«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2009-08-26 | #152, 2009-08-27 | #153, 2009-08-28


ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄՈՆՐԵԱԼԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը կմասնակցի Մոնրեալում մեկնարկող շախմատի ավանդական 10-րդ մրցաշարին: 12 մասնակիցները շրջանաձեւ մրցակարգով կվիճարկեն գլխավոր մրցանակը: Մեկնարկային տուրում Հակոբյանը սեւերով կխաղա Կանադան ներկայացնող Թոմաս Ռուսել-Ռուզմոնի հետ: Մեկնարկային տուրի մյուս զույգերը կազմել են Էթիեն Բաքրոն եւ Սեբաստիան Մազը, Սերգեյ Տիվյակովն ու Անտոն Կովալյովը, Վինայ Բհատն ու Ալեքսանդր Օնիշչուկը, Յուրի Շուլմանն ու Արկադի Նայդիչը, Մարկ Բլյուվշտեյնն ու Ալեքսանդր Մոիսենկոն:

Ավանդական այս մրցաշարն անցկացվում է 2000-ից: Անդրանիկ մրցաշարի հաղթող է ճանաչվել Էդուարդ Ռոզենտալիսը, որը Սերգեյ Սմագինին գերազանցեց լրացուցիչ գործակիցներով: Երկուսն էլ 11 հնարավորից վաստակել էին 8,5-ական միավոր: Հաջորդ տարիներին մրցաշարի հաղթողներ ճանաչվեցին Ալեքսեյ Լեսիգեն (8 միավոր), Ժոել Դեգրավյեն (8,5), Էդուարդ Ռոզենտալիսը (8,5), Զախար Եֆիմենկոն (7,5), Վիկտոր Միխայլեւսկին (8), Պավել Էլյանովը (6,5ՙ 9 հնարավորից), Վասիլի Իվանչուկը (7ՙ 9 հնարավորից) եւ Յուրի Շուլմանը (6,5ՙ 9 հնարավորից): Ինչպես տեսնում եք, վերջին 3 տարիներին մասնակիցների թիվը 2-ով կրճատվել էր: Այս տարի մրցաշարում կրկին հանդես կգան 12 շախմատիստներ:

Վարուժան Հակոբյանը 2-րդ անգամ է մասնակցելու այս մրցաշարում: Նա իր նորամուտը նշել էր անցյալ տարիՙ 10 մասնակիցների մեջ 5,5 միավորով գրավելով 3-րդ տեղը: Հաղթող էր ճանաչվել Յուրի Շուլմանը (6,5 միավոր), իսկ 2-րդ տեղը գրավել էր Հիկարու Նակամուրան, որը Վարուժանի հետ հավասար միավորներ էր վաստակելՙ նրան գերազանցելով միայն լրացուցիչ գործակիցների շնորհիվ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4