ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ Ազգային ժողովի` մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքային նիստի օրակարգային երեք հարցերից վերջինը` փաստահավաք խմբի նախկին անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի` ԺՀ-ին ներկայացված զեկույցին էր վերաբերում, բայց այս քննարկման մասին սկզբում պատմենք: Զեկույցը 2008 թվականի դեկտեմբերի 18-ին ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթղթին է վերաբերում, որտեղ 5 պաշտոնյայի եւ 4 պատգամավորի մասին տեղեկություն է հայտնվում, թե նրանց (նրանց մարդկանց-Մ.Խ.) ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության բաժնից տրամադրվել են զինվորական զգեստներ: (Տեսՙ «Ազգ» -ի նախորդ համարը) Տեղեկությունն իբր հավաստի աղբյուրից է, բայց անվտանգության առումով տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտում: Լրացուցիչ փաստարկ այս փաստաթղթում, ըստ ԺՀ նախագահ Սամվել Նիկոյանի , չկա: Գումարած, որ փաստահավաք խմբի նախկին այս երկու անդամները փորձել են ճշտել տեղեկության իսկությունը եւ ՊՆ պահեստում չեն կարողացել ճշտել. այս փաստաթղթի վերաբերյալ հանձնաժողովականները վերաբերմունք հայտնեցին:
Ըստ ԺՀ անդամ Գուրգեն Արսենյանի ` այդ փաստաթղթի մեջ սարսափելի ներուժ ունեցող վտանգ կա` արագ եւ օպերատիվ արձագանքել է պետք, ստուգել, այցելել ՊՆ, որ հասարակության մեջ ճիշտ վերաբերմունք լինի իշխանությունների հանդեպ, քանի որ մինչեւ հիմա հնչած ամենավտանգավոր մեղադրանքն է սա: Արծվիկ Մինասյանը հստակեցրեց` իշխանությանն անօրինական զինված խմբավորում ստեղծելու ծանր մեղադրանք է ներկայացվում, այս հարցի ստուգման մեջ զեկույցի հեղինակներին եւս պետք է ներգրավել: Ս. Նիկոյանը հիշեցրեց, որ սա ՀԱԿ-ը ներկայացրել էր նաեւ օտարերկրյա դեսպանատներին: Ժամանակը քիչ է, քանի որ ԱԺ աշնանային առաջին նիստում ԺՀ-ի վերջնական զեկույցը պետք է ներկայացվի, ուրեմն եւ արագ պետք է ստուգվի այս աղմկահարույց մեղադրանքը` ըստ Արամ Հարությունյանի :
ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանն այս առթիվ հայտարարությամբ հանդես եկավ, թե Գագիկ Ծառուկյանը (ում անունը եւս մեղադրանքում նշվում է-Մ.Խ.) հայկական բանակի հովանավորների եւ աջակիցների շարքում է շատ երկար, նույնիսկ այն ժամանակ, երբ Ա. Քոչարյանը եւ իր հովանավորներն այդ բնագավառում էին աշխատում, եւ նա ու նրա կողմնակիցները կարիք չեն ունեցել որեւէ բան որեւէ պահեստից անվճար ստանալու, սա թող պարզվի. «Ես չգիտեմ` ի՞նչ ակնարկ են անում էս թուղթն այստեղ ուղարկողները, մի անգամ եւս ուզում ենք ասել, որ Գ. Ծառուկյանի հետ կապված մարդիկ մարտի 1-ին այդ իրադարձությունների վայրում չեն եղել ու դրա հետ ոչ մի կապ չունեն:
Ու եթե ՀԱԿ-ը կամ Անդրանիկ Քոչարյանը, կամ որեւ մեկը այդ մեկ տարվա ընթացքում ուզենար որեւէ ապացույց ունենալ` վաղուց իրենց պատառոտել էին, այդպիսի ապացույցներ չկան, որովհետեւ այդպիսի բան չի եղել: Աջակցում եմ, որ այդպիսի հետաքննություն արվի», ասաց նա:
Ինչո՞ւ չդիմենք, որ ՀԱԿ-ը ինֆորմացված մարդիկ տրամադրի` ստուգելու մեղադրանքը, առաջարկեց Ս. Նիկոյանը: Ա. Մինասյանն էլ ասում էր` սա ավելի նախաքննական մարմնի գործն է... բացի այդ` մի մարմնի վերաբերյալ պետք է ուսումնասիրություն կատարել, որը գոյություն չունի, սա իրավական նոնսենս է: Ս. Նիկոյանը քննարկումն ամփոփեց` հանձնաժողովականների ընդհանուր տեսակետն է, որ ուսումնասիրվի այս փաստաթղթում առկա տեղեկատվությունը, փաստաթուղթն արդեն ուղարկվել է նախաքննական մարմին, իսկ ԺՀ-ն կստեղծի աշխատանքային խումբ` հրավիրելով նաեւ ՀԱԿ-ի այն ներկայացուցչին, ով ինֆորմացված է:
Ավելի ուշ Ս. Նիկոյանն «Ազգին» ասաց, թե ըստ էության հանձնաժողովը կարող էր այդ հարցը չուսումնասիրել, որովհետեւ կարող է ստանալ նմանատիպ հազար գրություն, որտեղ կարող են հղում արվել հավաստի աղբյուրների, որոնք չեն ցանկանում բացահայտվել. «Բայց եթե նույնիսկ դա պարունակում է զրպարտության էլեմենտներ կամ մեղադրանքներ, միեւնույն է, ես գտնում եմ, եւ հանձնաժողովը գտավ, որ մենք պետք է կատարենք ուսումնասիրություններ»: Արդյո՞ք այդ պատճառով կարող է զեկույցն ուշանալ.«Ես կարծում եմ, որ նման զեկույցներով, որ ուղարկում են հանձնաժողովին` նաեւ նման խնդիր են ուզում լուծել, որպեսզի զեկույցի ժամկետը հնարավորինս հետաձգեն կամ տեղափոխեն:
Մենք շատ օպերատիվ կաշխատենք եւ կփորձենք այդ բոլոր հարցերին հրապարակային-փաստաթղթային պատասխան տալ: Բայց միեւնույն ժամանակ նախաքննական մարմնից եւ դատախազությունից հանձնաժողովը պահանջելու է, որ նման խնդիրներին նաեւ իրավական գնահատական տա: Կամ պարզաբանի` եղել է, եւ մենք դրան իրավական գնահատական կտանք, իսկ եթե ոչ` մարդկանց զրպարտության գնահատականը տա, դա շատ կարեւոր է, այլապես սա կարող է անվերջ կրկնվել»:
Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր վերջնական զեկույցի ձեւավորման ընթացքին: Ավելի վաղ աշխատանքային քննարկման ընթացքում ձեւավորվել էր աշխատանքային խումբ` Նաիրա Զոհրաբյան ու Արամ Սաֆարյան կազմով, որոնց առաջադրանք է տրվել, որպեսզի նրանք գրեն զեկույցի համար 2008-ի նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական քարոզչության հիմնական մոտեցումները, եւ ձեւավորեն հանձնաժողովի գնահատականն այդ երեւույթներին: Արամ Սաֆարյանը ներկայացրեց այդ զեկույցը կամ զեկույցի նախաբանը: Այն ներառում էր նախընտրական զարգացումներին, ընտրությունների օրվան, ընթացքին եւ հետընտրական զարգացումներին վերաբերող դրվագների գնահատականների ամբողջությունը` ընդհուպ մարտի 1-ի օրը: Ղեկավարվել են մի սկզբունքով` պետք է վերլուծվեր, ուսումնասիրվեր եւ շարադրվեր այնպես, որ մեկընդմիշտ հասարակության համար բացառվի քաղաքական կրքերի այնպիսի բորբոքում, որը կարող է հանգեցնել ատելության եւ թշնամանքի, իրարամերժության եւ անվստահության, հանգեցնի հասարակության այնպիսի ծայրահեղ բեւեռացմանը, որը եղավ մարտի 1-ին: Զեկույցը կազմելիս` առաջնորդվել են մի քանի կարեւոր փաստաթողթերով, որոնք ընդունելի գնահատականներ են պարունակում մարտի 1-ի իրադարձության նախապատմության հետ. ԵԱՀԿ դիտորդական միացյալ առաքելության վերջնական եզրակացությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության, Եվրոխորհրդարանի դիտորդական առաքելության եզրակացությունների ամբողջությունը, որոնք հիմք են ծառայել ստեղծված նախաբանի համար: Նաեւ` ԵԽԽՎ հայտնի բանաձեւերը, որոնք վերաբերում են մարտի 1-ի իրադարձություններին, եւ որոնցից առաջինը եւ նրան հաջորդողները անդրադարձ են ունեցել նախընտրական զարգացումների, ընտրությունների ընթացքի վրա: Որպես հիմք օգտագործվել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը` մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, ինչը նիստին ներկա Արմեն Հարությունյանը ողջունեց: Այդ նախաբանն այս երկու օրը կամբողջանա հանձնաժողովականների առաջարկների հիման վրա: