Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնեցին սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ` շվեյցարական միջնորդությամբ իրականացվող բանակցությունների ընթացքում նախաստորագրված հետեւյալ երկու արձանագրությունների շուրջ. «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»:
Հիշյալ երկու Արձանագրությունները սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ: Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար: Երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանդրական եւ օրենսդրական գործընթացների:
Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը:
Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը հանձն են առնում շարունակել համատեղ ջանքերը Շվեյցարիայի օժանդակությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ