուսափում էին պատմել` ինչո՞ւ, ի՞նչն էր պատճառը: Վերջապես այս տղամարդը համարձակություն ունեցավ պատմելու իր գործած մեղքի մասին: Պատմելու ժամանակ նրա աչքերը կարմրել էին, կարծես թե երեկ էր կատարվել այդ դեպքը: Այդ տղամարդը չէր կարողանում պատմելու ժամանակ լացել, միգուցե ամաչո՞ւմ էր կին լրագրողից: Իսկ ինչքա՜ն շատ են այսպիսի դեպքերը: Շանը փողոց են նետում, ծնողներին` ծերանոց: Հետո էլ տանջվում, փնտրում են: Այս դեպքը միայն մեկ մեղմացուցիչ հանգամանք ուներ` կնոջ առողջության մասին էր խոսքը: Բայց ափսոս, որ այդ անմեղ շանը կորցրեցին...

Ինձ համար շատ դժվար էր լսել այս պատմությունը, ես էլ շուն ունեմ, որին շատ եմ սիրում: Շունը երբեք չի հավատում, որ իր տերը, բարեկամը` մարդը, ցավ կպատճառի իրեն: Շները նվիրվում են անմնացորդ: Միգուցե փողոցներում հանդիպող, երբեմն մարդկանց կծող շները, հենց լքված շնե՞րն են: Մարդ արարած, եթե կենդանի ես պահում, դու պարտավոր ես եւ պարտական ես նրա առաջ, չէ՞ որ նա շատ անպաշտպան է, խոցելի:

Մարդի՛կ, բարի եղեք, շունն էլ ձեզ չի կծի: Հեռուստաընկերություններ կան, որ շներին եւ ագռավներին արդեն դասում են գայլերի, արջերի շարքը: Միգուցե քաղաքով մեկ թափված, ոտքի տակ տրորվող ա՞ղբն է մեղավոր, ո՞վ գիտի... Միգուցե` այո՞:

ՄԱՐԻ ՇԻՇՄԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4