Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը.
Ղեկավարվելով նույն օրը ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությամբ,
Նկատի ունենալով վստահության եւ երկկողմ շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները,
Որոշելով զարգացնել եւ խորացնել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, մշակույթի, գիտական, տեխնիկական եւ այլ ոլորտներում` հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա,
Աջակցելով երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Եվրատլանտյան գործընկերության խորհրդում եւ ՍԾՏՀ-ում,
Հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցելու տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ` հանուն տարածաշրջանի ժողովրդավարական եւ տեւական զարգացման ապահովման,
Վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային եւ միջազգային վեճերի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա,
Վերահաստատելով իրենց պատրաստակամությունը ակտիվորեն սատարելու միջազգային հանրության գործողություններին` ընդդեմ տարածաշրջանում եւ աշխարհում անվտանգության եւ կայունության դեմ առկա սպառնալիքների, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցագործությունը, թմրանյութերի եւ զենքի ապօրինի առք ու վաճառքը,
1. Համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում,
2. Համաձայնեցին նաեւ - երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդատվություններ,
- իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար,
- առավելագույնս օգտագործել երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը եւ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,
- զարգացնել երկկողմ իրավապայմանագրային դաշտը` երկու երկրների միջեւ համագործակցությունը խթանելու նպատակով,
- համագործակցել գիտության եւ կրթության ոլորտներում` համապատասխան հաստատությունների միջեւ հարաբերությունների խրախուսման եւ մասնագետների ու ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով, եւ աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման եւ համատեղ մշակութային ծրագրեր իրագործելու նպատակով,
- համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963թ. կոնվենցիայի համաձայն` երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով,
- ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջեւ առեւտուրը, զբոսաշրջությունը եւ տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով,
- երկխոսություն ծավալել եւ ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերում,
3. Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ` սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով: Միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձեւերի մշակման նպատակով, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից 2 ամիս անց, կստեղծվի աշխատանքային խումբ` երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում այդ աշխատաձեւերը կհաստատվեն նախարարական մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձեւերի ընդունումից անմիջապես հետո:
Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ քան մեկ ամիս անց եւ կգործեն շարունակաբար մինչեւ իրենց մանդատի ավարտը:
Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:
Սույն Արձանագրության իրագործման համար երկուստեք համաձայնեցված ժամանակացույցը եւ տարրերը ներկայացված են հավելվածում, որը հանդիսանում է սույն Արձանագրության անբաժան մաս:
Սույն Արձանագրությունը եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ Դիվանագիտական Հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում միեւնույն օրը` վավերացման գործիքների փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:
Ստորագրված է ..............., հայերեն, թուրքերեն եւ անգլերեն հավասարազոր կրկնօրինակներով: Մեկնաբանության տարաձայնության դեպքում գերակայությունը տրվում է անգլերեն տեքստին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Հավելված: Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման Արձանագրության իրագործման ժամանակացույց եւ տարրեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ