Նման կանխատեսմամբ հանդես եկավ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը
Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 18,5 տոկոս անկումն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, ըստ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի , անակնկալ չէր: Երեկ «Նովոստի» գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ նման ցուցանիշներ կանխատեսվում էին ե՛ւ ֆինանսների նախարարության, ե՛ւ միջազգային տնտեսական կառույցների կողմից: Տիգրան Դավթյանի հավաստմամբ, կառավարության հակաճգնաժամային քայլերի արդյունքներն արդեն տեսանելի են, եւ դրանք հատկապես ակնառու կդառնան այս տարվա 4-րդ եռամսյակում: Ֆինանսների նախարարը կրկնեց նախորդ մամուլի ասուլիսի ժամանակ իր հայտնած տեսակետը, ըստ որի` Հայաստանի տնտեսության մեջ նկատվում են կայունացման միտումներ: Նա այն կարծիքը հայտնեց, որ տարեվերջին տնտեսության անկման ցուցանիշն ավելի բարվոք կլինի եւ կգտնվի 10-15 տոկոսի սահմաններում, իսկ 2010-ին կհաջողվի ապահովել 1-1,5 տոկոս տնտեսական աճ:
Ինչ վերաբերում է պետական բյուջեի կատարմանը, ապա նախարարը տեղեկացրեց, որ 7 ամսվա կտրվածքով եկամուտները կազմել են 359 մլրդ դրամ, ծախսերը` 426 մլրդ դրամ: Դեֆիցիտն ընդհանուր առմամբ կազմել է 67 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի շուրջ 4,7 տոկոս է: Տիգրան Դավթյանը նշեց, որ բյուջեի դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարի կկազմի մոտ 6,5 տոկոս, իսկ 2010-ին կնվազի մոտ 1 տոկոսի չափով եւ կկազմի 5- 5,5 տոկոս: Գնաճի մակարդակը, նախարարի խոսքերով, Հայաստանում շարունակում է մնալ ցածր:
Ռուսական վարկի առնչությամբ ֆինանսների նախարարը հայտնեց, որ շուրջ 185 մլրդ դրամից իրական տնտեսությանն է ուղղվել 120 մլրդ դրամը: Այդ գումարից 38,6 մլրդ դրամն արդեն ներդրվել է տնտեսության իրական հատվածում: Կառավարությունը փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) խթանմանն է ուղղել շուրջ 50 մլն դոլար սեփական միջոցներից եւ նույնքան էլ` Համաշխարհային բանկից ստացված վարկերից: Տիգրան Դավթյանի համոզմամբ, այդ վարկերի արդյունքները տեսանելի կլինեն արդեն այս տարվա չորրորդ եռամսյակում: Նախարարը հույս հայտնեց, որ ներգրավված միջոցները, մեծացնելով հայաստանյան առեւտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի առաջարկը, կարող են հանգեցնել նաեւ վարկերի տոկոսադրույքների որոշակի իջեցմանը:
Տիգրան Դավթյանը նշեց, որ 2010-ի պետական բյուջեն լինելու է իրատեսական եւ բավականին համեստ, իսկ այս տարվա բյուջեն կատարվում է բավականին արդյունավետ: «Ճգնաժամը բյուջեի ընթացիկ կատարման վրա չի ազդել: Նույնիսկ որոշ ծախսեր կատարվում են ավելին, քան նախորդ տարիներին, օրինակ` շուրջ 18 տոկոսով ավելացել են սոցիալական ծախսերը: Դրանց ավելացման դինամիկան կպահպանվի, քանի որ դրա համար բյուջեն բավականին մեծ ռեսուրսներ ունի: Այդուհանդերձ, աշխատելու ենք խնայողական ռեժիմով, ինչպես հիմա. չենք անելու այն ծախսերը, որոնք էական նշանակություն չեն ունենա տնտեսության զարգացման համար», ասաց նախարարըՙ ավելացնելով, որ այս տարվա համար նախատեսված 945 մլրդ դրամի ծախսերից կիրականացվի 905-910 մլրդ դրամի ծախս: Այսինքն, ծախսերի նախատեսված 10 տոկոս կրճատումից ավելի պակաս կլինեն խնայումները: Տիգրան Դավթյանն աննպատակահարմար է համարում սեկվեստորիՙ ծախսերի կրճատման անհրաժեշտությունըՙ նշելով, որ դա կնշանակեր եւս մեկ հարված տնտեսությանը: «Մենք կատեգորիկ դեմ ենք ծախսերի կրճատմանը եւ նման մտադրություն չունենք», ընդգծեց ֆինանսների նախարարը:
Հայաստանի պետական պարտքի մասին խոսելով, Տիգրան Դավթյանն այն համարեց կառավարելիի եւ թույլատրելիի շրջանակներում: Նշելով, որ «Պետական պարտքի մասին» օրենքով թույլ չի տալիս վարկեր ներգրավել երկրի ՀՆԱ-ի 60 տոկոսից ավելի չափով, նախարարը փաստեց, որ այդ չափաքանակը չեն հատել եւ հատելու մտադրություն չունեն:
Անդրադառնալով այն հարցին, թե ԱՊՀ երկրների կտրվածքով Հայաստանի տնտեսությունն ամենաշատն է տուժել ճգնաժամից, Տիգրան Դավթյանը նշեց, որ եթե Հայաստանը համեմատվում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք Ռուսաստանը, Ղազախստանն ու Ադրբեջանն են, ապա դրանք մինչ ճգնաժամն ունեցել են հանքարդյունաբերական արտադրանքի կուտակված մեծ պաշարներ: Հայաստանն այս առումով նրանց հետ չէր կարող համեմատվել եւ այս պարագայում ավելի խոցելի էր: Այդուհանդերձ, Հայաստանը բանկային համակարգի կայունությամբ, սոցիալական ծախսերի եւ պետական աշխատավարձերի պահպանման եւ վճարման առումով առաջ է շատ ու շատ զարգացող տնտեսությամբ երկրներից, իսկ ՀՆԱ 18,5 տոկոս նվազման պայմաններում գրեթե նույնքան էլ ավելացել են աշխատավարձերը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ