«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը.

  Ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության,

  Վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,

  Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ եւ բազմակողմ պարտավորությունները,

  Հաշվի առնելով երկու երկրների միջեւ` ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը նպաստող, հավատի եւ վստահության միջավայր ստեղծելու, ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից զերծ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգման մթնոլորտ ստեղծելու կարեւորությունը,

  Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,

  Կարեւորելով իրենց որոշումը` բացելու ընդհանուր սահմանը,

  Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,

  Դատապարտելով ահաբեկչության, բռնության եւ ծայրահեղականության բոլոր ձեւերը` անկախ դրանց պատճառներից եւ խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց եւ համագործակցել դրանց դեմ պայքարում,

  Հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի, փոխընբռնման, խաղաղության եւ ներդաշնակության խթանման վրա հիմնված հարաբերությունների նոր ձեւեր եւ ուղիներ մշակելու իրենց պատրաստակամությունը,

  Համաձայնեցին հիմնել դիվանագիտական հարաբերություններ սույն Արձանագրության ստորագրման օրվանից` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայի համապատասխան, եւ փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ:

Սույն արձանագրությունը եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միեւնույն օրը` վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

Կատարված է ... ........., հայերեն, թուրքերեն եւ անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով: Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4