Երեկ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը հանդիպեց «Սովորենք հանդուրժողականություն անգլերենի միջոցով» միջազգային ճամբարի մասնակիցների հետՙ տեղեկանալու, թե ի՞նչ տպավորություններով են նրանք վերադարձել եւ ի՞նչ տվեցին այդ ձեւաչափով հանդիպումները: Թուրքիայի Չանակկալե քաղաքում կազմակերպված ամառային ճամբարը, որին մասնակցել են 14-17 տարեկան 15 հայ, 19 թուրք եւ 10 ամերիկացի աշակերներ, իրականացվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Հայաստանցի աշակերտներին ուղեկցում էին 3 ուսուցիչներ, որոնք էլ երկու շաբաթների ընթացքում ճամբարականներին հայերենի ուսուցողական դասեր են տվել: Նման դասեր են վարել նաեւ թուրք եւ ամերիկացի ուսուցիչները: «Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ի կողմից Հայաստանի դպրոցներից ընտրվել են բարձր առաջադիմություն ունեցող աշակերտները ու մեկնել Թուրքիա: Ճամբարի նպատակն էր օգնել աշակերտներին եւ ուսուցիչներին, նպաստել միջմշակութային շփումներին եւ ավելի լավ հասկանալ միմյանց: Այդ իսկ նպատակով աշակերտների համար կազմակերպվել են տարբեր ինտերակտիվ միջոցառումներ, որոնց ընթացքում կիրառվել է ԱՄՆ-ից բերված բազմամշակութային գրականություն: Ինչպես պատմում էին ճամբարական հայ դպրոցականներըՙ ներկայացրել են հայկական մշակույթը, պարերը, ճաշերըՙ ներկայացումների եւ շնորհանդեսի միջոցով: «Ազգը» զրուցեց տղաների հետ ու հարցրեցՙ հե՞շտ էր շփումը թուրք հասակակիցների հետ, նրանք իրար լրացնելով նշեցին, որ առաջին օրը անգամ չէին բարեւում, իսկ հաջորդ օրվանից կարծես մի բան էր եղել, նրանց վերաբերմունքը կտրուկ փոխվել էր, եւ նրանք լավ ընկերներ էին դարձել, ու ցույց էին տալիս իրենց շապիկների վրա թողած թուրք հասակակիցների ստորագրությունները:
«Մենք նրանց կարողացանք փաստերով ապացուցել, ասում էր Դավիթ Պետրոսյանը, թիվ 78 դպրոցից, որ լավաշը, խորովածը, մածունը, թանապուրը եւ շատ ուրիշ ճաշատեսակներ հայկական են: Նաեւ մեր երգերը, պարային շարժումները: Մի խոսքով, սկզբից դժվար էր, բայց հետո նրանք հասկացան, հանդուրժողականություն ցուցաբերեցին, ու մենք դարձանք լավ ընկերներ»: Երեխաները ոգեւորությամբ տիկ. դեսպանին պատմում էին, թե ինչ կարեւոր դեր կարող է խաղալ հանդուրժողականությունը ժողովուրդների միջեւ բարիդրացիական կապեր հաստատելու համար: «Դուք եք ապագա լիդերները ձեր երկրի, ասաց տիկ. Յովանովիչը, եւ ավելի մեծ հանդուրժողականություն ձեւավորելով հասարակության մեջՙ շատ բանի կհասնեք: Այս ճամբարի կարեւորությունն այն էր, որ հայ, ամերիկացի, թուրք երեխաները, միմյանց հետ շփվելով, հնարավորություն ունեցան գիտակցելու, որ իրենց հույսերը, երազանքները, մտահոգությունները, մտավախությունները նույնն են, եւ դա օգնում է, որ առավել հանդուրժող աշխարհ ձեւավորվի: Մենք սատարում ենք հարաբերությունների կարգավորմանն ու սահմանների բացմանը եւ շարունակում ենք հուսալ, որ շուտով շոշափելի արդյունքներ կլինեն: Դա կարեւոր է այստեղ ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների համար, ինչը նրանց համար նոր հնարավորություններ կբացի ոչ միայն տնտեսական, նաեւ քաղաքական առումով», նշեց դեսպանը լրագրողներին ի պատասխան ու բարեկամություն, հանդուրժողականություն խորհրդանշող տորթը կտրեց:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ