«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2009-08-28 | #154, 2009-08-29 | #155, 2009-09-01


ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Երեկ Թբիլիսիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան հայտարարել է, որ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ջալագանիան նշել է, որ հանդիպումը ծրագրվել է երկու կողմերի միջեւ կնքված համաձայնագրով: «Գրուզիա օնլայն» էլեկտրոնային պարբերականի տվյալներովՙ Վաշաձեն կհանդիպի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսված են հանդիպումներ նաեւ Հայաստանի կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Դավիթ Ջալագանիան հավելել է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր:

Հայ-վրացական հարաբերությունները երբեք էլ չեն եղել իդեալական: Ջավախքի խնդիրը, տարանցման բարձր գները, որոնց մասին բազմիցս խոսել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, Թբիլիսիում հայկական եկեղեցիների սրբապղծումից մինչեւ մեկ շաբաթ առաջ Բավրա գյուղում վրացի սահմանապահների գործողությունները եղբայրական հարաբերությունների տպավորություն չեն թողնում: Ցավոք, պաշտոնական հանդիպումների ժամանակ այդ խնդիրների մասին երբեւէ չի խոսվում: Երկու երկրների նախագահները խոսում են միայն ջերմ, եղբայրական հարաբերությունների մասին` բացառելով հակասությունները: Հուսանք, որ գոնե այս անգամ արտգործնախարարների մակարդակով կքննարկվի Բավրա գյուղում կատարվածն ու վրացական կողմից կլսենք հիմնավորված մեկնաբանություններ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4