Երեկ ուշ գիշերին, երեք մայրաքաղաքներիցՙ Բեռնից (Շվեյցարիա), Երեւանից եւ Անկարայից միաժամանակ հրապարակվեց մամլո միացյալ հաղորդագրություն, ըստ որի Հայաստանն ու Թուրքիան սկսում են «իրենց ներքին խորհրդակցությունները» դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ «երկկողմանի հարաբերություններ զարգացնելու» շուրջ, հիմք ընդունելով համապատասխան զույգ պրոտոկոլները, որոնք, ինչպես հաղորդագրությունը, հրատարակում ենք նույնությամբ: Առայժմ ձեռնպահ մնալով մեկնաբանություններից, ուզում ենք ընթերցողների ուշադրությունը սեւեռել «ներքին խորհրդակցությունների» համար սահմանված 6 շաբաթյա պայմանաժամի շուրջ, որի ավարտը համապատասխանում է Թուրքիա-Հայաստան հաջորդՙ հոկտեմբերի 14-ի ֆուտբոլային մրցմանը, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր ներկա գտնվել, եթե հարաբերությունների հաստատման եւ սահմանների վերաբացման նախաշեմին գտնվեն երկու երկրները: