«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2009-08-27 | #153, 2009-08-28 | #154, 2009-08-29


ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆ: ՎԵՐԱԴԱՐՁ

Մաս երրորդ

Շարունակում ենք թարգմանաբար ներկայացնել Արթուր Հակոբյանի երուսաղեմյան տպավորությունները: Ստորեւ հատվածներ շարքի երրորդ մասից: Առաջին եւ երկրորդ մասերի համար թերթել «Ազգի» օգոստոսի 20-ի եւ 21-ի համարները:

Ամառային տաք եղանակին Երուսաղեմի հին քաղաքի սալաքարերով պատված նեղ փողոցներով քայլելը վերագտնված երջանկություն կարելի է համարել, որից զրկված ենք Սիդնեյում: Այնտեղ ոտքերը ծառայում են ավտոմեքենան արգելակելուն կամ արագացնելուն: Ես հավատում եմ ընկերներիս, երբ ասում են, որ քաշ են կորցրելՙ թափառելով հին քաղաքում:

Ես մի երկար ցուցակ ունեմ այն մարդկանց, որոնց հույս ունեմ հանդիպելու այստեղ: Նաեւ այն վայրերի, որոնք հիշատակներ են արթնացնում իմ մեջ: Ցանկանում եմ աշխատանքս զուգակցել հաճույքի հետ: Մխիթարական է, որ փոքրամասնություն կազմող համայնքների սյուները դեռ կանգուն են: Անորոշություններն ու մտահոգությունները խոր հետքեր չեն թողել բարեբախտաբար: Բայց կան նաեւ անխուսափելիորեն թորշոմածներ: Երուսաղեմցիները կարծես շտապողականության հորձանուտն են ընկել: Նրանք գիտակցում են, որ ժամանակը չի սպասում, եւ պետք է ձեռք բերել ինչքան կարելի է շատ եւ արագ:

Գեւորգ Հինդլյանըՙ Հայոց պատրիարքարանի նախկին աշխատակիցը, որի գիտելիքները Երուսաղեմի մասին հանրագիտարանային կարելի է համարել, վերջերս է վերադարձել Կանադայից, որտեղ հանդես է եկել բանախոսություններով:

«Ինչքա՞ն ժամանակով ես եկել: Մենք քո կարիքն ունենք այստեղ», ասում է ինձ: Մի ժամանակ մենք միասին ենք աշխատել պատրիարքարանում: Պատասխանս նրան չի գոհացնում, իսկ ես կյանքս չեմ պատկերացնում Սիդնեյում ապրող իմ թոռներից հեռու:

Գեւորգն իր գիտելիքները Սուրբ երկրում հայերի գոյության մասին ամփոփել է 70-էջանոց մի գրքույկում: Ապրում է Սուրբ Հակոբի վանքում, մի քանի մետր այն կողմ Բիր Զեյթի պաղեստինյան համալսարանի դասախոս եւ հասարակական հարաբերությունների բաժնի տնօրեն, դոկտ. Ալբերտ Աղազարյանի տնից: Երկուսն էլ փնտրված մասնագետներ են ինչպես տեղացի, այնպես էլ միջազգային գիտնականների կողմից:

Մյուս երեւելիների թվում է Եղիա Տիգրանյանը, որն արդեն թոշակի է անցել ծխական դպրոցի փոխտնօրենի իր պաշտոնից: Բայց նկարիչ Աբգար Հակոբյանը շարունակում է ստեղծագործել: Սանդրունի եղբայրները կարողացել են իրենց տեղն զբաղեցնել կերամիկայի չափազանց մրցունակ շուկայում, իսկ Բիր Զեյթ համալսարանում գործարարության բաժնի նախկին տնօրեն Սարո Նագգաշյանն իր սեփական խորհրդատվական գրասենյակն է բացել: Նրա ընկերըՙ Րաֆֆի Սաֆիեն, որ պատրիարքարանի տեսալսողական ապարատների պատասխանատուն էր Սարոյի հետ, շարունակում է հորՙ Հաննայի լուսանկարչական գործունեությունը:

Իսկ նրանց երեխանե՞րը: Ճիշտ է, 15 տարի հետո դժվար թե ճանաչեի նրանց, բայց ստացածս պատասխանները մտահոգիչ են: Սրնգահարի քաղցր մեղեդին «հանձնել-տարել» է խիզախություններ մարմնավորող երիտասարդությանը:

«Երկու զավակներս էլ այստեղ չեն: Որդիս ամուսնացավ երուսաղեմցի մի աղջկա հետ եւ տեղափոխվեց Մ. Նահանգներ: Դուստրս նույնպես այնտեղ է աշխատում», պատմում է Տիգրանյանը: Աղազարյանի դուստրը մեկնել է Շվեդիաՙ ամուսնանալու:

«Որդիս ուսանում է Ամերիկայում», ասում է մի երրորդը:

Գործարար դարձած նախկին կավագործ Հակոբ Անդրեասյանն իր զավակներին տվել է մեկնել-չմեկնելու միջեւ ընտրություն կատարելու իրավունքը, բայց ինքն ու կինը «տեղից շարժվելու» նպատակ չունեն:

Հայկական թաղամասի փողոցները խանձվում են արեւի տակ: Բայց լռությունն ամենուրեք զգաստացնող է: Ծիծաղի ձայներ չկան: Չարաճճի երեխաներին ուղղված հանդիմանություններ չեն լսվում: Նույնիսկ երաժշտություն չկա: Թաղամասը նմանվում է սյուրռեալիստական ուրվական մի վայրի: Միայն հիշողություններն են մնացել: Հայերի թիվը Երուսաղեմում 1948-ի արաբ-իսրայելական պատերազմի նախօրեին ավելի քան 15 հազար էր: Այսօր ընդամենըՙ հազար: Քրիստոնյաների ընդհանուր թիվը 12 հազար է, նախկին թվի կեսը: Հակառակ նրանց միջեւ եղած տարբերություններին, քրիստոնեական համայնքները միեւնույն մտահոգություններն ունեն: Հայերն ու հույները երբեմն վիճում են միմյանց հետ որպես օսմանյան ժառանգություն մնացած «կարգավիճակի մեկնաբանման» հարցի շուրջը: Բայց նրանք միասնական են արտաքին վտանգի ներկայության դեպքում :

Միասնականության հանգերգը լսում եմ հույն պատրիարք Թեոֆիլոս III-ից, երբ այցելության եմ գնում նրան:

«Մենք պետք է միավորվենք», շեշտում է նա: Տարբեր եկեղեցիների առաջնորդներ վստահեցնում են ինձ, որ ինչ էլ լինի, նույնիսկ եթե իրենց համապատասխան համայնքներում մի հոգի էլ չմնա, եկեղեցիները կանգուն են մնալու:

«Ամեն ինչ անցողիկ է, եկեղեցինՙ մնայուն», հավաստիացնում է ինձ դոկտ. Ջոն Թլիլըՙ թոշակառու ատամնաբույժն ու հունական համայնքի առաջնորդը: Նա ինձ կարդում է միջհարանվանական հավաքույթի ժամանակ իր բանախոսությունից մի հատված. «Հանգամանքներն ինչպիսին էլ լինեն, մենք ենք լինելու պատմության «երաշխավորները»: Մարդիկ գալիս են, գնում, իսկ մենք մնում ենք: Մենք այժմ մեջտեղում ենք գտնվում, որովհետեւ մեզնից առաջ եղել են եւ էլ կլինենՙ մեզնից հետո: Մենք պարտավոր ենք գիտակցել դա եւ հպարտանալ դրանով: Մենք մեծ առաքելություն ունենք, եւ դա մեր պատասխանատվությունը կրկնապատկում է»: «Պատմաբաններ շատ կան, բայց պատմությունը մեկն է», ավելացնում է նա:

Ոչ քրիստոնյաների հետ հարաբերություններում եկեղեցիները չեն ցանկանում «ալեկոծություններ» առաջացնել: «Մեզ վիճակված է միասին ապրել», նշում է Թլիլը, ով հենց նոր մի հաստ հատոր է հրատարակելՙ «Ես Երուսաղեմն եմ» խորագրով:

Բայց Երուսաղեմը միայն արաբներինը, հրեաներինը, քրիստոնյաներինը կամ մահմեդականներինը չէ: Երուսաղեմն աշխարհինն է, եւ աշխարհը պարտավոր է հոգ տանել, որ հոգեւորականության այդ օրրանը մնա եւ հարատեւի որպես սրբազան վայր: Դոկտ. Թլիլն ինձ ասում է, որ երուսաղեմցին պետք է «լինի մի փոքր ամեն ինչից»ՙ մի քիչ արաբ, մի քիչ հույն, հայ, ուղղափառ, քրիստոնյա, մահմեդական եւ այլն:

Շարունակում եմ քայլել: Անցնում եմ «Հռոմեական Քարդո» կոչված թաղամասով եւ մտնում համեմունքների շուկան ու այնտեղ դեմ առ դեմ գալիս համարյա մոռացված մի ուսուցչապետիՙ Աբու Ահմեդին (իսկական անունը չի ցանկանում նշել), որը գլխի շարժումով բարեւելով ինձՙ հարցնում է. «Վերադարձե՞լ ես»:

«Ո՛չ երկար ժամանակով», պատասխանում եմ:

Գլուխն օրորում է: Մենք զրուցում ենք, եւ ես դասեր եմ քաղում այդ զրույցներից, անմոռանալի դասեր: «Երբ ցավի, դժբախտության կամ դժվարությունների ես հանդիպում կյանքում, դու պետք է մտովի տեղափոխվես բոլորովին այլ մի աշխարհ, որտեղ խաղաղություն է, երջանկություն եւ հանգստություն: Երբ ծանրություն ես զգում սրտիդ վրա, մի գիրք վերցրու, ոտքերդ դիր սեղանի վրա եւ սկսիր կարդալ կամ հեռուստացույցով մի հետաքրքրական ծրագիր դիտիր: Եվ ցավդ կմոռանաս: Եթե դարձյալ հայտնվի (ցավը), սկսիր սկզբից»:

Թարգմանեց Հ. Ծ.

Նկար 1. Հին քաղաքի փողոցներից մեկը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4