«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆԻ ՆՎԱՃՈՒՄԸ

Ռոտերդամում ընթացող ձյուդոյի աշխարհի մեծահասակների առաջնությունում իրոք պատմական նվաճման հասավ Հովհաննես Դավթյանը: Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ հայ ձյուդոյիստը դարձավ մրցանակակիր: Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, Դավթյանը շահելով առաջին 3 գոտեմարտերը, մտել էր քառորդ եզրափակիչ: Այդ փուլում նրան լուրջ փորձություն էր սպասվում հանձին աշխարհի չեմպիոն, ճապոնացի Հիրոակի Հիրաոկայի: Ցավոք, հայ ձյուդոյիստին չհաջողվեց կոտրել ճապոնացու դիմադրությունը: Վերջինս կիսաեզրափակիչում հաղթելով իտալացի Էլիո Վերդեին, մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Հիրաոկան պարտություն կրեց Ուկրաինան ներկայացնող Գեորգի Զանտարայից եւ դարձավ արծաթե մեդալակիր:

Քանի որ Դավթյանի մրցակիցը հասել էր մինչեւ եզրափակիչ, ուստի մրցակարգի համաձայն նա իրավունք ստացավ մասնակցելու բրոնզե մեդալի համար մղվող մրցավեճին: Առաջին գոտեմարտում հայ ձյուդոյիստը պարտության մատնեց չեխ Պավել Պետրիկովին, ապա առավելության հասավ Իռլանդիան ներկայացնող Վահիդ Սառլակի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար վճռորոշ մենամարտում Հովհաննեսի մրցակիցը կիսաեզրափակիչում Հիրաոկային պարտված իտալացի Էլիո Վերդեն էր: Դավթյանն այս գոտեմարտն էլ վստահ անցկացրեց եւ հաղթանակ տոնելով, արժանացավ բրոնզե մեդալի:

60 կգ քաշայինների մրցավեճին մասնակցում էր եւս մեկ հայ ձյուդոյիստՙ ռուսաստանցի Արսեն Գալստյանը: Նա առաջին գոտեմարտում հաղթեց շվեդ Օլե Սունդստրյովին, սակայն հաջորդում պարտվեց Վահիդ Սառլակին եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի 3-րդ ներկայացուցիչըՙ 73 կգ քաշային Ռոբերտ Վարդանյանը, եւս անհաջողության մատնվեց: Նա առաջին գոտեմարտում զիջեց Ասիայի փոխչեմպիոն, ղազախստանցի Ռինատ Իբրահիմովին: Հիշեցնենք, որ նախորդ օրը նույն բախտին էր արժանացել նաեւ 66 կգ քաշային կարգում հանդես եկած 2005-ի Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը:

Այսպիսով, ձյուդոյի աշխարհի առաջնությունը հայ մարզիկների համար ավարտվեց: Հայաստանի 3 ներկայացուցիչները մեկ մեդալ նվաճեցին: Առայժմ առավել հաջող են հանդես գալիս ձյուդոյի հայրենիքիՙ Ճապոնիայի ներկայացուցիչները, որոնք նվաճել են մեկական ոսկե եւ արծաթե մեդալ: 2-ական մեդալ են նվաճել նաեւ Իսպանիայի (արծաթ) եւ Կորեայի (բրոնզ) ձյուդոյիստները: Մեդալների հաշվարկով Հայաստանն առայժմ 6-9-րդ տեղերն է բաժանում մեկական բրոնզե մեդալ նվաճած ֆրանսիացիների, հունգարացիների եւ իտալացիների հետ: Սակայն ցուցակում Հայաստանը կնահանջի, քանի որ հայ ձյուդոյիստներն արդեն ավարտել են ելույթները ի տարբերություն շատ երկրների, որոնք ներկայացված են քաշային ավելի մեծ թվով կարգերում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4