«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2009-08-27 | #153, 2009-08-28 | #154, 2009-08-29


ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՄԱՐԵՑ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ ԱՏՅԱՆԻ ՆԻՍՏԸ

Երեկ գումարվեց սփյուռքի նախարարությանը կից ատյանի նիստը, որի ընթացքում քննարկվեցին հայրենիք-սփյուռք գործակցության ոլորտում գործադիր մարմինների 2009-ի իրականացրած աշխատանքները, որոնք ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Զաքարյանը : Նա նշեց, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ բոլոր պետական գերատեսչությունները ներկայացրել են համապատասխան տեղեկանքներ եւ հաղորդագրություններ 2009-ի առաջին կիսամյակում Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում իրենց կողմից իրականացվող կամ շարունակության մեջ գտնվող միջոցառումների վերաբերյալ:

Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում մշակվել եւ որպես փաստաթուղթ ընդունվել են տարբեր իրավական ակտեր, կառավարության որոշումներ, օրենքի, նախագծերի փոփոխություններ եւ այլն: Պրն Զաքարյանը նշեց նաեւ, որ Հայաստանի եւ արտերկրների միջեւ կնքվել են 13 գործակցության հուշագիր-համաձայնագրեր տարբեր միջոցառումներ իրականացնելու մասին: Համատեղ գործառություններն ու կատարած աշխատանքները նշելուց հետո պրն Զաքարյանը ներկայացրեց նաեւ առաջիկա մշակված ծրագրերը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, թե առաջին անգամն է, որ բոլոր նախարարությունների գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերը պետք է համակարգվեն սփյուռքի նախարարությունում եւ հարկ է, որ այդ մասին նախապես յուրաքանչյուր ծրագիր մանրամասն քննարկվի համատեղ:

Քննարկումները շարունակվեցին 2010-ի բյուջեի շուրջը, եւ հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը, առաջարկվեց բյուջեում ներառել ամենահրատապ ու ազգապահպանման համար կարեւորագույն ծրագրերը:

Քննարկվեցին համահայկական մասնագիտական համաժողովներ անցկացնելու առաջարկները, եղան բազմաթիվ այլ առաջարկներ, որոնց նախարարը տվեց սպառիչ պատասխան ու հանձնարարեց երկու շաբաթ հետո բոլոր առաջարկներն ընդգրկված ներկայացնել, որպեսզի վերջնական համաձայնությունից հետո դրանք ներառվեն 2010 թ. բյուջեի նախագծում եւ ներկայացվի կառավարություն:

Ատյանի քննարկմանը ներկայացվեց սփյուռքի նախարարության 2009-ի հրատարակությունների մասին տեղեկատվությունը, ծավալվեց աշխույժ քննարկում: Բացի վերը նշված օրակարգային հարցերից, ատյանում քննարկվեցին ընթացիկ հարցեր, հնչեցին առաջարկներ ու նոր ծրագրերի գաղափարներ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4