Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների տնօրեն (ԱՀՀ) նախագահ Արփի Վարդանյանը մեկ շաբաթ առաջ Կալիֆոռնիայի դատարանի Հայոց ցեղասպանության զոհի ժառանգի հայցը հակասահմանադրական ճանաչելու վճիռը որակում է խայտառակություն: Ըստ նրա` երկու դատավորները վճիռը կայացնելու ժամանակ հաշվի չեն առել փաստերի մի մասը:
«Ոչ ոք չի հերքում, որ 1915-ին 1,5 մլն մարդ է մահացել: Դատավորնեը հաշվի չեն առել, որ դեպարտամենտի աշխատակիցները, ԱՄՆ նախագահ Ռեյգանը օգտագործել են «ցեղասպանություն» բառը: Հաշվի չեն առել, որ 43 նահանգներում ընդունվել են դեկլարացիաներ` ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Հաշվի չեն առել նաեւ, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը օգտագործում է «ցեղասպանություն» բառը: Եվ վերջապես նրանք հաշվի չեն առել, որ ԱՄՆ 5 նահանգների դպրոցներում Հայոց ցեղասպանություն առարկա է դասավանդվում», նկատեց Արփի Վարդանյանը:
«Այդ վճռից կարելի՞ է ենթադրել, որ Կալիֆոռնիայում հայկական լոբբիինգը պարտություն կրեց», «Ազգ» -ի հարցին Արփի Վարդանյանը նկատեց, որ այդ վճռով ոչ թե հայկական լոբբիինգը պարտություն կրեց, այլ պարտվեց աշխարհի ժողովուրդը:
«Այստեղ պարտություն չկա, կա սուտ: Այսպիսի հերքումներով, ժխտելով իրողությունը, աշխարհի ժողովուրդներն են հայտնվում վտանգի տակ: Այս վճիռը հետ է գցել ցեղասպանությունների կանխարգելման պրոցեսը», ասաց նա: Վարդանյանը հավելում է, թե գործընթացը շարունակվում է, հետեւաբար, վաղ է կանխագուշակել, թե վճիռն ինչպիսի ազդեցություն կթողնի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման վրա:
ԱՀՀ առաջիկա գլխավոր խնդիրներից է նախագահ Օբամայի վարչակազմին համոզիչ կերպով փաստել, որ Կալիֆոռնիայի դատարանը սխալ է հասկացել ԱՄՆ կառավարության դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին, Արփի Վարդանյանը նկատում է, որ Թուրքիան կարծես այս հարցին լուրջ չի վերաբերվում: «Սահմանը պետք է բացվի, բայց Թուրքիան պետք է կարողանա լուրջ քայլերով արտահայտել իր ցանկությունը: Մյուս կողմից, այդ ցանկությունը չպետք է կապված լինի այլ խնդիրների, մասնավորապես Հայ դատի եւ ղարաբաղյան հարցի հետ», հավելեց Արփի Վարդանյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ