Սան-Սեբաստիանի 57 -րդ կինոփառատոնի (սեպտեմբերի 18-26) մրցութային ծրագիրը կբացվի կանադահայ կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանի նոր` «Քլոե» ֆիլմի ցուցադրությամբ: Ժամանակակից կինոարվեստի մեծահամբավ նորարարներից մեկը համարվող էգոյանի այս ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Լայամ Նիսոնը, Ջուլիանա Մուրը եւ Ամանդա Սեյֆրեյդը:
Այս տարի փառատոնի ոսկե մրցանակի համար կպայքարեն ֆրանսիացի երեք ռեժիսորների ֆիլմերը. Կաննի կինոփառատոնի Գրան պրի մրցանակակիր Բրունո Դյումոնը կներկայացնի իր նոր` «Hade-wijch» ֆիլմը: Ֆրանսուա Օզոնը, որը Սան Սեբաստիանի կինոփառատոնի մրցութային ծրագրում վերջին անգամ մասնակցել էր իր «Ավազի տակ» ֆիլմով, այս անգամ կցուցադրի «Փախստականը» ֆիլմը: Իր «La belle personne» ֆիլմի անցած տարվա հաղթանակից հետո Քրիստոֆ Օնորը կցուցադրի իր նոր` «Ծրագրեր Լենայի համար» ֆիլմը:
Գերմանիայից կմասնակցեն Մաթիաս Գլասները` «Դա սեր է» ֆիլմով եւ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկարի» արժանացած Աարոն Շնայդերն` իր առաջին լիամետրաժ ֆիլմով: Թուրքական կինոն կներկայացնի կին կինոբեմադրիչ Փելին Էսմերը, որն իր «Խաղը» դեբյուտից հետո առաջին անգամ կինոփառատոնին կմասնակցի «Տասից տասնմեկ» (Թուրքիա, Ֆրանսիա, Գերմանիա) համատեղ արտադրության ֆիլմով: Իսպանական կինոն կներկայացնի Ֆերնանդա Թրուեբան, արգենտինականը` Խուան Խոսե Կամպանելլան, ավստրալիականը` Աննա Կոկինոսը, կորեականը` Չժոն Սու-իլը, իրանականը` Մոհմադ Ռասուլոֆը, չինականը` Լյու Չուանը:
Փառատոնը կփակվի արդի կինոարվեստի տաղանդավոր դեմքերից Ռոդրիգո Գարսիայի «Մայրը եւ երեխան» ֆիլմի ցուցադրությամբ: