«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2009-08-27 | #153, 2009-08-28 | #154, 2009-08-29


«ՍՓՅՈՒՌՔԸ ԴԵՄ Է, ՈՐ ՀԱԿԱԴԱՐՁՎԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԱՅՑԸ»

Սփյուռք ասելովՙ թուրքական թերթը նկատի է առնում Հայ հեղափոխական դաշնակցությանը

Երեկվա համարում «Հյուրիեթը» այս վերնագրով է անդրադարձել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հուլիսի 28-ի հայտարարության հայկական արձագանքներին: Անդրադարձը կատարել է թուրքական այս թերթի մոսկովյան թղթակից Ներդուն Հաջիօղլուն: Ստորեւ ուշադրության ենք ներկայացնում նրա թղթակցությունը.

«Անցյալ տարի Երեւանում նախագահ Աբդուլլահ Գյուլը նախագահ Սերժ Սարգսյանի հետ դիտել էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, եւ այս հանդիպումով կատարվել էին «բարեկամության» հաստատման համար անհրաժեշտ առաջին քայլերը: Պատասխան խաղը հոկտեմբերի 14-ին Բուրսայում է նշանակված:

Հայկական սփյուռքը հակազդեցությամբ է արձագանքում Թուրքիայի հետ Հայաստանի քաղաքական հարաբերություններին, որոնք ենթադրաբար հաստատվելու են «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով: Գյուլի երեւանյան այցից հետո բոլորի հայացքը պատասխան խաղի համար ուղղվեց դեպի Հայաստան:

Երեւանում այլ կարծիքի են

Մինչ հայ քաղաքական գործիչները պնդում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային հանդիպման համար մեկնի Թուրքիա, աշխարհում հայկական սփյուռքին ներկայացնող Դաշնակցություն կուսակցության ղեկավարները առարկությամբ հակադրվում են դրան, ասելով. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը պետք է ընդունի շուրջ մեկ տարի առաջ սկզբնավորված հաշտեցման ձեռնարկումների ձախողումը եւ հրաժարվի ֆուտբոլային հանդիպման համար Թուրքիա մեկնելու մտադրությունից»: Դաշնակցական կուսակցությունը, համարելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Թուրքիայի հետ ավելի քան մեկ տարի տեւած «սիրաբանության» գլխավոր պատասխանատուն, պաշտոնից նրա հրաժարականի պահանջ ներկայացրեց: Այս կուսակցությունը Թուրքիա-Հայաստան-Շվեյցարիա հայտարարության հրապարակումից հետո դուրս էր եկել կառավարող կոալիցիայի կազմից:

Թուրքերը պատասխան քայլ են պատրաստել

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն ասում է. «Նախագահ Սարգսյանի պատասխան այցի դեպքում Հայաստանը կդրսեւորի կառուցողական մոտեցում: Հետեւաբար Սարգսյանը պետք է մոռանա «Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման» խոսքերը եւ գնա ֆուտբոլային այդ խաղին: Որքան էլ վերջին ամիսներին դանդաղի հաշտեցման գործընթացը, Թուրքիան հավանաբար հակաքայլ արդեն ունի, հետեւաբար վերջակետը պետք չէ, որ Հայաստանը դնի»:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը ավելացնում է. «Թուրքիայի հետ երկխոսության մակարդակը անբավարար է: Եթե այդ պատճառով նախագահ Սարգսյանը հրաժարվի մեկնել, ապա Անկարան կձերբազատվի պատասխանատվությունից: Այդ դեպքում Թուրքիան ի լուր աշխարհի կհայտարարի, որ իրենք արել են հնարավոր ամեն ինչ երկխոսության համար, իսկ հայերը` խափանել»:

Պարտավորություններից խուսափեցին թուրքերը

Դաշնակցության հայաստանյան ներկայացուցիչ (Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու) Կիրո Մանոյանը նշում է. «Եթե Սարգսյանը խոսքի տերն է, ապա հոկտեմբերի 14-ի ֆուտբոլային հանդիպմանը չի գնա: Առնվազն միամտություն կլինի մտածել, որ առաջիկա 1,5 ամսում սահմանը կբացվի: Եթե նույնիսկ Սարգսյանը հրաժարվի այցելել Թուրքիա, միեւնույն է, հետքայլ կատարող կողմը Հայաստանը չի լինելու, որովհետեւ համաձայն Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված «ճանապարհային քարտեզի», սահմանը արդեն բացված պետք է լիներ: Համաձայնությունը խախտել է թուրքական կողմը: Հայաստանի ղեկավարությունը հայտարարելով Թուրքիա չմեկնելու որոշման մասին, միաժամանակ պետք է հայտարարի, որ հարաբերությունների նորմալացման գործընթացը Անկարան է կացնահարել»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4